ԿարևորՏնտեսական

Տնտեսական ցուցանիշերի պարադոքս՝ 2020-ի փակ սահմանների պայմաններում

Տնտեսական ցուցանիշերի պարադոքս՝ 2020-ի փակ սահմաններում։ ՊԵԿ-ին հետաքրքրում է՝ փակ սահմաններով երկրում, որտեղից ողջ անցյալ տարում արտահանում չի եղել, ինչո՞ւ է ավելացել արտահանող կազմակերպությունների թիվը։ Թուրքական ապրանքների ներկրման արգելքի պայմաններում՝ հունվարից այս կողմ, եղել են այս երկրից ապրանքների ներկրման ապօրինի փորձեր։ Անցյալ տարվա թվերով՝ արտահանումը  նվազել է մոտ 7 տոկոսով, ներմուծումը՝ 17.5։ 

Համավարակը փակեց սահմանները, պատերազմն «ապահովեց» տնտեսական անկումը։ Արտահանումը նվազեց մոտ 7 տոկոսով, ներմուծումը՝ 17.5։ Պարադոքս է, բայց 2020-ին փակ սահմանների  պարագայում ԵԱՏՄ երկրներից ներմուծումն ավելացել է՝ արձանագրում է  ՀՀ ՊԵԿ մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչության պետ Մնացական Շարաֆյանը։

«2020-ին ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծումն աճել է 1.3 տոկոսով: Մինչդեռ երրորդ երկրներից կտրուկ նվազում է արձանագրվել։ ԵԱՏՄ երկրներից ներմուծումներն արդեն 2018 թվականի համեմատ աճել են մոտ 20 տոկոսով»։

Սա միակ պարադոքսը չէ, արտահանման նվազման պարագայում արտահանմամբ զբաղվող ընկերությունների թիվն է ավելացել ՝ շարունակում է․

«Մենք 2020 թվականին ունենք արտահանողների 3 տոկոսով աճ: 2019 թվականին ունեինք աննախադեպ աճ՝ մոտ 55 տոկոսով ավելացել էր  ներմուծողների, և՛ արտահանողների թիվը։ 2020–ին դինամիկան պահպանվել է, կտրուկ նվազումներ չի նկատվել։ Մասնակիցները շարունակել են ակտիվորեն մասնակցել տնտեսության զարգացմանը»։

Թուրքական ապրանքների ներկրման արգելքի պայմաններում՝ հունվարից այս կողմ, եղել են այս երկրից ապրանքների ներկրման ապօրինի փորձեր։ ՊԵԿ-ի մասնագետները նկատել են Վրաստանի տարածքով թուրքական ապրանք բերելու հնարամիտ փորձերն ու կանխել դրանք։ «Ռադիոլուր»-ի՝ որքանո՞վ է հավանական, որ թուրքական արտադրանքը  որպես  երրորդ երկրի ապրանք ներկվի Հայաստան հարցին՝ ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանն արձագանքում է․

«Մենք բոլոր ռիսկերին տեղյակ ենք, գիտենք,թե հնարավոր ինչ ռիսկեր կլինեն։ Անպայման կսահմանափակենք անօրինական գործողությունները»։

2019թ․ Թուրքիայից Հայաստան է ներմուծվել 268,1 մլն դոլարի ապրանք՝ 2018-ի համեմատ 6․1 տոկոսով ավելի։ Հայաստանի ներմուծման կշռում թուրքական ապրանքները 5 տոկոս են կազմում։ Դրանք հիմնականում հագուստ են, ցիտրուսային մրգեր, լվացող-մաքրող միջոցներ։ Թուրքական արտադրանքին Հայաստանում փորձում են այլընտրանք գտնել։ Մարին ու Մարիամը միասին որոշեցին հայ սպառողին խնամքի տեղական միջոցներ առաջարկել։ Մոտ երկու ամիս է՝ շուկայում են․ օնլայնից անցել են տաղավարային վաճառքի։ Մարի Ղահրամանյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում  պատմում է՝ ընկերուհու՝ Մարիամ Բաղդասարյանի հետ հեշտ ու դժվար օրեր են անցել։

«Մենք կարանտինի շրջանում 6 ամիս միայն փորձ ենք արել՝ հասկանալու՝ կկարողանա՞նք ստանալ բնական միջոցներով, առանց հավելումների մարմնի ու մաշկի բնական միջոցներ»։

Աղջիկների անունների առաջին վանկի կողքին դրվեց «կոսմետիկա»  բառն ու ստացվեց․ այժմ արդեն «MARCOS» անվամբ բնական միջոցները շուկայում են։ Սակայն միայն տեղական արտադրանքով շուկան լցնելու միտքը տնտեսագետներին դեռ շատ անիրատեսական է թվում։ Թուրքիային փոխարինող ներկրման հավանական շուկա է դիտարկվում իրանականը։ Իրանի առևտրի աջակցման կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը  տարեսկզբին հայտարարեց՝ Հայաստանը կարող է ավելի քան 2200 անուն ապրանք իրանականով փոխարինել։

Իրանագետ Վարդան Ոսկանյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում արձանագրում է՝ իրանական արտադրանքը  կարող է փոխարինել թուրքականին, սակայն կա մի «բայց»՝

«Քանի որ հայկական շուկայում իրանական արտադրանքին այնքան էլ ծանոթ չեն, ուստի փոխարինումը դժվար կլինի։ Բացի այդ կան ոլորտներ, որ հնարավոր չի լինի,քանի որ Իրանում նման արտադրանք չի կազմակերպվում, օրինակ՝ պահեստամասեր չեն արտադրվում»։

ՊԵԿ մաքսային հսկողության մասնագետները անցյալ պատերազմական ու կարանտինային տարում մի շարք ուշագրավ դիտարկումներ էլ են արել։ Մեքենաների ներկրումը կտրուկ նվազել է․ 2020-ին ընդամենը 7300 մեքենա է մաքսազերծվել՝ 2019–ի 189 հազարի փոխարեն։ Սա նաեւ երրորդ երկրներից ներկրվող մեքենաների մաքսազերծման արտոնյալ ժամկետի ավարտով է պայմանավորված։  ՊԵԿ-ում կարծում են, որ անցյալ տարվա պատկերն այս տարի դժվար թե ներկրվի։

Այս ընթացքում ՊԵԿ-ում նաեւ մեկ այլ հարց է հետաքրքրում՝ փակ սահմաններով երկրում, որտեղից ողջ անցյալ տարում արտահանում չի եղել, ինչու է ավելացել արտահանող կազմակերպությունների թիվը։

Back to top button