IDEX-2021 ցուցահանդեսում Հայաստանի մասնակցության վերաբերյալ ԲՏԱ նախարարության պարզաբանումը


IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում Հայաստանի մասնակցության, մասնավորապես՝ հայկական ընկերությունների տաղավարում ցուցանմուշների բացակայության վերաբերյալ, ԲՏԱ նախարարությունը տեղեկացնում է հետևյալը.
Ցուցանմուշնեըի տեղափոխությունը կազմակերպվել է նախապես, այն հաշվարկով, որպեսզի սահմանված ժամկետում՝ մինչև ցուցահանդեսի բացումը, առաքանին տեղում լինի: Առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով՝ հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի։
Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով՝ նախարարի հրամանով սկսվում է ծառայողական քննություն։
Չնայած առաջացած խնդիրներին, հայկական ընկերություններն արդյունավետ աշխատում են ցուցահանդեսում պատշաճ ներկայանալու համար. կապեր են հաստատում միջազգային գործընկերների հետ՝ բացահայտելով նոր հնարավորություններ և շուկաներ, ուսումնասիրում են միջազգային փորձը ռազմական տեխնիկայի ոլորտում։
Ավելի վաղ սոցցանցերում միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում հայկական ընկերությունների տաղավարի լուսանկարն էր տարածվել, որում բացակայում են հայկական արտադրության ցուցանմուշները: Համեմատության համար հրապարակվել էր նաև ադրբեջանական տաղավարի լուսանկարը:
Տես նաև՝ IDEX-2021-ի շրջանակներում ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ԱՄԷ պաշտպանության պետնախարարի հետ