ԿարևորՀասարակություն

Արցախյան շարժումը 33 տարի անց՝ դարձ ի շրջանս յուր

Գորբաչովյան «վերակառուցման» քաղաքականության շրջանում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հայությունը 88-ին օրակարգ բերեց պահանջ՝ Արցախը Ադրբեջանի ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ տեղափոխելու համար։ Արցախյան շարժման խորհրդանշական սկիզբը փետրվարի 20-ն էր, որովհետև հենց այդ օրը ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհուրդը ընդունեց պատմական որոշումը։ «Միացում» կարգախոսով սկսված շարժումը, սակայն, հետագայում այլ  տրամաբանության մեջ զարգացավ, ինչո՞ւ։

33 տարի  առաջ այս օրը, ի դեպ, դարձյալ շաբաթ օրը, ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհուրդը պատմական որոշում ընդունեց, որը և դարձավ արցախյան շարժման խորհրդանշական մեկնարկը․ ԼՂԻՄ-ն Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից հանելու և Հայկական ԽՍՀ-ի կազմ մտցնելու մասին այս որոշումը մնաց թղթի վրա և չիրագործվեց, ինչո՞ւ։ Արդյոք հիմնական պատճառն այն էր, որ Կրեմլը այդպես էլ չհասկացավ «Փետրվարի 20» երևույթի ո՛չ պատմական, ո՛չ ժողովրդավարական էությունը, և այդ որոշման հակահարվածը  դարձավ  Սումգայիթը։

«Կարելի է ասել՝ Կրեմլը չհասկացավ, կարելի է ասել՝ Ադրբեջանը թույլ  չտվեց, բայց իմ կարծիքն այլ է․ կար իշխանության եկած գորբաչովյան թիմ, որը կատարում էր դրսի պատվերը և որի խնդիրը Խորհրդային միությունը տրոհելն էր՝ ըստ միութենական հանրապետությունների։ 1985-ից մինչև 1991 թվականը Գորբաչովի բոլոր գործողությունները դրան էին ուղղված և այդ տրամաբանության մեջ էին տեղավորվում»,- ասում է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։

Նրա բնորոշմամբ՝  Խորհրդային միությունը քանդելու համար արյուն էր պետք, կոնֆլիկտ, պայթյուն, իսկ Գորբաչովը գիտեր, որ այդ առումով խորհրդային տարածքում ամենացավոտ կետը Ղարաբաղն էր, որովհետև  ամենամեծ անարդարությունը կատարվել է նրա նկատմամբ։ Գիտեր նաև, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը տասնամյակներ շարունակ մի քանի անգամ բարձրացրել է այդ հարցը։ Մտածեց, որ այս անգամ էլ կարելի է դա թույլ տալ՝ մեծ  կոնֆլիկը ապահովելու համար։

Այդուամենայնիվ, ըստ միջազգային մամուլի արձագանքների 88-ին կար տպավորություն, որ փետրվարի 20-ին ամրագրված արցախյան շարժումը բացել է աշխարհի աչքերը: Թվում էր՝ պարզ դարձավ, որ Ղարաբաղն իր ավելի քան երկու հարյուր քրիստոնեական տաճարներով ու եկեղեցիներով ոչ մի կերպ չէր կարող գտնվել մի պետության տարածքում,  որը վերջերս էր հայտնվել աշխարհի քաղաքական քարտեզում։ Հատկապես, որ պատմական Հայաստանի հինավուրց մարզը ոչ թե պետական, այլ կուսակցական մարմնի որոշմամբ էր հայտնվել Ադրբեջանի կազմում։ Մարմին, որը ղեկավարում էր աշխարհի կողմից որպես բռնակալ  բնորոշվող Ստալինը։ Ինչո՞ւ Արևմուտքի վերաբերմունքը հետագայում ձևափոխվեց և բանակցային գործընթացը միանգամայն այլ տրամաբանության մեջ զարգացավ։

Ըստ Ալեսքսանդր Մանասյանի, Խորհրդային միությունը կազմաքանդելու գաղափարը հենց Արևմուտքն էր տվել Գորբաչովին։ Դրա համար էլ անընդհատ մեզ պաշտպանում էին, բայց Սումգայիթում, Բաքվում հայերի դեմ իրագործվածը երբեք ցեղասպանություն չորակեցին։ 

«Չնայած մտավորականները բղավում էին, որ դա ցեղասպանություն է, բայց պաշտոնական Արևմուտքը դա  չէր անում, որպեսզի չխանգարի Գորբաչովին կազմաքանդելու Խորհրդային միությունը»,-ասում է քաղաքագետը։

«Գեոպոլիտիկ»  խաղերի, թե՞  այլ պատճառով «միացում» կարգախոսով սկսված շարժումը  երեսուներեք տարի անց տխուր հանգուցալուծում ստացավ։ Վերադարձանք մեկնարկային կետին՝ առավել ոչ շահավետ պայմաններով, թե՞ կա այլ պատասխան։

Ալեքսանդր Մանսյանի պատասխանն այսպիսին է․

«Հետխորհրդային տարիներին մեր հիմնական խնդիրը եղել է Արցախի ամրապնդումը։  Եթե մեր առաջին նախագահն ասել էր՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի սահմաններում, երկրորդը դրան դեմ է դուրս եկել, բայց չի զարգացրել  ամբողջ խորությամբ։ Այդուամենայնիվ, Հայաստանն ու Արցախը ամրապնդելու  ուղղությամբ մեծագույն ձեռքբերումը  Սանկտ Պետերբուրգի  պայմանավորվածությունն էր, որի համաձայն  Արցախի ու Ադրբեջանի սահմանային գծում տեղադրվելու էին վերահսկաման սարքավորումներ, ինչը փաստորեն, այդ գիծը վերածում էր պետական սահմանի։  Երրորդ նախագահից հետո մեր խնդիրը այդ ձեռքերումն ամրապնդելն էր, ոչ թե դրանից հրաժարվելը։ Այդտեղ մեծ դիվանագիտություն էր պետք, ինչը չեղավ, ավելին՝ տեղի ունեցավ հետնահանջ»։

Back to top button