ԿարևորՀասարակություն

«Գեղարքունյաց Ձմեռ-2021»-ը՝ Սևանում

Ավանդույթի համաձայն` յուրաքանչյուր տարվա փետրվար ամսին համայնքներում տեղի են ունենում մարզամշակութային միջոցառումներ, որոնք համախմբում են մարզիկներին ու մարզասերներին` նպաստելով սպորտի մասսայականացմանը, առողջ ապրելակերպի ձևավորմանը:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի՝ 2021 թվականի հունվարի 26-ի թիվ 30-Ա որոշմամբ Սևանը միացել է «Գեղարքունյաց Ձմեռ-2021» մարզամշակութային տոնակատարությանը, որը, ինչպես նախորդ տարի, կրում էր «Ո’չ ծխախոտին» խորագիրը:

Միջոցառմանը մասնակցել են Սևան համայնքի հանրակրթական դպրոցների, Սևանի բազմագործառութային պետական քոլեջի, Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի աշակերտներն ու սաները, բնակիչներ:

«Ձյունառատ օրը տրամադրող էր: Նախապես հայտարարված 9 մարզաձևերից անցկացվեցին մրցումներ, որոնք անհատական էին և թիմային: Մրցավարները գնահատեցին մասնակիցների մրցելույթները, մրցավարական հանձնաժողովն ամփոփեց մրցումների արդյունքները: Անցկացված մարզա և խաղաձևերի արդյունքներն այսպիսին են:

Պարանի ձգում – 1-ին տեղն է գրավել Սևանի թիվ 4 հիմնական դպրոցի, 2-րդ տեղը` թիվ 6 միջնակարգ դպրոցի, 3-րդ թիվ 3 հիմնական դպրոցի հավաքականները:16կգ Կշռաքարի բարձրացում – երեք մասնակիցներն էլ ներկայացնում էին Ն. Դագարյանի անվան մարզադպրոցը. 1-ին տեղ` Սամվել Հունանյան, 2-րդ տեղ` Բաբկեն Գևորգյան, 3-րդ տեղ` Տիգրան Հակոբյան:Ձնագնդիով հարված նշանակետին – մրցանակակիրները ներկայացնում էին Վլ. Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը. 1-ին տեղ` Վահագն Գրիգորյան, Էլեն Մկրտչյան, 2-րդ տեղ` Հայկ Սանեյան, 3-րդ տեղ` Արամ Մալխասյան:Ազգային կոխ – 1-ին տեղ` Աշոտ Ավագյան /Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոց/, 2-րդ տեղ` Արամ Ալեքսանյան /Սևանի բազմագործառութային քոլեջ/, 3-րդ տեղ` Ռաֆիկ Ներսիսյան /համայնքի բնակիչ/:Մինի ֆուտբոլ – այս մարզաձևում մրցանակային 3 տեղերն էլ զբաղեցրին Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի թիմերը. 1-ին տեղ` «Սևան» /աղջիկներ/, 2-րդ տեղ` «Սևան-05», 3-րդ տեղ` «Սևան-07»:

Շախմատ մարզաձևում լավագույնը Վլ. Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտ Ալբերտ Մինասյանն էր, 2-րդ մրցանակակիր ճանաչվեց նույն դպրոցի աշակերտ Արթուր Վիրաբյանը, 3-րդ տեղը զբաղեցրեց Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտ Էրիկ Սաղաթելյանը:Սահնակ խաղաձևում թիվ 3 հիմնական դպրոցը 1-ինն էր, 2-րդը ճանաչվեց թիվ 2 հիմնական դպրոցի թիմը, 3-րդ մրցանկային տեղը զբաղեցրեց թիվ 6 միջնակարգ դպրոցի թիմը:

Նարդի խաղաձևում լավագույնը ճանաչվեց Սևան համայնքի բնակիչ Գագիկ Խանզադյանը, 2-րդը Նորիկ Ավետիսյանն էր, լավագույն եռյակը եզրափակեց Տիգրան Ղազարյանը:Բարձունքի գրավում մարզաձևում լավագույնը թիվ 2 հիմնական դպրոցի թիմն էր, 2-րդ մրցանակային տեղը զբաղեցրեց Վլ. Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի թիմը, 3-րդը` թիվ 4 հիմնական դպրոցի թիմն էր:

Յուրաքանչյուր մարզա և խաղաձևից մրցանակային տեղեր զբաղեցրածները խրախուսվեցին համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի կողմից պատրաստված պատվոգրերով»,- տոնակատարության մասին պատմել է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:

Back to top button