ԿարևորՀասարակություն

Ցույցի երթուղին նույնն էր, մասնակիցներն էին փոխվել

Այն, ինչ այսօր կատարվում էր Երևանի պետական համալսարանում, շատ նման էր 3 տարի առաջ կատարվածին։ Նորից ցուցարարներ էին մտել համալսարան, նորից պահանջում էին, որ ուսանողները միանան օրվա իշխանության հրաժարականի իրենց պահանջին։ 2018թվականին ցուցարարներին առաջնորդում էր Նիկոլ Փաշինայանը, պահանջում էին «մերժել Սերժին»,  այսօր ցուցարարները «Հանուն Հայաստանի փրկության» շարժման ակտիվիստներն էին, պահանջը՝ «առանց Նիկոլ Հայաստան»։

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, որ ցուցարարաներին հորդորում էր չխաթարել դասապրոցեսը, 2018-ին պրոռեկտր էր։

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի դիտարկմամբ՝  այսօրվա ընդդիմությունը որդեգրել է նախորդի մեթոդաբանությունը և փորձում է անել այն քայլերը, որոնք Նիկոլ Փաշինյանը կատարել է թավշյա հեղափոխության ժամանակ։ Ասում է՝ կհասնի հաջողության թե ոչ, կախված է հանրային աջակցությունից․ «Մենք, իհարկե, տեսնում ենք, որ արդյունավետությունը, մեղմ ասած, բավարար չէ  Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխելու համար։ Պատճառները մի քանիսն են, բայց եթե ընդհանուր հանրագումարի բերենք, որպես հիմնական պատճառ՝ պետք է նշենք  հասարակության անվստահությունը նախորդ համակարգի նկատմամբ»։

2020  թվականի նոյեմբերի 9-ին հրադադարի եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո,  նոյեմբերի 20-ին ԵՊՀ–ն  հանդես եկավ հայտարությամբ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այսօր  ռեկտորի պաշտոնակատարը   ևս մեկ անգամ հաստատեց այդ պահանջը։ Ասաց․ «Այո, ես կրկնում եմ իմ նախկին ասած։ Կրկնում եմ այն, ինչ գրված է ԵՊՀ հայտարարության մեջ․ այս իշխանությունը  պետք է հեռանա»։

Կարելի՞ է ասել, որ ուսումնական հասատությունների ներգրավումը քաղաքական գործընթացներում դառնում է օրինաչափ․ քաղաքագետի կարծիքով՝  խնդիրը միայն քաղաքական չէ։ Ասում է՝ իրավական սահմանման և գնահատման հարց կա, պետք է տեսնել, թե ինչ գործողություններ են կազմակերպվում, և որքանով են դրանք հակասում օրենսդրությանը․ «Մեծ հաշվով՝ որքան էլ ուսումնական հաստատությունները զերծ մնան քաղաքականացվելուց, կուսակցականացվելուց, այնուամենայնիվ, բոլորիս պարզ է, որ քաղաքական պրոցեսներում այսպիսի շարժումներում ուսանողությունը դառնում է  գլխավոր հասցեատերերից մեկը»,-մեկնաբանեց Հակոբ Բադալյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button