ԿարևորՀասարակություն

1111 նոր շահառու․ պատերազմը բազմապատկել է հիմնադրամի անելիքները

2016 թվականի դեկտեմբերի 15-ին Ազգային ժողովը քննարկում էր  կառավարության ներկայացրած  նախագիծը՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին»։ Ընդդիմության որոշ պատգամավորներ դեմ էին։ Նախագիծն ընդունվեց ու հանրության շրջանում հայտնի դարձավ որպես 1000 դրամների օրենք․ զինծառայողներին և նրանց ընտանիքնրին, որպես առողջության ու կյանքի փոխհատուցում տրվող միջոցները, ըստ այդ օրենքի, գոյանում էին յուրաքանչյուր աշխատող քաղաքացուց գանձվող հազար դրամներից։ Օրենքի հիմքով ստեղծվեց «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը», որի մասին 44-օրյա պատերազմի ընթացքում լսում ու խոսում էինք ամեն օր։

2017 թվականից մինչ օրս հիմնադրամից փոխհատուցում է ստացել 1528 ընտանիք, նրանցից 1111–ը դարձել են հիմնադրամի շահառու 44-օրյա պատերազմից հետո։ Վարուժան Ավետիքյանը, որ ղեկավարում է կառույցը ստեղծման օրվանից, այսօր լրագրողներին ասել է, որ պատերազմը ավելացրել է իրենց ծրագրերի թիվը․   «Վերջին պատերազմի արդյունքներով մենք ունեցանք նաև 2 լուրջ ծրագրեր, դրանք ուղղված են ծանր վիրավորում ստացած զինծառայողներին, ինչպես նաև անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին»։

Սրանք ժամանակավոր՝ 6-ամսյա ծրագրեր են։ Դրանցից օգտվում են պատերազմում  վիրավորված այն զինվորները, որոնց հաշմանդամության կարգ տալու համար ժամանակ է պահանջվում։ Այս ծրագրերով փոխհատուցում է տրվում նաև անհետ կորած զինծառայողների ընտանքիներին։ Վարուժան Ավետիքյանը բացատրում է․

«Անհետ կորածը կարգավիճակ է, որը պետք է հաստատվի դատարանով։ Սա ենթադրում է որոշակի ժամանակահատված՝ դատարան դիմելու, վճիռը ստանալու համար, ինչը կարող է տևել մի քանի ամիս։ Այս դեպքի համար էլ 6 ամսով այդ ծրագիրն իրականացնում ենք»։

Այս պահին հիմնադրամ դիմել է 803 անհետ կորած զինծառայողի և ծանր վիրավորում ստացածների՝ 55 ընտանիք։ Թվերը, Վարուժան Ավետիքյանի խոսքով, ամեն օր փոփոխվում են։

Հիմնադրամը շահառուներին մինչ օրս փոխհատուցել է ավելի քան 14 միլիարդ դրամ, 12 միլիարդը՝ միայն վերջին պատերազմից հետո։

Գումարները հավաքագրվում են նաև նվիրաբերությունների միջոցով։ Ավելի քան 60 երկրներից ստացվել է 9 մլրդ դրամ նվիրաբերություն։ Հիմնադրամի նախագահը մանրամասնեց․ «Սեպտեմբերի 27–ից հետո ստացել ենք 7.5 մլրդ նվիրաբերություն թե՛ Հայաստանից, թե՛ աշխարհի տարբեր երկրներից։ Հիմնադրամի «կյանքի» ընթացում ստացած նվիրաբերությունների շուրջ 80 տոկոսը ստացել ենք վերջին պատերազմից հետո»։

Վարուժան Ավետիքյանն ասում է՝ փնտրում են նվիրաբերությունների ծավալն ավելացնելու տարբերակներ։ Օրինակ՝ փորձում են գտնել սփյուռքում բնակվող 100 հայրենակցի՝ հստակ նպատակով․ «Ունենք մի նվիրատու, որը մեզ խոստացել է 100.000 դոլար նվիրաբերել, բայց պայման է դրել մեր առջև, որ մենք պետք է սփյուռքում բնակվող մեր 100 հայրենակիցներից հավաքենք 500.000 դոլար»։

Հիմնադրամի դրամական մուտքերն ավելացնող նախաձեռնությամբ է հանդես եկել նաև կառավարությունը՝ 2020 թվականի ավարտին փոփոխություն առաջարկելով օրենքում: Փոփոխվել է նախապես սահմանված գանձվող գումարի չափը՝ 1000 դրամը ավելացել է ու դարձել 1500-15000դրամ՝ ըստ եկամտի չափի։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ դիմելու սահմանված ժամկետ չկա։ Ցանկացած դիմումատու կստանա փոխհատուցում, եթե դեպքը տեղի է ունեցել 2017 թվականի հունվարի 1-ից հետո։ Վարուժան Ավետիքյանի խոսքով՝ հիմնադրամը պարտավորվում է փոխհատուցումն իրականացնել միանվագ կամ երկարաժամկետ՝ 20 տարի ժամկետով։

Ցուցադրել ավելի
Back to top button