ԿարևորՀասարակություն

Շինարարական նոր նորմեր` ապաստարանների համար

Ըստ մասնագիտական հաշվարկների՝  մեկ նոր ապաստարան կառուցելը համարժեք է 6 հին ապաստարան վերնորոգելուն։  Մինչ մասնագետները կկողմնորոշվեն, թե Հայաստանի դեպքում որ ճանապարհն է ավելի արդյունավետ ,  հստակ է  մեկ այլ բան՝ ժամանակակից ապաստարանների կառուցման նորմերը պետք է համապատասխանեն  և հարմարեցված լինեն ժամանակակից վտանգներին։

Նախորդ տարի Հայաստանի Հանրապետության բնակիչները ստիպված էին վերհիշել, թե ինչ է պետք անել օդային տագնապի ժամանակ և իմանալ, թե որն է մոտակա այն շինությունը, որտեղ  հնարավոր է թաքնվել։  

«Պահապան» հիմնադրամի գործադիր տնօրեն Ինգա Մանուկյանը արձանագրում է․ «Ոչ միայն շինությունները պետք է պատրաստ լինեն մարդկանց պատսպարելու, այլ նաև մարդիկ պետք է պատրաստ լինեն, տեղեկացված լինեն արտակարգ իրավիճակներում ճիշտ վարք դրսևորելու»։

«Ապաստարաններ նախագծելիս միշտ բախվել ենք հիմնական նույն խնդրին՝ ապաստարանների կառուցման շինարարական ժամանակակից նորմերի բացակայություն»,-ասում է ճարտարապետ Ստեփան Եղիազարյանը։

Նրա խոսքով՝  ապաստարաններ նախագծելից օգտագործվում են դեռևս խորհրդային տարիներին սահմանված շինարարական նորմերը։ Արձագանքելով ճարտարապետի մտահոգությանը՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության պետ Ռուզաննա Ադամյանը նշում է՝ շինարարական նորմատիվ պահանջների մշակման գործընթացը մեկնարկել է  անցյալ տարվա նոյեմբերին, առաջիկայում այդ պահանջները կիրառման մեջ կմտնեն։

«Որոշակի ուսումնասիրություններ ենք կատարել, համեմատել ենք Հայաստանում  և Ռուսաստանում գործող փաստաթղթերը։ Նորմերի մշակումը պատվիրվել  է մրցութային կարգով։  Ճիշտ է՝ այդ նորմերի մեծ մասը հավաքագրման, տեղայնացման արդյունք է, այնպես չէ, որ լրիվ նոր փաստաթուղթ է մշակվում, բայց ամեն դեպքում, շինարարական այդ նորմերը գործելու են Հայաստանի Հանրապետությունում»։

Երևանի քաղաքապետարանի  զորահավաքի և քաղպաշտպանության  վարչության պետ Արկադի Թեմուրյանի փոխանցած տվյալների համաձայն՝  Հայաստանի Հանրապետությունում մեկ նոր ապաստարան կառուցելը համարժեք է 6 հին ապաստարան վերանորոգելուն։  Հարց է առաջանում՝ արդյո՞ք հարկավոր են  նոր ապաստարաններ, եթե կարելի է 1 ապաստարանին հատկացվող բյուջեով վերանորոգել  6-ը։

«Դիմակայուն համայնքներ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Մարիա Հովումյանի կարծիքով՝ ժամանակակից ապաստարանների կառուցման նորմերը պետք է համապատասխանեն  և հարմարեցված լինեն ժամանակակից վտանգներին։  Արդյո՞ք մենք հաշվի ենք առնում այս կետերը, կամ արդյո՞ք խորհրդային  շրջանի պատսպարանները, օրինակ շենքերի նկուղները, կարող են դիմակայել ժամանակակից վտանգներին։  Դրանց դիմակայելու մասին մտածելուց առաջ  պետք է հիշել անհատական պաշտպանության միջոցների մասին ՝ ասում է  ԱԻ գեներալ-մայոր, Տավուշի մարզպետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը․

«Մեր երկրում կարելի է ասել հակագազեր չկան, մենք ընդհանրապես մոռացել ենք բնակչության անհատական պաշտպանության միջոցների մասին, էլ չեմ խոսում քիմրական կամ կենսաբանա աղետի դեպքում ինչ պետք է արվի, ինչ ապաստարան է հարկավոր։ Այս հարցը պետք է լուծվի պետական մակարդակով  և իրավական ճանապարհով»։

Երևանի ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը նշեց, որ մայրաքաղաքի բյուջեի քննարկման ժամանակ բարձրացրել է ապաստարանների խնդրին լրացուցիչ հատկացումներ տրամադրելու հարցը, սակայն բոլոր առաջարկները մնացել են թղթի վրա։ Ավագանու անդամի կարծիքով՝ ոլորտում առկա խնդիրները կապված են ոչ  միայն օրենսդրական բացերի, այլև վերահսկողական մեխանիզմների բացակայության հետ։ Եթե հանրային  ամեն կառույց պարտավորություն ունենա ապահովել սեփական շինությունը  ապաստարանով և այդ պահանջը չկատարելու  դեպքում  պատասխանատվության ենթարկվի,  խնդիրները այսքան  մասշտաբային չէին լինի։

Back to top button