ԿարևորՀասարակություն

Տիրան Խաչատրյանն ազատվել է ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Տիրան Խաչատրյանին Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասին. Տիրան Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից», — ասված է հրամանագրում։

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում էր ներկայացրել համացանցում հրապարակված հոդվածներից մեկի վերաբերյալ՝ կապված Տիրան Խաչատրյանի հետ։ 

«Yerevan.today կայքում փետրվարի 24-ին հրապարակվել է մի հոդված, որում արծարծվում է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի անունը:

Տվյալ լրատվամիջոցի ներկայացուցչի հետ հեռախոսազրույցի ընթացքում գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանն ասել է, որ չի կարելի նման թեմաներով խոսել և եզրահանգումներ անել, ինչից հետո լրագրողը մեջբերել է գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի գնահատականը, թե իբրև դա հնարավոր է, ինչն էլ առաջացրել է Տիրան Խաչատրյանի ծիծաղը:

Հոդվածում լրագրողն ակնհայտորեն ամբողջապես չի ներկայացրել և, փաստացի, խեղաթյուրել է հեռախոսազրույցի բովանդակությունը` ընթերցողների մոտ առաջացնելով թյուրըմբռնում, ինչը կարելի է որակել որպես տեղեկատվական սադրանք:

Եվս մեկ անգամ հորդորում ենք լրատվամիջոցների ներկայացուցիչներին և քաղաքացիներին զերծ մնալ ռազմական ոլորտին առնչվող նմանաբնույթ խոսակցություններից և քննարկումներից, քանի որ դրանք կարող են էական վնաս հասցնել Զինված ուժերին և մեր երկրի անվտանգությանը»,- ասված է հայտարարությունում: 

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը Արցախյան պատերազմի ժամանակ Ազգային հերոսի կոչմանն է արժանացել։

Ցուցադրել ավելի
Back to top button