ԿարևորՀասարակություն

Երկու տարվա ազատազրկում՝ պաշտոնյային վիրավորելու կամ զրպարտելու համար

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e–draft հարթակում քվեարկողների 88%–ը դեմ է գլխավոր դատախազության մշակած նախագծին, որով առաջարկվում է քրեականացնել զրպարտությունն ու վիրավորանքը, եթե դրանք ուղղված են իշխանության ներկայացուցչին, պետական կամ համայնքային քաղաքական պաշտոնյանին ու կապված են նրանց ծառայողական պարտականությունների հետ։ Հեղինակները կարծում են, որ մեդիադաշտում լուրջ խնդիրներ կան, ու դրանք  իրավական կարգավորում են պահանջում։ Լուծումներն այլ  հարթությունում են՝ համոզված են լրատվամիջոցների խնդիրներով զբաղվող կազմակերպությունները։ Նրանց կարծիքով՝ ատելության խոսքին պետք է  հակազդել  ոչ թե պատիժները խստացնելով, այլ՝ քաղաքական կամքով ու որոշումներով։

Ի՞նչ կլինի, եթե ցուցարարն իրեն ծեծող ոստիկանին անվանի «զգեստավոր գազան»․ դեպքերի հնարավոր իրավական զարգացումը փորձում է պատկերացնել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։ Այս արտահայտությանը գործող կարգավորումներով կհաջորդի առավելագույնը  վարչական պատասխանատվություն, քանի որ զրպարտությունն ու վիրավորանքը Հայաստանում  ապաքրեականացվել են 2010 թվականին։ Բայց հնարավոր է, որ առաջիկայում պատիժն ավելի խստանա։ Արարքը կրկին քրեական դաշտ վերադարձնելու նախաձեռնությամբ հանդես է եկել դատախազությունը։ Մշտադիտարկումը ցույց է տվել, որ դաշտում խնդիրներն այնքան շատ են, որ իրավական կարգավորումներ են անհրաժեշտ՝ ասում է գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության ավագ դատախազ Կարեն Ամիրյանը։

«Հասարակության մեջ ատելության, բռնության կոչերի, միմյանց նկատմամբ ոչ հարգալից վերաբերմունքի, զրպարտության դեպքերը շատացել են։ Ընդ որում՝ խոսքը ինչպես մասնավոր, այնպես էլ ոչ մասնավոր հարաբերությունների մասին է ։ Գտանք, որ այս իրավիճակը  հանրային այնպիսի վտանգավորություն ունի, որ անհրաժեշտ է իրավական գործիքակազմով, ընդհուպ մինչև քրեաիրավական գործիքակազմով պայքարել այս երևույթի դեմ»։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը լուծումներն այլ դաշտում է տեսնում․ այս ճանապարհը, կարծում է, խոսքի ազատության միջազգային վարկանիշերում Հայաստանին հետընթաց է բերելու։

«Զրպարտությունների և վիրավորանքի ալիքը ինչպես բարձրացել է, այնպես էլ կարող է իջնել, եթե լինի քաղաքական կամք հենց քաղաքական վերնախավի կողմից։ Ոչ միայն իշխանության, այլ նաև ընդդիմության վերնախավի կողմից։ Ես կարծում եմ, որ մեկ հրահանգով կարող են իջեցնել այս  լարվածությունը, և  դա վերջապես պետք է արվի, որովհետև այսպես երկար շարունակվել չի կարող։ Խոսքին պետք է պատասխանել խոսքով, և խոսքի համար, ինչ էլ որ այն լինի, չի կարելի ճաղերի հետևում փակել»։

Նախագիծն առայժմ գործադիր և օրենսդիր մարմիններում չի քննարկվել։ Դատախազության մշակած նախագիծը երկու օր առաջ է տեղադրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում։ Կայքի՝ քվեարկության համար նախատեսված բաժնում քվեարկողների 88%–ը դեմ է արտահայտվել առաջարկին։  

