ԿարևորՀասարակություն

Աստղագիտության խնդիրներն աստղերի պես շատ են․ սուղ ֆինանսավորմամբ, բայց լավագույնների թվում

Հայաստանում աստղագիտությունը լուրջ մարտահրավերի առաջ է կանգնած․ մարտահրավերը երիտասարդ կադրերի՝ ոլորտով հետաքրքրված չլինելն է։ Սրա հիմքում այն խնդիրն է, որ ոլորտը երիտասարդներին եկամտաբեր հեռանկար չի խոստանում։ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանին մտահոգված է պետական աջակցությունը խիստ անբավարար է գիտական լուրջ արդյունքներ գրանցելու համար։ Նորագույն սարքերը դեռ մնում են ցանկություն։

«Նույնիսկ այս ցածր ֆինանսավորման պայմաններում աստղագետների մարդկային գործոնի շնորհիվ մենք շարունակում ենք աշխատել»,– ասում է Արեգ Միքայելյանը։

Չնայած արմատացած լուրջ խնդիրներին ու մտահոգություններին ՝ գիտնականը փաստում է՝ Հայաստանն աստղագիտություն ոլորտում այսօր դանդաղ, բայց աճ է գրանցում․ ավելին՝ աստղագետների քանակով աշխարհում 50-րդն է։

«Միևնույն է՝ աստղագիտության ոլորտում մենք լավագույններից ենք․ 30-րդ կամ 40-րդ տեղը շատ բարձր է․ ես հիմա կարող եմ թվարկել 30 գերհզոր պետություն, որ, պարզ է, մեզ հետ մրցակցությունից դուրս են, բայց դրանց միանգամից հաջորդում է Հայաստանը»։

Հայաստանի երբեմնի ամենակայացած ոլորտը պատշաճ ուշադրությունից դուրս է՝ ասում է Արեգ Միքայելյանը և նկատում պարադոքսը․

«Ինչքան մտածում, համեմատում ես՝ միևնույն է՝ հայի մտածելակերպը, ճկունությունն առաջին տեղում են աշխարհում։ Գիտաշխատողների ակտիվությունը, նախաձեռնությունները չեն զիջում նույնիսկ միջազգային մակարդակի ամենաակտիվ գիտնականներին»։

Վերջին տարիներին գիտական ոլորտի, Բյուրականի աստղադիտարանում ստուգումների շուրջ խոսակցություններն ու պետական վերաբերմունքը գիտական հիմնարկի նկատմամբ գիտնականի համար անընդունելի են։ Կարծում է, որ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում գուցե հիասթափված են, որ ստուգումների արդյունքում չեն կարողացել չարաշահումներ ու խախտումներ հայտնաբերել և որ փաստերի բացակայության հիմքով քրեական գործը կարճվել է։ Խոսքը Բյուրականի աստղադիտարանում 2016-2019թթ. և 2020թ ֆինանսաբյուջետային ստուգումից հետո ենթադրյալ տարաբնույթ խախտումների հիմքով հարուցված քրեական գործի մասին է, որի մասին մամուլում շարունակվող հրապարակումները Միքայելյանը պարզապես բամբասանք է որակում։

«Քրեական գործն արդեն կարճվել է՝ փաստերի բացակայության հիմքով, բայց դրանից հետո էլի շարունակում են այդ մասին հրապարակումներ անել»,-ասում է Բյուրականի աստղադիտարանի տնօրենը։

Գիտնականը վերապահում ունի նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի մասով․ նրան մտահոգում է, որ ԳԱԱ ինստիտուտները նախատեսվում է դուրս բերել ԳԱԱ կազմից և դարձնել անմիջական ենթակայության կառույց։

«2000-ականների սկզբից ԳԱԱ-ն համարվում էր կառավարության խորհրդատուն և միավորում էր 33 գիտական կենտրոն, միասնական ուժ էր ներկայացնում իրենից։ Կառավարությունն անմիջականորեն չէր կարող միջամտել դրանց աշխատանքին։ Իսկ նոր օրենքի նախագծի հիմնական նպատակը այն է, որ անմիջական հսկողության տակ պահեն ցանկացած ինստիտուտ»,-պարզաբանում է Արեգ Միքայելյանը։

Չնայած խնդիրներին՝ Բյուրականի աստղադիտարանում լավատես են․ տարին հոբելյանական է․ 2021 թվականին նշվելու են աստղագետ Վահե Օսկանյանի 100-ամյակը և աստղադիտակների կոնստրուկտոր Բագրատ Իոնիսյանի 110-ամյակը: Իսկ աստղադիտարանի 75-ամյակի կապակցությամբ  գիրք կհրատարակվի  աստղադիտարանի պատմության և նվաճումների մասին:

Ցուցադրել ավելի
Back to top button