ԿարևորՀասարակություն

Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսություն է բացվել

Փետրվարի 24-ին Էրբիլում տեղի ունեցավ ՀՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանը, ով ողջունելով հյուրերին, ներկայացրել է դիվանագիտական ներկայացուցչության նպատակները և առաջիկա ծրագրերը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։

Գլխավոր հյուպատոսը նշել է, որ վերջին ամիսների ընթացքում Իրաքյան Քուրդիստանի գործընկերների հետ ակտիվ շփումների շնորհիվ արդեն իսկ ձևավորված է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող օրակարգ և դրա կյանքի կոչման ուղղությամբ ջանքեր գործադրելու պատրաստակամություն է հայտնել:

Իրաքյան Քուրդիստանի կառավարության անունից ողջույնի խոսքով հանդես է եկել արտաքին հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն Սաֆին Դիզայեն: Վերջինս բարձր է գնահատել Հայաստանի իշխանությունների՝ Էրբիլում գլխավոր հյուպատոսություն հիմնելու որոշումը և Իրաքյան Քուրդիստանի կառավարության անունից խոստացել է լիակատար աջակցություն ցուցաբերել հյուպատոսության աշխատանքներին:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը և ԻՔ արտաքին հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն Սաֆին Դիզայեն միասին հյուպատոսության վրա բարձրացրեցին նախօրեին Էրբիլի հայկական եկեղեցում օծված ՀՀ պետական դրոշը:

Ցուցադրել ավելի
Back to top button