ԿարևորՀասարակություն

Միսակ Մանուշյանին և նրա զինակիցներին նվիրված հիշատակի ամենամյա միջոցառում՝ Փարիզում

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը փետրվարի 21-ին մասնակցել է Երկրորդ համաշխարհայինի ընթացքում Ֆրանսիայի ազատագրման «Դիմադրություն» շարժման հայազգի ականավոր ներկայացուցիչ Միսակ Մանուշյանին և նրա զինակիցներին նվիրված հիշատակի ամենամյա միջոցառմանը, որն ավանդաբար տեղի է ունենում Փարիզի 20-րդ թաղամասում Մանուշյանի անունը կրող փողոցում, ուր վեր է խոյանում Մանուշյանի և նրա խմբի անդամների վիթխարի որմնանկարը և զետեղված են նրանց սխրանքն անմահացնող հուշատախտակները, հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

«Խորին շնորհակալություն և գնահատանք Փարիզի 20-րդ թաղամասի ղեկավար Էրիկ Պլիեզին, ավագանու անդամներին, չնայած սանիտարական սահմանափակումներին, Մանուշյանականների հիշատակի ամենամյա ոգեկոչման ավանդույթը պահպանելու և այս տարի ևս այն պատշաճորեն կյանքի կոչելու համար։

Շնորհակալություն նաև Փարիզի ավագանու անդամներին, խորհրդարանականներին միջոցառմանը մասնակցելու և հարգանքի տուրք մատուցելու համար։ Արյունով հայ, իսկ թափված արյունով՝ ֆրանսիացի Միսակ Մանուշյանի, ինչպես նաև նրա խմբի անդամների դաժան վախճանից 77 տարի անց նրանց անձնուրաց պայքարը՝ հանուն ազատության և համամարդկային արժեքների, այսօր էլ արդիական է և ներշնչում է սերունդներին։

Մանուշյանի ազատատենչ և ինքնազոհ ոգին սնուցվում է հայ ժողովրդի արդար մաքառումից և այսօր էլ թևածում է հայրենյանց երկնքում մեր անմահ տղաների կողքին։ Հավերժ փառք և խոնարհում մեր հերոսների սխրանքին և առ հայրենիք նրանց սիրուն»,-նշված է դեսպանության տարածած հաղորդագրությունում։

Back to top button