ԿարևորՀասարակություն

Կեցության վարձավճարի փոխհատուցում՝ մարզաբնակ և օտարերկրյա ուսանողներին

Ամփոփվել է «Երևանում բարձրագույն կրթության հասանելիություն մարզաբնակ ուսանողներին» դրամաշնորհային մրցույթը. հաղթող է ճանաչվել «Զեյթուն ուսանողական ավան» հիմնադրամը, որը եղել է մրցույթին միակ դիմողը՝ տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

2021 թվականի ՀՀ պետական բյուջեի միջոցներից հատկացված 29 մլն 258 հազար դրամ գումարի շրջանակում մարզաբնակ և օտարերկրյա ուսանողները «Զեյթուն ուսանողական ավանի» հանրակացարանային սենյակներում բնակվելու հնարավորություն կունենան` ստանալով կեցության վճարի փոխհատուցում:

Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ Երևան քաղաքի բուհերում ուսումնառող ՀՀ մարզաբնակ և օտարերկրյա ուսանողներն ու ասպիրանտները (օրդինատորները), ինչպես նաև միջպետական համաձայնագրով բարձրագույն և հետբուհական կրթություն ստացող ուսանողները:

Կեցության վճարի 100% զեղչ տրվում է՝
• միջպետական համաձայնագրերի շրջանակում ուսումնառող ուսանողներին (ըստ միջպետական համաձայնագրերի).
• երկկողմանի ծնողազուրկ ուսանողներին.
• հաշմանդամության առաջին և երկրորդ կարգ ունեցող ուսանողներին:

Կեցության վճարի 50% փոխհատուցում տրվում է՝
• միակողմանի ծնողազուրկ ուսանողներին.
• սոցիալապես անապահով ընտանիքների (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության «30.00» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների ուսանողներին.
• հաշմանդամության երրորդ կարգ ունեցող ուսանողներին.
• ՀՀ զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած (զինվորական գրքույկում համապատասխան նշման առկայությամբ) կամ մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին։

Ծրագրից օգտվել ցանկացող ուսանողների թիվը նախարարության և «Զեյթուն ուսանողական ավանի» միջև կնքված պայմանագրով նախատեսված թվից ավելի լինելու դեպքում առաջնահերթությունը որոշվում է հետևյալ հերթականությամբ՝
• ծրագրից արդեն օգտվող ուսանողներ.
• միջպետական համաձայնագրերի շրջանակում ուսումնառող ուսանողներ.
• ինստիտուցիոնալ հավատարմագրում ունեցող բուհերի ուսանողներ.
• առավել հեռավոր փաստացի բնակության վայր ունեցող ուսանողներ։

Ծրագրից արդեն օգտվող ուսանողներին կարելի է ցանկից հանել հետևյալ դեպքերում՝
• ուսանողը կորցրել է ուսանողի իր կարգավիճակը.
• ուսանողն ունի ավելի քան երեք ամսվա վարձավճարի կամ կոմունալ վճարների կետանց պարտավորություն.
• ուսանողը, կազմակերպության ներքին կարգապահական կանոնների համաձայն, զրկվել է կեցության ծառայություններից.
• ուսանողը հրաժարվել է կազմակերպության ծառայություններից։

Կեցության վարձավճարը «Զեյթուն ուսանողական ավան» հիմնադրամում մեկ ուսանողի համար հաշվարկվում է տարեկան 110 հազար դրամի չափով` չհաշված սենյակի էլեկտրականության վճարը:

Համաձայն դրամաշնորհային մրցույթի պահանջի և ԿԳՄՍ նախարարության հետ կնքված պայմանագրի` մարզաբնակ և օտարերկրյա ուսանողները կարող են դիմել «Զեյթուն ուսանողական ավան» հիմնադրամ` ներկայացնելով ուսումնառության փաստը հավաստող տեղեկանք` տրված բուհի կողմից, ինչպես նաև արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող համապատասխան փաստաթղթեր:

Ցուցադրել ավելի
Back to top button