ԿարևորՎերլուծական

«Միացում», «Ապագան Հայաստանի հետ է»․ ո՞րն էր արցախյան կարգախոսների ուղերձը 33 տարի անց

Փետրվարի 20-ին՝ Արցախյան շարժման 33-րդ տարեդարձի օրը, Ստեփանակերտում մարդիկ նորից փողոց էին դուրս եկել։ Պաստառներին նույն կարգախոս-ցանկություններն էին, ինչ 88-ի շարժման մեկնարկին՝ «Միացում», «Մեր ապագան Հայաստանի հետ է»։

Սա են ուզում արցախցիները՝ Շարժումից 33 տարի անց։  Հենց այդ գաղափարն իրագործելու համար ժամանակին Հայաստանում իշխանության եկան նոր ուժեր։ Ի՞նչ է տալու, թվում էր՝ մոռացված, սակայն տարիներ անց վերահաստատվող ցանկությունը։   

 «Արցախահայությունն ապրում է՝ վառ պահելով 88-ի ոգին ու գաղափարները, է՛լ ավելի վստահ ու հաստատակամ, որ ընտրած ուղին ճիշտ է ու անշրջելի, որ, առավել, քան երբևէ, այսօր պետք է ապրի ու շենացնի հայրենի հողը, որը կրկնակի է սրբացել իր նորօրյա հերոսների արյամբ»։ Ֆեյսբուքի էջում այսպիսի գրառում էր արել  Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ Ստեփանակերտում անցկացված երթից կադրեր ներկայացնելով։ Նախագահը ձևակերպել էր.  «Մենք պարտավո՛ր ենք շարունակել Արցախյան շարժման արժեքաբանական պայքարը»։ 

Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանին «Ռադիոլուրը» հարցրեց՝ արդյո՞ք Արցախյան այս նոր իրողություններում հնչած կարգախոսները կարող են նոր շեշտադրում բերել։ Նախարարի դիտարկմամբ՝ շատ ծանր են այսօր պայմանները, բայց աշխատանքների ճիշտ կազմակերպման դեպքում հնարավոր է հասնել հաջողությունների. վերակենդանացնել Արցախը, վերականգնել և ուժեղացնել։

«Միացման գաղափարը, ընդհանրապես՝ Արցախի ազգային ազատագրական պայքարը շարունակվում է, և կշարունակվի, քանի դեռ միջազգային հանրությունը վրջնականապես չի ճանաչել մեր կարգավիճակը։ Բնական է՝ խնդիրներ կան,  բայց հստակ է, որ մենք երբևիցէ չենք լինելու Ադրբեջանի կազմում։ Հետևաբար, սա է խնդիրը, որ պետականաշինության գործընթացը շարունակվում է, և ազգային ազատագրական պայքարը հիմա դարձել է պետականաշինության գործընթաց», -ասաց Դավիթ Բաբայանը։    

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը մեզ հետ զրույցում հիշեցրեց, որ 1991-ին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահությամբ Հայաստանը հրաժարվեց միացման կարգախոսից՝ համարելով ոչ նպատակահարմար, Արցախի պայքարն ընթացավ անկախության ուղիով։

«Պատահական չէ, որ Արցախը հռչակվել է անկախ Հանրապետություն և ամբողջ դիվանագիտական պայքարը մտել է ոչ թե միացման,  այլ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախացման ծիրը»,-ասաց քաղաքագետը։

Թե ի՞նչ նկատառումներով են փետրվարի 20-ին Արցախում «Միացում» վանկարկել, ինչի մասին պատմող տեսանյութով ֆեյսբուքյան իր էջում կիսվել էր Արայիկ Հարությունյանը, քաղաքագետը դժվարացավ ասել։

