ԿարևորՄշակույթ

«Բառերն ինձ կաշկանդում են»․ Փելեշյանի ֆիլմերը խոսում են լռությամբ

Հայաստանում երբեմն  սահմանափակվում են «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում Ռևազի՝  նրա   դերակատարմամբ, որն, իհարկե, կինոգործչի  նշանավոր դերակատարումն է հայ կինոյում, բայց ոչ Արտավազդ Փելեշյան կինոհանճարը՝ իր ամբողջ հմայքով։   Նրան վաղուց համարում են համաշխարհային կինոյի դասականներից, իսկ տարածական մոնտաժի Փելեշյանի  տեսությունն ուսումնասիրվում ու դասավանդվում է աշխարհի բոլոր կինոինստիտուտներում։ Վարպետն այսօր նշում է ծննդյան 83-րդ տարեդարձը։

«Ինչ կարող եմ ասել այն մարդու մասին, որի ֆիլմերին ծանոթանալուց հետո իտալական մամուլը գրեց՝ աշխարհի թիվ մեկ կինովավերագրողը»,-ասում է «Կինո +» ամսագրի խմբագիր Ռոբերտ Մաթոսյանն ու  հիշում  Արտավազդ Փելեշյանի հետ առաջին հանդիպումն ու առաջին ցնցումը նրա ֆիլմերը դիտելուց հետո․

«Փելեշյանի հետ առաջին անգամ ծանոթացել եմ կինոպրակատում․ կոկիկ հագնված մի երիտասարդ, երկու բաբինը թևի տակ դրած, եկավ, թե որտեղ է Ստեփանյան Երեմի առանձնասենյակը։ Ցույց տվեցի ու ծանոթացանք։ Բանից պարզվեց՝ եկել է «Մենք»-ն ու «Սկիզբ»-ը ներկայացնելու, որպեսզի գումար ստանա։ Այն ժամանակ այդպես էր։ Անկեղծ ասած, առաջին անգամ էի նայում ու շոկի մեջ էի»։

Երբ ֆիլմերը դիտելուց հետո Մաթոսյանի կարծիքը հարցրին, դեռ ֆիլմի ազդեցության տակ, մոլորված, ինչպես ինքն է ասում, պատասխանեց՝ ի՞նչ ասեմ, կարծեք Չարենցի «Ամբոխները խելագարված»-ը  կարդայի։ Փելեշյանի հետ երբևէ առնչված լրագրողները գիտեն՝ խոսել չի սիրում։ «Կինո +» ամսագրի խմբագիրը սրա պատասխանն էլ ունի․

«Գիտե՞ք ինչի սիրում, խոսքը աղավաղում են։ 1970 թվականին Փելեշյանի հետ  հարցազրույց ենք տպում «Ֆիլմ» թերթում, որտեղ նա ասում է՝ կինոն սինթետիկ արվեստ չէ։  Երկար բացատրում, պատմում է տարածական մոնտաժի իր տեսության մասին։ Սրբագրիչը կարդում ու որոշում է, որ պետք է լինի՝ կինոն սինթետիկ արվեստ է, և «չ»-ն հանում է։  Փելեշյանի ամբողջ տեսությունը փլվում է․ դուք հասկանու՞մ եք՝ դա ինչ է։ Հաջորդ օրը մի կռիվ, մի ղալմաղալ»։ 

Տարիներ առաջ Վարպետի հետ մի հանդիպման էի։ Հարցերը շատ էին, իսկ նա, ինչպես միշտ, քչախոս, բայց հաջողվեց ստանալ  ամենից շատ հետաքրքրող հարցերի պատասխանները։ Պատմեց՝  ինչպես հայտնվեց կինոյում։

««Ավտոմատիկա» գործարանում էի աշխատում, կոլեկտիվով գնում էինք ֆիլմեր նայելու։ Հաջորդ օրը աշխատավայրում քննարկում էինք այդ ֆիլմերը։ Իմ կարծիքը երբեք որևէ մեկին դուր չէր գալիս, որովհետև դա միշտ տարբերվում էր մյուսներից, բայց ասում էին՝ դե լաաավ, ներում էին։ Ես էլ որոշեցի գնամ, ռեժիսոր դառնամ, որ խոսակցություն չլինի»։

«Վարպետս միշտ ասում էր՝ դու միայն նկարիր, բայց մի՛ խոսիր»,-պատմում էր Փելեշյանը։ Հանդիպմանը ներկա կինոինստիտուտի ուսանողներին մի քանի խորհուրդ տվեց, նախ՝ չվախենալ ու առաջին ֆիլմի մեջ ներդնել ամեն ինչ։ Ասաց՝ դա՛ է որոշելու ձեր ապագան։  Նրա առաջին ֆիլմը «Սկիզբ»-ն էր, հետո հաջորդեցին «Մարդկանց երկիրը», «Մենք»–ը, «Մեր դարը», «Կյանք»–ը, «Տարվա եղանակները»։ Փելեշյանի բոլոր ֆիլմերը հավերժականի մասին են՝  ամեն ինչ մարդու միջոցով, մարդու մասին։  Ռեժիսորն, ինչպես արդեն նշվեց, չի ընդունում այն կարծրատիպը, թե կինոն սինթետիկ արվեստ է, նրա համար կինոն միանգամայն ինքնուրույն  աշխարհ է։

«Կինոն չի խմում ջրերը ո՛չ երաժշտության, ո՛չ գրականության, ո՛չ կերպարվեստի։ Կինոն խմում է այնտեղից, որտեղից խմում են այդ բոլորը միասին»։

Փելեշյանի տարածական մոնտաժի մասին բազմաթիվ գրքեր են գրվել, իսկ ռեժիսորի կարճ մեկնաբանությունն այսպիսին է․

«Աշխարհի բոլոր ֆիլմերի մոնտաժը համարում են պատկերների միացումը, ինձ միացնելը չի հետաքրքրքում։ Ես բաժանում եմ պատկերները, հեռավորության վրա դնում և դրանց արանքում օգտագործում ուրիշ պատկերներ։ Իմ կարծիքով՝ հեռավորության վրա գտնվող այդ լիցքավորված պատկերներն ավելի  խոսուն են։ Դա է տարածական մոնտաժի իմ սկզբունքը»։

Վավերագրական կինոյի կենդանի դասականն իր ֆիլմերը կառուցել է առանց բառերի: Սակայն դրանցում փելեշյանական կինոյի լռություն է։

Մի առիթով ասել է. «Բառն օգտագործելը պահանջում է այնքան տևողության պատկեր, որքան պիտի տևի խոսակցությունը, իսկ դա խանգարում է կերպար ստեղծելուն: Դրա համար է, որ հրաժարվել եմ բառերից: Դրանք կաշկանդում են»։

Ցուցադրել ավելի
Back to top button