ԿարևորՀասարակություն

Ազգային գրադարանի ձգողականության ֆենոմենը, ֆենոմենալ ընթերցողն ու «ընթերցողասեր» գրադարանավարը

Անահիտ Խեչոյանը 1300 գիրք է կարդացել։ Ոչ թե ողջ կյանքի, այլ վերջին մեկ տարվա ընթացքում։ Հայաստանի ազգային գրադարանը հաշվել, հաշվարկել ու առանձնացրել է 2020-ի լավագույն ընթերցողների հնգյակը։ Անահիտն առաջին տեղում է։ Ընտրությունը կատարվել է՝ ըստ կարդացած գրքերի քանակի:

Գրադարանի ընդհանուր ընթերցանության բաժնի պետ Նարինե Գևորգյանը ծանոթացնում է մյուս ակտիվ ընթերցողների հետ ևս։ Ամեն մեկն իր յուրահատկությունն ունի։ Ընթերցողները գրականություն են ուսումնասիրում, գրադարանավարներն էլ՝ երբեմն ընթերցողներին։ Շատերին ճանաչում են անձնապես, հիշում՝ ըստ տարբեր դրվագների։ Երբեմն անհնագստանում՝ մշտական ընթերցողների երկար բացակայությունից։

«Անահիտը կարդացել է ամսագրեր, թերթեր, ավելի շատ հայագիտական և գեղարվեստական գրքեր։ Արամոն ավելի շատ հասարակական-քաղաքական գրքեր է պատվիրել։ Բազմակողմանի զարգացած է, և՛ ճագարաբուծության մասին կարող է կարդալ, զուգահեռ՝ գեղարվեստական գրականություն, հետո կարող ես Արամոյի գրքերի մեջ տեսնել նաև հանրահաշիվ, երկրաչափություն»։

Այս երիտասարդներն իրենք էլ անակնկալի են եկել։ Ամեն օր օրը մի քանի ժամ գրքեր են գրադարանում կարդում են, բայց դրանց թիվը հաշվել երբեք չեն փորձել․

«Իրոք, անհավատալի է, բայց երևի մասնագիտության բերումով է այդպես ստացվել։ Ես բանասեր եմ, մենք շաբաթ շատ նոր հեղինակներ ենք անցնում, կիսամյակի ընթացքում հնարավոր է լինում ամբողջ 20-րդ դար ուսումնասիրել, դրանք պետք է կարդալ, կարդալ, կարդալ։ Դրա համար փորձում ենք այնպես անել, որ գրադարանը 24-ժամյա դառնա»,- նշում է Անահիտ Խեչոյանը։

Սա գրադարանի մշտական այցելուների մշտական ցանկությունն է։ Սպիտակ, բարձր առաստաղ, մեծ ու շատ պատուհաններ, ամենուր սենյակային բույսեր, գրողների արձաններ, պատերին՝ գեղեցիկ նկարներ։ Գրքերից բացի այս ընթերցասրահում ստեղծված էներգետիկան է այցելուներին ստիպում գալ ու չմտածել գնալու մասին։

Մարդկանց գրադարանում պահող մեկ այլ երևույթիմասին նշում է Սպասարկման բաժնի վարիչ Անահիտ Քեհեյանը․ «Գրադարանը նաև մշակութային օջախ է, մշակութային կենտրոն, խաչմերուկ, որտեղ խաչվում են տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ։ Հենց դա է ստեղծում ձգողական դաշտը, նրանք զրուցում են տարբեր թեմաների շուրջ, մտքեր են փոխանակում, նոր տեսակետներ են առաջ գալիս»։

Գրադարանի այցելուները տարբեր են՝ սեռով, տարիքով, մասնագիտությամբ, նաև ազգությամբ։ 16 տարին լրացած մարդուց անձնագիր և երկու լուսանկար է պահանջվում այս բազմազանության մաս կազմելու համար։ Այդքանը՝ իրարից շատ տարբեր, բայց կարդալու ցանկությամբ միավորվող մարդկանց հետ ծանոթանալու հնարավորության և գրադարանի՝ 6 միլիոնը գերազանցող գրքային ֆոնդից օգտվելու համար․

«Ի՞նչն է կարևորը․ ընթերցողը, երբ գիրք է վերցնում, տեսնում ենք, որ կողքինն էլ նկատեց, նա էլ է գալիս դրանից վերցնում, կամ տեսնում է՝ կողքինը բժշկության մասին է կարդում, ընտանիքում խնդիրներ ունի կամ ինչ-որ բան, ինքն էլ է կարդում։ Այսպես աստիճանաբար իրենք իրենց կարծես թելադրում են, թե ինչ կարդալ, ինչի մասին կարդալ»,– պատմում է Անահիտ Քեհեյանը։

Երբեմն ընթերցողը «մեծանում է» գրադարանավարների աչքի առաջ․ և՛ ուղիղ, և՛ փոխաբերական իմաստով։ Տիկին Անահիտն ու տիկին Նարինեն պատմում են՝ ընթերցողներից մեկը վերջերս ներկայացրեց հենց գրադարանի պատերի ներսում ստեղծված իր գրքի արդեն տպագրված տարբերակը։ Այլ պատմություններ ևս կան։

«Ընդունվեց բժշկական համալսարան ու գալիս էր, հետո մի քանի ամիս չեկավ, երբ եկավ հարցրի՝ որտե՞ղ էիք, չէիք գալիս, արդեն աշխատու՞մ եք, ինքն ասեց՝ ձեր շնորհիվ մենք դարձանք․․․ ու թվարկեց, թե ինչերի է հասել գրադարանի շնորհիվ»,- տիկին Նարինեն է պատմում․

«Ամեն ինչ եղել է, միայն թե մենք չենք սիրահարվել Ազգային գրադարանում, դա ամենատխուր փաստն է»,- ասում է Անահիտ Խեչոյանը։

Անահիտը հասցրել է 1300 գիրք կարդալ, հավանաբար դրա համար սիրահարվելու ժամանակ չի ունեցել, բայց Նարինե Գևորգյանը այսպիսի պատմություններ հիշում է․ «Դեպքեր ունենք, երբ ընթերցողները զույգ են կազմել, ընկերություն են արել, ամուսնացել են։ Հիմա էլ շատ էդպես զույգեր ունենք, որոնց համար շատ ուրախացել ենք»։

Անցյալ տարի Ազգային գրադարանից օգտվել է ավելի քան 18.500 ընթերցող։ 2009-ից սկսած՝ գրանցված ընթերցողների թիվը գերազանցում է 40.000–ը։

Ընթերցասրահներում, այդ թվում՝ տեսողական խնդիրներ ունեցողների համար նախատեսվածում հաճախ ազատ տեղ գտնել չի հաջողվում։

Թերևս քաղաքի կենտրոնում գտնվող այս կառույցը, դրա ներսում եղած աուրան, պատմությունները, մարդիկ ու այս թվերն են վկայում՝ Հայաստանում կարդում են, հայերն ունեն մշակութային կենտրոնների կարիք։

Ցուցադրել ավելի
Back to top button