ԿարևորՀասարակություն

Մեզ նոր բանակ է պետք, ավելի ժամանակակից․ Վովա Վարդանով

Մեզ պետք է նոր բանակ` ասում է «Ողջ մնալու արվեստը» կազմակերպության ղեկավար, «ՈՄԱ» գումարտակի հրամանատար Վովա Վարդանովը:

«Աշխարհը առաջ է գնացել, իսկ մեր բանակը շատ հին է։ Մեզ պետք է նոր բանակ՝  նոր կառուցվածքով ու մտածողությամբ», — ասում է Վարդանովն ու ընդգծում, որ ամենևին էլ նկատի չունի անօդաչուներն ու ռոբոտները։

Արցախյան երկրորդ պատերազմը լուրջ հարված հասցրեց հայկական բանակին՝ ոչ միայն մարդկային ու նյութական կորուստների առումով, այլև բարոյահոգեբանական։

Ի՞նչ սովորեցրեց մեզ արցախյան երկրորդ  պատերազմը, ինչպիսի՞ն պետք է լինի և ի՞նչ սրբագրումների կարիք ունի ապագայի հայկական բանակը։

«Մենք պետք է հասկանանք, որ աշխարհն առաջ է գնացել, հակառակորդը զարգացրել է իր զինված ուժերը, ու ես ամենևին էլ նկատի չունեմ միայն անօդաչուներն ու ռոբոտները։  Այնպես չէ, որ մենք լավ մասնագետներ չունեինք, կամ չէին հասկանում այդ սարքերի կարևորությունը։ Եթե բավարար չափով դրանցից ունենայինք, գուցե ավելի արդյունավետ օգտագործեին, քան հակառակորդը։ Խնդիրն այն է, որ  մեր բանակը հին է իր կառուցվածքով», — ասում է Վովա Վարդանովը:

Նրա կարծիքով՝ վաշտի ձևաչափը, որն «արտատպվել է» խորհրդային բանակից, Հայաստանում  արդյունավետ չի գործում, հետևաբար, բանակն ավելի ճկուն դարձնելու կարիք կա։

«Երբ փոքր ստորաբաժանումն ունենում է իր համապատասխան ամեն ինչը, ինքնուրույն է կանխում հակառակորդի առաջխաղացումը, այնքան ժամանակ, մինչև մյուս ստորաբաժանումներն ու զորամիավորումները կհասնեն օգնության ։ Կա «բրիգադային սիստեմ» հասկացողությունը։ Բրիգադը շատ հաճախ գնդից տաբերվում է նրանով, որ նրա  մեջ մտնում են առանձին գումարտակներ, առանձին վաշտեր։ Իսկ  առանձին վաշտն ու գումարտակը առանձին գործելու հնարավորություն ունեն, դրանք կարող են ինքնուրույն  կռվել  և ընդհանուր բանակից առանձնանալու դեպքում խուճապի չմատնվել»,- նշում է «ՈՄԱ» գումարտակի հրամանատարը:

Վարդանովը կարծում է, որ մեր անհաջողությունների մի մասը պայմանավորված էր նրանով, որ մեծ զորամիավորման հրամանատարները տեսնում էին, որ աջից, ձախից մերոնք չկան։ Նման դեպքում, ըստ նրա, հրամանատարը պետք է ինքնուրույն գործի, «իսկ մեր հրամանատարները ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորություն չունեն»։

«Չեմ ասի, թե մեր բանակը ջարդված, փշրված է, բայց, այնուամենայնիվ, լուրջ հարված է ստացել, որի արդյունքում  մի շարք ինստիտուտներ ապացուցել են իրենց ոչ գործնական լինելը։ Ժամանակն է բանակը ոչ թե վերակառուցելու, այլև նորը կառուցելու»,- ասում է Վովա Վարդանովը։

Back to top button