Սփյուռքի ձայնը

Թուրքերը՝ ՆԱՏՕ-ում կամ հայուհու հուշերը ՆԱՏՕ-ի և ԵԽ կուլիսներից․ «Սփյուռքի ձայնը»

Շուտով ողջ գերդաստանին կտեղավորես այստեղ աշխատանքի, Բելգիայում բնակվող Սիլվա Ազարյանին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում այսպես դիմավորեցին թուրք աշխատակիցները ու հետն էլ` հայհոյեցին։

Սիլվան նրանց արձագանքեց իրենց իսկ մայրենի լեզվով։ Բայց չէր կարող թողնել այդ վիրավորանքն առանց պատասխանի։ Դիմեց կառույցի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։ Արձագանքը չուշացավ։ Նրան վիրավորողներն ազատվեցին աշխատանքից։

Սիլվա Ազարյանի հետ զրույցում խոսում ենք ՆԱՏՕ-ում եւ Եվրախորհրդարանում նրա աշխատանքի, այս կազմակերպությունում հայամետ դիրքորոշում ունեցող պաշտոնյաների մասին։

ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում աշխատել է մեկ տարի` 2011 թվականին։ Հիշում է, որ գլխավոր քարտուղարը հաճախ էր հանդիպում իր հետ՝ հարցուփորձ անում Հայաստանի և հայերի մասին, ասում, որ ուզում է գոնե մեկ անգամ լինել Հայաստանում:

Ցավով նշում էր, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը ՝ սեփական մեղքերից ազատվելու համար ու այստեղ Սիլվան մեջբերում է Ստոլտենբերգի խոսքերը. «ՆԱՏՕ-ն չի կարող պարտադրել Թուրքիային ՝ այս հարցում որոշում կայացնելիս»:

Սիլվա Ազարյանը ՆԱՏՕ- ի կենտրոնակայանի միակ հայ աշխատակիցն էր, հետո տեղափոխվեց Եվրախորհրդարանի աշխատակազմ։ Կառույց, որտեղ ԵՄ երկրների ընտրված ներկայացուցիչներն են:

«Եվրախորհրդարանն ունի 25 սրահ, որտեղ անցկացվող միջոցառումների կազմակերպմամբ էինք զբաղվում»,- նշում է Սիլվան: Աշխատանքի ընթացքում հաճախ է հանդիպումներ ունեցել պետությունների ղեկավարների հետ: Շատ պարզ ու հասարակ մարդիկ են եվրոպական երկրների ղեկավարները, ասում է։

Եվրախորհրդարանի հայ աշխատակցուհին հիշում է հատկապես հույներին ու ֆրանսիացիներին, որոնք արցախյան վերջին պատերազմից հետո իրենց ձայնը բարձրացրին ու Եվրոպային Հայաստանին ու Արցախին աջակցելու կոչեր արեցին։

Սիլվա Ազարյանը նշում է, որ Եվրախորհրդարանի պատգամավորների վրա մեծ ազդեցություն են ունեցել Եվրոպայի տարբեր երկրներում ապրող հայերը, որոնք անհրաժեշտության դեպքում մեկտեղվում են Եվրախորհրդարանի շենքի մոտ:

«Անգլիացիների հետ շփումներ հիմնականում չէինք ունենում, որովհետև սառը ժողովուրդ են: Հույների և ֆրանսիացիների հետ զրույցներն ու հանդիպումները հաճախ էին լինում: Այսօր էլ, երբ Արցախի կարգավիճակի հարցն է դրված՝ հանդիպումներ ենք ունենում և Եվրախորհրդարանի պատգամավորների հետ, և այլ եվրոպացի պաշտոնյաների հետ»,- ասում է բելգիաբնակ մեր հայրենակցուհին:

Սիլվա Ազարյանը ծնվել է Գանձակում, ավարտել է Երևանի թիվ 62 դպրոցը, կրթությունը շարունակել է Ուզբեկստանում: Ավարտել է Սամարղանդի համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետը: Հետո մեկնել է Մոսկվա՝ գիտական թեզ պաշտպանելու:

Վերադառնալով Հայաստան՝ աշխատանքի է անցել օդանավակայանի միջազգային բաժնում: 1985-98 թթ.-ին օդանավակայանում աշխատելուց հետո առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել է Բելգիա:

Տիրապետում է 9 լեզվի։ Սիլվա Ազարյանը նաեւ Հայաստանին նվիրված բանաստեղծությունների հեղինակ է:

Back to top button