Այս նախագծին նախորդել էր մեկ այլ նախաձեռնություն։ Աժ–ում առաջին ընթերցմամբ ընդունվել է «Իմ քայլ»–ից Ալեն Սիմոնյանի հեղինակած նախագիծը։ Քաղաքացիական օրենսգրքում առաջարկվում  է փոխել  զրպարտության և վիրավորանքի համար տուգանքի գործող շեմը։ Վիրավորանքի դեպքում 1 միլիոն դրամի փոխարեն սահմանել մինչև 5 միլիոն դրամ, զրպարտության դեպքում՝ 2 միլիոնի փոխարեն՝ մինչև 10 միլիոն։ Թեև արդարադատության փոխնախարարը ԱԺ–ում զգուշացրեց, որ սահմանված չափերը համահունչ չեն անգամ եվրոպական սահմանաչափերին, բայց նախագիծն ընդունվեց առանց փոփոխությունների։  Այս քայլերի մեջ որոշակի կապ է տեսնում Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

«Բոլորս ունենք հիմնավոր կասկածներ, որ այս ամբողջը մեկ «կամպանիայի» արդյունք է։ Բայց ես չեմ պնդի, բնականաբար։ Շատ հավանական է, որ նաև քաղաքական մարմիններում քննարկվի այդ օրինագիծը և, բնականաբար, հաշվի կառնվեն քաղաքական և քաղաքական հանգամանքները։ Այսինքն՝ մենք չենք կարող այդ կարգի նախաձեռնությունները բոլորովին մեկուսացնել մեր այսօրվա հասարակական–քաղաքական իրավիճակից», – ասում է Նավասարդյանը։

Կարծիք հայտնելու համար քրեական պատասխանատվություն նախատեսելը  խիստ միջոց է համարում «Իրավունքի գերակայություն» ՀԿ փորձագետ, փաստաբան Դավիթ Ասատրյանը։ Նա վկայակոչում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումները, նաև՝ միջազգային փաստաթղթերը։

 «Կոնկրետ ԵԽԽՎ բանաձևում խոսվում է պաշտոնատար անձանց մասին, իսկ Մարդու իրավունքների կոմիտեն, ՄԱԿ–ի հատուկ զեկուցողը նշում են վիրավորանքի ու  զրպարտության ապաքրեականացումն ընդհանրապես։  Ցանկանում եմ նշել, որ ՍԴ–ն, ինչպես նաև մեր Վճռաբեկ դատարանը և կայուն դատական պրակտիկան նշում են, որ պաշտոնատար անձինք պետք է ավելի հանդուրժող լինեն, քանի որ իրենք կրում են քաղաքական պատասխանատվություն։ Այդ հանդուրժողականությունը նշանակում է, որ իրենց շեմը ավելի ցածր է։ Սույն նախագծով մենք շեմը ավելի ենք բարձրացրել, որը հավասարության հետ կապված որոշակի հակասություն է առաջացնում»։

Այս հանձնառությունները պետության պարտավորություններ չեն՝ հակադարձում է դատախազության ներկայացուցիչը։

«Հայաստանը չունի որևէ միջազգային պարտավորություն որևէ մարմնի հանդեպ, որով մենք պարտավոր ենք չքրեականացնել իշխանության ներկայացուցչին՝ իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված հասցված վիրավորանքը և զրպարտությունը»։

Լրատվամիջոցների խնդիրներով զբաղվող  հասարակական 11 կազմակերպություն տարածած հայտարարությամբ պահանջում է վերանայել անհամաչափ սահմանափակումների միջոցով լրատվական դաշտը կարգավորելու քաղաքականությունը և լայն քննարկումներ նախաձեռնել ոլորտում առաջացած նոր խնդիրների համարժեք լուծումներ գտնելու նպատակով: Միջազգային կազմակերպություններին կոչ են անում ուշադրության կենտրոնում պահել Հայաստանում տեղի ունեցող օրենսդրական ռեգրեսիվ գործընթացները, որոնք կարող են հանգեցնել ժողովրդավարության և մարդու իրավունքների լուրջ հետընթացի։

Դատախազությունը մշակած նախագծով առաջարկում է պետական և տեղական մարմիններում ծառայող անձին վիրավորելու կամ զրպարտելու համար  որպես պատիժ նախատեսել  ոչ միայն տուգանքը, այլև ազատազրկումը՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։

Back to top button