ԿարևորՀասարակություն

Աջակցության 2 տասնյակ ծրագիր՝ արցախցիների համար

Ընդհանուր առմամբ՝ առկա ծրագրերով մոտ 25 մլրդ դրամի ֆինանսավորում արդեն ունենք․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն է ներկայացրել։ Առաքելյանի արցախցի գործընկեր Մանե Թանդիլյանը ծրագրերի ուշագրավ մանրամասներն է պատմել «Ռադիոլուրին»․ արագ հավաքվող կացարաններից, փայտե տներից մինչև գյուղական առանձնատների ամրացում և կառուցում:

Լիլիթ Բաբախյանն իր հայրենի Ավետարանոց գյուղի մասին խոսում է միայն ներկա ժամանակով, չնայած այնտեղ այս պահին ադրբեջանական դրոշն է։ Ավետարանոցի  ռմբակոծումը սկսվեց  սեպտեմբերի  28–ին,  դուրս եկան տնից՝ վստահ, որ վերադառնալու են։ Կվերադառնան, բայց Արցախում արդեն այլ բնակավայր կունենան։

Շատերի պես Լիլիթի ընտանիքն էլ է տեղեկացել՝ Արցախն սկսել է բնակեցման փուլային ծրագիր։ «Ռադիոլուրի» հետ զրույցում Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյան ընդգծում է՝ եթե ֆինանսական միջոցներով սոցիալական ճգնաժամային խնդիրները լուծված են, ապա բնակեցման հարցը դեռ մնում է խնդիր։ Արցախը կարևորում է գյուղական վայրերում մարդկանց բնակեցումը և վերաբնակեցումը։               

«Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի, Շուշիի՝ հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքների կիսակառույց, ոչ բարվոք վիճակում գտնվող տները կվերանորոգվեն, կկահավորվեն և գյուղատնտեսական միջոցների հետ կհատկացվեն մարդկանց։ Գյուղերում բնակվելու 300-ից ավելի դիմում է արդեն ստացվել, մի շարք ընտանիքներ բնակեցվել են»։

Սոցիալական աջակցության առանձին լուծում է նախատեսվում շուրջ 35 հազար արցախցու՝ բոլոր նրանց համար, ում տունը, բնակության վայրն Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներում է։ Այստեղ հաշվարկն ընտանիքի ամեն անձի հաշվով է, յուրաքանչյուրին՝ 300 հազար դրամի չափով։

Թանդիլյանի խոսքով՝ որոշ տեխնիկական խնդիրներ են եղել շուրջ 100 հազար քաղաքացու ֆինանսական աջակցություն տրամադրելիս՝ անձնագրերի տվյալների ստացման պատճառով, բայց դրանք ճշգրտվել են։ 

250 հազար դրամ աջակցություն է նախատեսվում շուրջ 5 հազար քաղաքացու, որոնց բնակության վայրն Արցախի տարածքում է սակայն ավերվածության, խիստ սահմանամերձ լինելու կամ այլ պատճառով այս փուլում հնարավոր չէ բնակեցնել։ 

Չեն մոռացել նաև աևցախիցներին հյուրընկած ընտանիքների մասին։

ԱՀ աշխատանքի, սոցիալական ու միգրացիայի նախարար Մանե Թանդիլյանը մանրամասնում է․  «Նաև իրականացրել ենք «Հյուրընկալիր» ծրագիրը, որով Արցախում հյուրընկալած ընտանիքներին տրամադրել ենք 45 հազար դրամ, Հայաստանում հյուրընկած ընտանիքներին տրամադրվում է 30 հազար դրամ»։  

Արցախում կառուցվում են նաև նոր բնակարաններ, օրակարգում  նաև ժամանակավոր՝ արագ հավաքվող կացարաններն են։Կառավարությունը  փորձնական ծրագրով փայտե կոնստրուկցիաներով տներ է  կառուցում։ Առաջին բնակարանները շուտով ավարտական տեսք կստանան, այժմ ներքին հարդարման աշխատանքներն են արվում։

Մասնագիտացված 5 հոգանոց խումբը 1 ամսում կարող է 3 սենյականոց տունը կառուցել և հանձնել շահագործման։ Կախված պատվերների ծավալից՝ գինը տատանվում է 1 քմ/200-300 ԱՄՆ դոլարի սահմաններում։ Տան ամրությունը երաշխավորում են 70 տարի:

Հայաստանի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, ամփոփելով մինչ այժմ արցախցիների համար իրականացված օժանդակության ծրագրերը, ընդգծում է՝  հաստատվել է սոցաջակցության 20 միջոցառում։

Դրանց մի մասը դեռ ընթացքի մեջ է՝ տեղեկացնում է նախարարը․ 

«Ընդհանուր առմամբ՝ այդ բոլոր միջոցառումների շրջանակում ուղիղ ֆինանսավորումը 21.5 մլրդ դրամի չափով է: Այսինքն՝ այդքան գումար արդեն փաստացի տրամադրվել է արցախցիները: Ընթացքի մեջ գտնվող ծրագրերով, որոնք մոտ ժամանակներս կավարտվեն, մինչև 3 մլրդ դրամի բյուջե ունենք, որոնք շահառուները պետք է ստանան: Այսինքն՝ ընդհանուր առմմբ առկա ծրագրերով մոտ 25 մլրդ դրամի ֆինանսավորում արդեն ունենք»։

Կառավարության հաստատած աջակցության հերթական ծրագրով  Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին 4 ամիս ժամկետով կհատկացվի ամսական դրամական օգնություն։ Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից գումարը կարելի է ստանալ օոliոe.ssa.am կայքէջի միջոցով՝ փետրվարի 25-ից մինչև հունիսի 15-ը օնլայն դիմում ներկայացնելով։

Back to top button