ԿարևորՀասարակություն

Ադրբեջանը գերիների խնդիրը փորձում է դարձնել սակարկման առարկա. վարչապետ

«Ցավոք սրտի, Ադրբեջանը փորձում է գերիների խնդիրը դարձնել նաև սակարկման առարկա, ինչը տեղին չէ մի պարզ փաստի բերումով, որ նոյեմբերի 9-ի հայտարարությա մեջ հստակ արձանագրված է գերիների, պատանդների և այլ պահվող անձանց հստակ պարտավորության մասին, «բոլորը բոլորի դիմաց սկզբունքով:

Խծաբերդի միջադեպի հետևանքով գերեվարված մեր զինվորների հետ կապված՝ ամենատարբեր մեկնաբանություններ են արվում՝ նրանք ռազմագերի են-ռազմագերի չեն, այս մեկնաբանությունները տեղին չեն, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչ միայն ռազմագերիների, այլ նաև գերիների, պատանդների և այլ պահվող անձանց մասին է»,-այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ ինտենսիվ աշխատանքներ են տարվում այդ հարցին լուծում տալու համար:

«Մենք մշտական կապի մեջ ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, գերիների թեմայի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև շփումներ են տեղի ունենում: Եվ, իհարկե, կա հույս և համոզմունք, որ այդ խնդիրները կլուծվեն: Այլ բան է, թե ինչ ժամկետներում: Հասկանալի է, որ այստեղ ամեն րոպեն, ոչ թե ամեն օրը, այլ ամեն րոպեն շատ ծանր է, շատ կարևոր է առաջին հերթին գերեվարված և անհետ կորած մեր եղբայրների ընտանիքների համար: Բայց ուզում եմ հավաստիացնել, որ ամեն րոպեն նույնքան կարևոր և նույնքան ծանր է կառավարության համար, ինձ համար, որովհետև, ի վերջո, դրանք ծանր պատասխանատվության րոպեներ են, և մենք պարտավոր ենք այդ պատասխանատվությունը կրել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը նշեց՝ քանի դեռ տեսնում են, որ հարցի լուծման հնարավորություններն իրական են՝ պիտի շարունակեն աշխատել այնքան, մինչև բոլորը վերադարձվեն: Վարչապետը հիշեցրեց, որ մինչև այս պահը 69 գերի է վերադարձվել:

Ցուցադրել ավելի
Back to top button