ԿարևորՔաղաքական

Երբ կդրվի հակամարտության «վերջակետը»․ դռնփակ հանդիպում ԱԺ-ում

Այսօր ԱԺ–ում  դռնփակ հանդիպում է տեղի ունեցել պատգամավորների և Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի միջև։ Նախարարը  խորհրդարան է գնացել տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հրավերով։ Քննարկվել են  հետպատերազմական իրավիճակն ու դրա քաղաքական,   տնտեսական հետևանքները։ Միայն քաղաքական բանակցված կարգավորումը կարող է համարվել հակամարտության լուծում՝ խորհրդարանում հայտարարել է արտգործնախարարը։

Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների վերջին փոխանակումը տեղի է ունեցել 13 օր առաջ՝ փետրվարի 10–ին, «5–ը՝ 1-ի դիմաց» ձևաչափով։ Դրանից հետո գործընթացն ակնհայտորեն դանդաղել է։ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած  տարածքներում արդեն  մեկ շաբաթ փրկարարա–որոնողական աշխատանքներ չեն իրականացվում ։ Հարուցած արգելքներն ադրբեջանական կողմը պատճառաբանում  է եղանակային վատ պայմաններով։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հորդորում է համբերությամբ զինվել և լավատես լինել։ 24–ժամյա ռեժիմով ամեն ինչ արվում է՝ վստահեցնում է։

«Եթե նկատել եք, միջազգային ճնշումը հետզհետե աճում է։ Գերիների հայրենադարձության արհեստական խոչընդոտներ ստեղծելու՝ Ադրբեջանի քաղաքականությունը, պատանդառությունը կամաց–կամաց դառնում է գլխացավանք Ադրբեջանի համար։ Մենք լիահույս ենք, որ Ադրբեջանը կհրաժարվի պատանդառության այդ քաղաքականությունից և անհապաղ դրական լուծում կտա հումանիտար այս կարևորագույն հարցին»։

Հայաստանից պարբերաբար հիշեցնում են՝ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության տակ բացի Հայաստանի և Ադրբեջանի  ղեկավարների ստորագրություններից, նաև Ռուսաստանի ղեկավարի ստորագրությունն է։ Այդուհանդերձ,  հայտարարության՝ հատկապես գերիների վերադարձին վերաբերող 8-րդ կետը չի կատարվում։ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր հայտարարել է՝ ռուսական կողմը կուզեր  ավելի արագ գործընթաց տեսնել՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով։

Համառ աշխատանք է, որը նաև Մոսկվայում է իրականացվում անդադար՝ ասել է դեսպանն ու ընդգծել այդ աշխատանքին ՌԴ բարձրագույն ղեկավարության մասնակցությունը։

«44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում տեղի է ունենում թե տարածաշրջանային, թե խոշոր դերակատարների ուժերի և ազդեցությունների վերադասավորում: Գործընթացը դեռևս ամբողջությամբ չի բյուրեղացել, և վաղ է գնահատել հաստատվող իրողությունները և մարտահրավերները»․  ԱԺ–ում այսօր ասել է արտգործնախարար Արա Այվազյանը՝ շեշտելով ՌԴ առանցքային դերակատարման փաստը։  

Հայաստանում Ռուսաստանի դեսպանը նույնպես խոսում է ակտիվ աշխատանքի մասին՝ շեշտելով ռազմական բաղադրիչը։ Պատերազմից հետո Ռուսաստանն աջակցում է Հայաստանի Զինված ուժերի վերանայման ու արդիականացման աշխատանքներին ՝ ասում է։

Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև ինտենսիվ շփումները շարունակվում են նաև այլ ուղղություններով, մասնավորապես՝ ռուսական ռազմաբազայի զինծառայողների թվի ավելացման։ Կոպիրկինը չի շտապում հրապարակայնացնել այս հարցերը, ասում է՝ համապատասխան տեղեկությունները կտրամադրվեն, երբ ժամանակը գա։

Հայաստանում Ռուսաստանի դեսպանը չի բացառում ԵԱՀԿ ՄԽ–ի համանախագահների առաջիկա հնարավոր այցը տարածաշրջան։ Նույն ձևաչափում երկրների ղեկավարների հավանական հանդիպման մասին որևէ տեղեկություն չունի։ Ի տարբերություն Ադրբեջանի և Թուրքիայի, որոնց ղեկավարները պարբերաբար հայտարարում են հակամարտությունը լուծելու մասին, պաշտոնական Երևանն այլ շեշտադրումներ է անում։

«Թուրքիայի աջակցությամբ և անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ուժի կիրառման հետևանքները և Արցախի տարածքների մի մասի զավթումը չեն կարող համարվել հակամարտության կարգավորում։ Միայն քաղաքական բանակցված կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները և կորոշի Արցախի վերջնական կարգավիճակը, կարող է համարվել հակամարտության վերջակետը։ Սակայն նախ և առաջ պետք է ձևավորվի խաղաղությանը նպաստող միջավայր, իսկ դրա նախադրյալները ադրբեջանական կողմից դեռևս նկատելի չեն», — ասել է Արա Այվազյանը։

Ադրբեջանական կողմն  ապակառուցողական մոտեցում է ունեցել բանակցային ողջ ընթացքում՝ ասում է արտգործնախարարը՝ պատասխանելով  հարցին, թե  2018-ին հակամարտության լուծման ինչ քաղաքական տարբերակներ են եղել։

«Տարբեր շրջաններում եղել են հույսի ժամանակաշրջաններ, երբ բոլորիս և համանախագահներին թվացել է, որ կողմերը շատ մոտ են համաձայնության գալուն և բանակցային եղանակով հարցը լուծելուն։ Մեղքը, կարծում եմ, ոչ համանախագահներինն է, ոչ էլ Հայաստանինը։ Կարող ենք վկայակոչել Կազանի գործընթացը․ վերջին պահին Ադրբեջանն է հանդես եկել նոր նախապայմաններով, ինչը փաստում  է, որ Ադրբեջանը պատրաստ չէր խաղաղ եղանակով լուծել հարցը»։  

Արտգործնախարար Արա Այվազյանը չի կիսում իր ղեկավարած գերատեսչության վատ աշխատանքի մասին գնահատականը։ Հերքում է նաև հնարավոր մոտալուտ հրաժարականի մասին լուրերը և պնդում՝ շարունակում է ակտիվ աշխատել։  

Ցուցադրել ավելի
Back to top button