ԿարևորՀասարակություն

Խնդիր ունենք հասնել Արցախի անկախ կարգավիճակի միջազգային ճանաչմանը. Տիգրան Ավինյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ուղերձ է հղել Արցախյան շարժման 33-րդ տարեդարձի առթիվ:

«Այսօր լրանում է Արցախյան շարժման 33-ամյակը: Շարժման պատմական նշանակությունը վիթխարի է, որ հանգեց Հայաստանի անկախությանը, պետական ինստիտուտների հիմնադրմանը, Հայաստանը դարձրեց միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ և ամբողջացավ Արցախյան առաջին պատերազմի հաղթանակով:

Շարժումը միևնույն ժամանակ պայմանավորեց մեր պետության ու հասարակության քաղաքական էությունը՝ ապացուցելով, որ ի վիճակի ենք սեփական ճակատագիրը կերտել մեր իսկ ձեռքերով: Թեպետ այս օրը նշում ենք դժվարին պայմաններում, սակայն, վստահ եմ, որ մեր պետության ու հասարակության քաղաքական ինքնության հիմքում ընկած Շարժման գաղափարները և սկզբունքներն ամենևին չեն սասանվել:

Ավելին՝ այսօր խնդիր ունենք դրանք համապատասխանեցնել ժամանակակից մարտահրավերներին և առաջ ընթանալով՝ ամրացնել մեր պետությունն ու հասնել Արցախի անկախ կարգավիճակի միջազգային ճանաչմանը:

Շնորհավորում եմ Արցախյան շարժման հիմնադիրներին, մասնակիցներին և մեզ բոլորիս այս հիշարժան տարեդարձի առթիվ՝ համոզված, որ, անկախ ամեն ինչից, Հայաստանը հավատարիմ է մնալու իր պետականության ակունքներին և չի շեղվելու Շարժման սահմանած իրավաքաղաքական ու բարոյական նորմերից, սկզբունքներից և առաջնահերթություններից»,- ասված է ուղերձում:


1988 թվականի փետրվարի 20-ին Ստեփանակերտում ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նիստում որոշում ընդունվեց «Դիմել Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների Գերագույն խորհուրդներին որպեսզի նրանց միջնորդությամբ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ վերադարձնելու պահանջով»։ Հենց այդ օրը Երևանում սկսվեց ցույց ի աջակցություն արցախահայության։

Back to top button