ԿարևորՀասարակություն

Շուրջ 600 անձ պատերազմից հետո հաշմանդամության կարգ է ստացել․ ներդրվում է պրոթեզավորման նոր ընթացակարգ

Պատերազմի հետեւանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց պրոթեզավորումը նոր ընթացակարգով կարվի։ Աջակցող միջոցները, մասնավորապես  պրոթեզները, օրթեզները, քայլակները, սայլակները և մյուս աջակցող միջոցները կտրամադրվեն պետական հավաստագրերի հիման վրա։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը բացատրում է՝ պրոթեզաօրթոպեդիկ սարքերի կարիքների գնահատման, հավաստագրերի տրամադրման նպատակով բազմամասնագիտական խմբերը շրջայցերով տեղում գնահատում են անձի ֆունկցիոնալությունը։ Նաև վեր են հանվում անձի մասնագիտական կարողությունները, ընտանեկան վիճակը՝ հետագայում համալիր ծառայություններ տրամադրելու համար։ Կարիքի գնահատմամբ արձանագրվել է՝

«Պրոթեզավորման անհրաժեշտություն ունի 150 անձ, որոնցից 99–ին բազմամասնագիտական խումբն արդեն այցելել և կարիքի գնահատում է արել»,– նշում է Ստեփանյանը։ 

Մտահոգություններին, թե  արտասահմանում պրոթեզավորումը գուցե առավել արդյունավետ և բարձր որակով կարվի, սոցապփոխնախարարը պատասխանում է․

 «Համադրելով 99 անձի վեր հանված կարիքի տվյալները, այս պահին կարող ենք ասել, որ դրսում պրոթեզավորում իրականացնելու կարիք չի լինի։ Կարող եմ 99 տոկոս վստահությամբ ասել, որովհետև պրոթեզարանների կարողություններն այնպիսին են, որ մենք պատրաստի պրոթեզներ չենք ներմուծում։ Ներմուծվում են մասեր, տարբեր կցորդներ, որոնք վերածվում են մարդու կարիքին համապատասխան պրոթեզի»։  

Պրոթեզավորման գործընթացը ենթադրում է մի քանի փուլ։ Բժշկական գնահատմամբ  տրվում է եզրակացություն, որ տվյալ մարդը պատրաստ է կրել առաջնային կամ, այլ կերպ ասած, բուժամարզական պրոթեզ, որոնք տրամադրվում են մինչև մեկ տարով, մինչեւ մարդը հարմարվի հիմնական պրոթեզ կրելուն։ Այժմ Հայաստանում գործում է չորս պրոթեզարան, որոնք որակավորվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։ Մասնավոր ներդրումներով ևս երկու պրոթեզարան է կառուցվում։ Կարեւոր դրվագ՝ շահառուն ազատ է ընտրել պրոթեզարանը, որտեղ ուզում է ստանալ պրոթեզավորում կամ իր աջակցող միջոցները։

«Ուղղորդում չլինելու համար թողել ենք շահառուի ընտրությանը։ Բնականաբար, շահառուն տեղեկացվում է բոլոր գործող պրոթեզարանների, աջակցող միջոց տրամադրող կազմակերպությունների մասին ու գնում է, կատարում ընտրությունը»,– ասում է Տաթևիկ Ստեփանյանը։

Արցախյան վերջին պատերազմից հետո մինչ օրս հաշմանդամության կարգ տրվել է շուրջ 600 անձի․ ընդ որում՝ առաջին խումբ ստացել է 82 անձ, երկրորդ խումբ՝ 173, երրորդ խումբ՝ 335 անձ։ Կարիքների գնահատում դեռ չի արվել 2 մարզում։

«Այս էտապում դեռ կատարվում է կարիքի գնահատում, մինչև կարիքի գնահատում ամբողջապես չկատարվի, մենք գործողություններ ձեռնարկել չենք կարող»,- հավելում է Ստեփանյանը։

Այն անձինք, որոնք դիմել են կարգ ստանալու համար, սակայն մերժվել են, կարող են օգտվել Պաշտպանության նախարարության հետ համատեղ իրականացվող սոցիալական աջակցության ծրագրից։  Ըստ ծրագրի՝ պատերազմի գործողությունների մասնակից, հաշմանդամություն չունեցող կամ երրորդ խումբ ունեցող անձանց 500 հազարական դրամի աջակցություն է տրվում։ Աջակցող միջոցների տրամադրումը սոցապնախարարության գերակա ուղղություններից է, այժմ աշխատում են հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող պարագաների ցանկն ընդլայնելու ուղղությամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button