Ստարտափ Հայաստան

Մենք արգելակներ չունենք, մենք չենք քայլում, վազում ենք․ «Ստարտափ Հայաստան»

Ինչպես ժողովուրդն է սիրում ասել` մի տնից չեն, մի հալի են։

Անահիտ Խաչատրյանն ու Անուշ Մարտիրոսյանը համակուրսեցիներ են։ Երկուսն էլ սովորել են Վանաձորի պետական համալսարանի կառավարում բաժնում, բայց Անուշը մի փոքր շեղվել է ու կավագործությունը փորձել համատեղել բիզնես կառավարման հետ։ Անուշը նաև կավագործության ուսուցչուհի է։

Երկու ամսվա կյանք ունեցող  բիզնեսի ստեղծման գաղափարը Հայաստանի համար դժվար ժամանակաշրջանում ծնվեց։ Համավարակի ընացքում շատերը կորցրին իրենց բիզնեսը, իսկ աղջիկները հենց այդ ժամանակ հայտնաբերեցին, որ իրենց շրջապատում կան մարդիկ, որոնք կարողանում են գործել և կարել։ Ինչո՞ւ չօգտագործել այդ ներուժն ու Վանաձորում  մի փոքրիկ բիզնես չստեղծել։

Քանի որ բիզնեսը ծնվել է ցրտաշունչ ամսին, այդ պատճառով հիմա աղջիկները կենտրոնացել են տաքի ու փափուկի վրա։ Իհարկե, հետո նախատեսում են նաև այլ եղանակների համար նոր գաղափարներ մտածել և իրագործել։

Անահիտն էլ, Անուշն էլ վստահ են, որ ստացած կրթությունն իրենց շատ է օգնում։ Վանաձորում հնարավորությունները շատ չեն, ուստի պետք է ստեղծել այնպիսի բան, որ սովորածդ կարողանաս գործնականում աշխատեցնել։  Աղջիկները սա հասկացել են ու առանց ժամանակ կորցնելու անցել գործի։

Բիզնեսն սկսել են զրո դրամով։ Հայաստանում այս նախադասությունն այլևս տարօրինակ չի հնչում։ Տարիքով մեծ մարդիկ զարմանում են, թե ինչպես կարելի է զրո դրամով կամ չնչին գումարով բիզնես սկսել,  հաջողել, անգամ կարողանալ աշխատողներ պահել ու վարձատրել նրանց։ Դրան ի պատասխան` մեր երիտասարդները շեշտում են` արգելակներ չունենք, մենք չենք քայլում, վազում ենք։

Ներքին արտագաղթն իրենց գաղափարներով կանգնեցրած աղջիկները չեն էլ մտածում Վանաձորից Երևան գալու մասին, ինչքան էլ գիտեն, որ հնարավորություններն այստեղ` մայրաքաղաքում, ավելի շատ են։ Մեկ է, որոշել են ավելի ուժեղ գտնվել ու շենացնել հենց իրենց հայրենի Վանաձորը, թեկուզ փոքրիկ քայլերով։

Ցուցադրել ավելի
Back to top button