ԿարևորՀասարակություն

Աշխարհը պետք է իմանա՝ հայ գերիներն ապօրինաբար են պահվում Ադրբեջանում․ Թոմաշ Լեխ Բուչեկը Հայաստանում է

Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ լեխ Բուչեկը  և նրա հայազգի փաստաբան Բաբկեն Խանզադյանը Հայաստանում են։  Բազմաթիվ հանդիպումների արդյունքում քննարկում են հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձի հարցը:

Կոնգոյի Դեմոկրատական հանրապետություն, քաղաք Բաքու․ այս հասցեով  գրանցված ֆեյքերից  է լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկը ստացել ամենաշատ սպառնալիքները։  Արցախյան  պատերազմի օրերին Թոմաշ Բուչեկը  ռազմական հանցագործությունների հիմքով՝ Հաագայի դատարանում Ադրբեջանի դեմ հայց ներկայացնելու համար նախաձեռնել էր ստորագրահավաք։ Հայամետ գործունեությունը դադարեցնելու համար Ադրբեջանը Թոմաշ Բուչեկին  գումար էր առաջարկել  ու մերժվել։

«Հայաստան գալուս առաջնային նպատակը Եռաբլուր այցն է։ Ուզում էի հարգանքի տուրք մատուցել այն մարդկանց, որոնք զոհվել են պատերազմում։  Այն, ինչ տեսա Եռաբլուրում, ինձ հիշեցրեց  մեր՝ լեհերիս պատմությունը։ Գերեզմաններ, որոնք լեհ մայրերն էին տեսնում 1921 թվականի զանգվածային սպանությունների ժամանակ»,-ասում է Թոմաշ Բուչեկը։

Թոմաշ Լեխ Բուչեկը և նրա Փաստաբան Բաբկեն Խանզադյանը արդեն հանդիպել են Հայաստանի  վարչապետի աշխատակազմի սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին․

«Մենք քննարկել ենք հայ գերիների  շուտափույթ վերադարձի հարցը։ Ամբողջ աշխարհը պետք է իմանա, որ Ադրբեջանում գտնվող հայ զինվորները անօրինաբար են հայտնվել գերության մեջ»,-նշում է լեհ քաղաքական գործիչը։

«Ռադիոլուր»-ի հետ զրույցում փաստաբանն ասում է, որ Թոմաշն Բուչեկն իրեն դիմել է պատերազմի օրերին, իսկ նրա հայամետ գործունեությունը միջազգային հարթակներում լայն արձագանք է ստացել։

«Նախկինում ես ձեզ փոխանցել եմ արդեն, որ աշխատանքները ընթացքի մեջ են։ Հիմա Հայաստանում ենք, նպատակներից մեկը փաստաբանների մեծ խումբ ձևավորելն է, արդեն հասցրել են տարբեր հանդիպումներ ունենալ։ Ուզում ենք հասկանալ, թե ինչ ճանապարհով կարող ենք հասնել մեր ուզած արդյունքին»,-հայտնեց փաստաբան Բաբկեն Խանզադյանը։

Իրավական տեսանկյունից նպատակահրմար չգտնելով՝ փաստաբանը այլ մանրամասներ չհայտնեց։ Վստահեցրեց՝ ամեն բան անելու են, որպեսզի դատարանը հայցն ընդունի։

Նախքան Հայաստան այցը, «Ռադիոլուր»-ը տեսակապով  Թոմաշ Բուչեկից փորձել էր ճշտել, թե ինչն է իրեն ստիպում այսքան հետաքրքրվել և անհանգստանալ հայերի ճակատագրով։ Թոմաշ Բուչեկը նշել էր, որ իր ուսուցիչը 1915 թվականին փրկվել է հայերի շնորհիվ, հետագայում բազմաթիվ պատմություններ պատմել իրեն հայերի մասին։  Ավելի ուշ Բուչեկն ինքն է առիթ ունեցել գրելու հայերի մասին՝ անդրադառնալով 1988 թ․ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգական դեպքերին։ Օրերս էլ արդեն Հայաստանի Հանրային Ռադիոյի շենքում Թոմաշ Բուչեկը անկեղծանում է։

«Հայերի հանդեպ իմ սերը պայմանավորված է առավելապես մի անձով, որը, կարելի է ասել, իմ մուսան է, սակայն այդ հարցը շատ անձնական է, ես այդ մասին բարձրաձայնել չեմ ուզում»,-ասում է Թոմաշ Բուչեկը։

«Ռադիո շատ եմ սիրում, այստեղ ինձ լավ զգացի»,- ասում է Թոմաշ Բուչեկը և հարցազրույցի ավարտին  խոստանում  շարունակել հայամետ գործունեությունը։ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին պատմող իր գրքի առաջին մասը արդեն լույս է տեսել, ուղարկել է Իլհամ Ալիևին, պատասխան դեռ չի ստացել։ Այժմ հրատարակության է պատրաստում գրքի երկրորդ մասը։

Back to top button