ԿարևորՀասարակություն

Սյունիքում մենք անլուծելի խնդիր չունենք. Փաշինյան

Սյունիքում մենք անլուծելի խնդիր չունենք: Այս մասին 1in.am կայքին տված հարցազրույցում ասել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք մենք ունենք անլուծելի խնդիր Սյունիքում կապված սահմանների, բնակավայրերի հետ:

«Կարծում եմ, որ ո՛չ, մենք չունենք անլուծելի խնդիր: Սա չի նշանակում, որ չունենք խնդիրներ: Բայց կարծում եմ, որ Սյունիքում անվտանգային որոշակի երաշխիքների համակարգ գործում է: Պարզ է, որ միջավայրը փոխվել է, և այդ փոխված միջավայրի բերումով արդեն կան որոշակի լարումներ: Բայց համոզված եմ, որ այդ լարումները ժամանակի ընթացքում կմեղմվեն, մանավանդ, որ մտադիր ենք լայնածավալ սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնել Սյունիքում: Եվ ընդհանուր առմամբ, մեր խնդիրն է՝ այսօր Հայաստանի և Արցախի շուրջ հնարավորինս բարենպաստ միջավայր ձևավորել և ձևակերպել: Եվ դա այն ամենօրյա խնդիրն է, որի վրա աշխատում ենք»,-ասաց նա:

Նվեր Մնացականյանի հարցին, թե Սյունիքի կապակցությամբ անհանգստության հետ կապ ո՞ւնի ապաշրջափակման գործընթացը, Փաշինյանն ասաց, որ ցանկացած միջավայրի փոփոխություն անխուսափելիորեն բերում է որոշակի մտահոգությունների և անհանգստությունների:

«Ինչ վերաբերում է կոմունիկացիաների բացման թեմային, կարծում եմ, որ այդ խնդրի կառուցողական և փոխշահավետ լուծումն այն գործոններից է, որը մեր տարածաշրջանին կարող է բերել երկարատև և կայուն խաղաղություն: Եվ բացի երկարատև և կայուն խաղաղությունից, բերել նաև որոշակի տնտեսական օգուտներ, փոխել մեր տարածաշրջանի ու նաև Հայաստանի տնտեսական դիմագիծը, պոտենցիալը, ինչն ամենևին չի նշանակում, որ այդտեղ չկան մարտահրավերներ, որոնք պետք է կառավարվեն: Ընդհանրապես, ամեն ինչն ունի մարտահրավերներ, բայց դարձյալ ռազմավարական ընտրության հարց է: Եվ կարծում եմ, որ կոմունիկացիաները թերևս այն անոթներն են, որոնք մեզ կապում են տարածաշրջանին և տարածաշրջանը կապում են մեզ, տարածաշրջանը կարևոր են դարձնում մեզ համար, և մեզ կարևոր են դարձնում տարածաշրջանի համար: Եվ մենք այս օրակարգը պիտի ձևակերպենք, պիտի հասկանանք միջավայրային այս փոփոխություններից այն սպառնալիքները, որոնք կարող են բխել, մարտահրավերները, և ձևակերպենք այն մեթոդները, որոնցով  պետք է կառավարենք դրանք»,-ասաց նա:

Հարցին, թե ո՞վ է ամենաշահագրգիռ կողմն ապաշրջափակման գործում, Փաշինյանն ասաց, որ շահագրգիռ են տարածաշրջանային բոլոր պետությունները:

«Կարծում եմ՝ եթե հետևենք ինչ է կատարվում տարածաշրջանում, կտեսնենք, որ բոլորն են շահագրգիռ, առանց բացառության՝ բոլորը: Ռուսաստանն է շահագրգիռ, Վրաստանն է շահագրգիռ, Իրանի Իսլամական Հանրապետությունն է շահագրգիռ, Ադրբեջանն է շահագրգիռ, Թուրքիան է շահագրգիռ, Հայաստանի Հանրապետությունն է շահագրգիռ: Այլ բան, որ յուրաքանչյուրի շահագրգռությունը կամ ունի ընդհանրություններ ուրիշների շահագրգռությունների հետ և տարբերություններ ուրիշների շահագրգռությունների հետ»:

Փաշինյանի խոսքով` պետք է հետևողական քննարկումների արդյունքում կարողանան հանգել պատկերացումների տարբերությունների մեղմացման և ընդհանրությունների ընդգծման. «Տեսեք, հունվարի 11-ի հայտարարությունից հետո էականորեն ակտիվացել են աբխազական երկաթուղու վերաբացման մասին քննարկումները, ինչը շատ դրական է, ակտիվացել են Պարսից ծոցը Սև ծովին կապելու երկաթուղային գծի շուրջ քննարկումները, և այս շահագրգռությունները, իհարկե, առավել հետաքրքիր են դարձնում թեման: Կրկին եմ ասում, ինչն ամենևին չի նշանակում, որ այդտեղ չկան մարտահրավերներ: Բայց միևնույն ժամանակ արձանագրենք, որ չի նշանակում, թե այնտեղ չկան շատ կարևոր հնարավորություններ, որոնց նկատմամբ ճիշտ դիրքավորվելը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար»:

Ցուցադրել ավելի
Back to top button