ԿարևորՀասարակություն

Արշակունյաց պողոտայում ճանապարհային երթևեկության անվտանգության հարցով Երևանի դատախազը դիմել է քաղաքապետին

Երևան քաղաքի դատախազությունում ուսումնասիրվել են մայրաքաղաքի վարչական տարածքում արձանագրված ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները և ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նյութերը:

Վերլուծությամբ պարզվել է, որ 2020թ.-ի ընթացքում մայրաքաղաքում գրանցվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անձանց առողջությանն անզգուշությամբ վնաս պատճառելու 541 դեպք՝ նախորդ տարվա 703 դեպքի դիմաց:

Մահվան ելքով ՃԵԿ խախտման դեպքերը ևս նվազել են՝ կազմելով 59՝ նախորդ տարվա 70-ի դիմաց:   Սակայն ուսումնասիրությունը վկայում է, որ ՃՏՊ-ների և մահվան ելքերով պատահարների նվազման միտումներով հանդերձ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների կատարմանը նպաստող հիմնական գործոններից է հետիոտնային անցումների, գծանշումների անտեսանելիությունը, հետիոտնային կարգավորվող անցումների լուսացույցները տրանսպորտային միջոցների վարորդների տեսադաշտից դուրս գտնվելը, դրանք կանչի ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտով կահավորված չլինելու հանգամանքները, որոնք երբեմն դառնում են առանձին վայրերում ՃՏՊ-ների և մահվան ելքով դեպքերի հաճախակի կրկնության պատճառ: 

Մասնավորապես, 2021թ.-ի փետրվարի 15-ին ժամը 20:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում՝ 272 հասցեի դիմաց, քաղաքացին «Լադա-Պրիորա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով մահացել է: Վարորդը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է:

Դատախազությունում կատարված ուսումնասիրությունը վկայում է, որ 2017-2020թթ.-ին Արշակունյաց պողոտայի 272 և դրան հարակից տարածքներում տեղի է ունեցել 28 վրաերթ, որոնց արդյունքում 19 տուժողի պատճառվել է մարմնական վնասվածք, իսկ 9-ը տուժողի՝ մահ: Ընդ որում, մահվան ելքով վրաերթերից 4-ը տեղի է ունեցել հենց Արշակունյաց պողոտայի 272 հասցեի դիմաց:

Նկատի ունենալով, որ Երևան քաղաքի տարածքում գտնվող ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող հատվածները գտնվում են Երևանի քաղաքապետարանի տնօրինման և կառավարման ներքո՝ Երևանի քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը միջնորդագրով դիմել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, նշված հատվածներում առկա հետիոտնային անցումների գծանշումների անտեսանելիությունը պարբերաբար վերացնելուն զուգահեռ, դրանք կահավորել հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտներով, ինչպես նաև պարզել 2019թ.-ին ՀՀ Ոստիկանության ՃՈ ծառայության պետի կողմից խնդիրը ներկայացվելուց հետո դրա վերացման ուղղությամբ քայլեր չիրականացնելու պատճառները և ձեռնարկել դրանից բխող միջոցներ:

Back to top button