Խոսելով, այսպես ասած, միացման ուղեգծի մասին՝ Ալեքսանդր Մանասյանը նկատեց. «Ուղղակի պետք է նկատվել, որ նոր խոսք ասելը միշտ ենթադրում է տարածաշրջանային և գլոբալ իրավիճակի քաղաքական գնահատականներ։ Ենթադրում է, որ այդպիսի նոր խոսքը պետք է հիմնավոր խարսխվի այդ վերլուծությունների վրա՝ հատկապես երկու չափանիշ նկատի ունենալով՝ այդ նպատակի հասանելիությունը և Արցախի անվտանգությունը»։

Արցախով անցնում են աշխարհի բոլոր խոշոր քաղաքական միջօրեականները։ Այդ փոքրիկ երկիրը հայտնվել է ուժային տարաբնույթ հոսանքների՝ իրարամերժ շահերով առաջնորդվող խոշոր տերությունների դաշտում,-նկատում է քաղաքագետը։

Նրա ձևակերպմամբ՝ այդ փոքրիկ կետը հավասարակշռություն է ապահովում վիթխարի ուժերի միջև։ Դրա խախտումը կարող է ծանր հետևանքներ ունենալ ո՛չ թե Արցախի, այլ՝ այդ պետությունների համար։

«Մենք պետք է գիտակցենք դա և, ըստ այդմ, քաղաքական նոր բանաձևեր մեջտեղ բերենք»,- ասաց Ալեքսանդր Մանասյանը։  

Քաղաքագետի կարծիքով՝ անկախության գիծը հետևողականորեն առաջ տանելն, այնուամենայնիվ, ավելի հեռանկարային է, այն ավելի ամուր կպահի մեզ, քան իրավիճակային փոփոխությամբ պայմանավորված՝ մեր խոսքը փոխելը։

Երբ հասնենք անկախության ճանաչմանը՝ միացումը կլինի, ո՞վ է մեզ խանգարելու․

«Ժամանակին ասել եմ, որ միացումն այն պարագայում, երբ խոշոր ուժերը պաշտպանում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, միացումը ավելի դժվար հասանելի նպատակ է, քան անկախությունը, այսինքն՝ քան ինքնորոշման իրավունքի ճանաչումը աշխարհի խոշորն պետությունների կողմից։ Առայժմ ես չեմ տեսնում որևէ  հզոր փաստարկ նախորդ գծից նահանջելու համար»։  
Կա ինքնորոշման փաստը, և այդ իրավունքը մենք իրականացրել ենք՝ «Ռադիոլուր»-ին ասաց Դավիթ Բաբայանը։ Հստակեցրեց՝ Ադրբեջանի կազմում մեզ չենք տեսնում, և այդ տեսակետից մեր պետականաշինության գործընթացը ընթանում է այնպես, ինչպես նախկինում.

«Ճիշտ է, նոր իրավիճակ է, նոր խնդիրներ, բայց այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, 88-ի այդ գաղափարը չի փոխվել։ Այսինքն, այդ գաղափարներից մեկն այն է, որ մենք այլևս ի վիճակի չենք Ադրբեջանի կազմում լինելու։ Այս հրամայականը մնացել է առ այսօր»։ 

Ի դեպ, Արցախյան շարժման 33-րդ տարեդարձի առթիվ Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ուղերձում նշել էր, որ թեպետ օրը նշում ենք դժվարին պայմաններում, սակայն, վստահ է, որ մեր պետության ու հասարակության քաղաքական ինքնության հիմքում ընկած Շարժման գաղափարները և սկզբունքներն ամենևին չեն սասանվել։

«Անկախ ամեն ինչից, Հայաստանը հավատարիմ է մնալու իր պետականության ակունքներին և չի շեղվելու Շարժման սահմանած իրավաքաղաքական ու բարոյական նորմերից, սկզբունքներից և առաջնահերթություններից»,-ասված էր Ավինյանի ուղերձում։

Փոխվարչապետի ձևակերպմամբ՝ այսօր խնդիր ունենք առաջ ընթանալով մեր պետությունը ամրացնելու, Արցախի անկախ կարգավիճակի միջազգային ճանաչմանը հասնելու։

Back to top button