Սփյուռքի ձայնը

Հայաստանում կարող են նաև դեղեր մշակել. քննարկվում է ներդրումային ծրագիր․ «Սփյուռքի ձայնը»

Հայաստանում այսօր քննարկվում է ներդրումային մի մեծ ծրագիր, առանց մանրամասները բացելու ասում է Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Խոսքը դեղագործության մասին է։ Մասնավորապես ոչ թե դեղերի արտադրության, այլ՝ դեղեր ստեղծելու։ Այս ոլորտը, ըստ նրա, Հայաստանում կաղում է։

Ընդհանրապես, Հայաստանի գործարար միջավայրի համար այսօր թիվ մեկ խոչընդոտը, հատկապես վերջին պատերազմից հետո, բյուրոկրատական քաշքշուկներն են, ասում է Սինանյանը։

Նաև արձանագրում է, որ սխալ էր Սփյուռքի նախարարության լուծարումը։ Նշում է, որ եթե ինքն այդ ժամանակ Հայաստանում լիներ՝ կարող էր համոզել, բացատրել և կանխել նման օպտիմալացումը:

«Կարծում եմ, որ այս ձևով փորձ է արվել խնայողություններ անել, ինչը անիրատեսական է, քանի որ մեր գործունեությամբ մենք արդեն այդ խնայողություններն անում ենք»,- ասում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարը:

Ինչպե՞ս և ինչո՞ւ են բյուրոկրատական քաշքշուկները շարունակում խանգարել սկսվող բիզնեսներին, ինչո՞ւ հանձնակատարի գրասենյակը չի կարգավորում այս հարցը՝ լինելով նույն համակարգային շղթայում:

Զարեհ Սինանյանը նշում է, որ խնդիրն ամենուր է, կառավարությունը չպետք է խանգարի սկզբնակետին, այսինքն՝ թացը չորից տարբերի, գիտակցի ստրատեգիական կարևորությունները։

«Մարդը, որը ցանկություն է հայտնում ներդրումներ անել Հայաստանում, հաճախ մի փաստաթղթի համար երկար ժամանակ է ծախսում, ինչը, իհարկե հիասթափության ու երկիրը փոխելու առիթ է դառնում»,- նշում է Զարեհ Սինանյանը:

Նա նշում է, որ, իհարկե, տարածաշրջանային խնդիրները խանգարող հանգամանքներ են ներդրողների համար, սակայն առաջին և ամենալուրջ հարցը՝ հայաստանյան շուկայի վստահելիությունն ու նրան տարաբնույթ քաշքշուկներից հեռու պահելն է:

Վերջին շրջանում թե սփյուռքահայերը, թե այլազգիները առավել հետաքրքրված են փոխգործակցությամբ։ Սինանյանը նշում է, սակայն, որ մեզ համար կարևոր է սփյուռքահայերի ներկայությունը:

Գլխավոր հանձնակատարը կարևոր մեկ առանձնահատկության մասին էլ է նշում. եթե սփյուռքահայն ուզում է իր հնարավորության սահմաններում, հաճախ առանց շահույթի օգնել հայրենիքին, ապա օտարերկրացիները կգան Հայաստան՝ լավ պայմանների դեպքում միայն։

Back to top button