ԿարևորՍպորտ

Մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ՝ Ուկրաինայի ջրացատկի գավաթի խաղարկությունից

Փետրվարի 15-ից Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի «Լիկո» մարզահամալիրում ընթանում է Ուկրաինայի ջրացատկի գավաթի բաց խաղարկությունը. մեդալների 13 հավաքածուի համար պայքարում են Ուկրաինայի, Հայաստանի, Բելառուսի, Բուլղարիայի, Վրաստանի և Սերբիայի ուժեղագույն մարզիկները: Հայաստանի ներկայացուցիչներ Վլադիմիր Հարությունյանը և Վարդան Բայանդուրյանը նվաճել են երկու մեդալ՝ մեկական արծաթե և բրոնզե:

10 մ սինքրոն աշտարակացատկում Հարությունյան-Բայանդուրյան զույգը 356,10 միավորով արժանացել է արծաթե մեդալի: Այս մրցաձևում առաջին հորիզոնականը 411,06 միավորով զբաղեցրել է Ուկրաինան ներկայացնող Օլեգ Սերբին-Օլեկսեյ Սերեդա զույգը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Ուկրաինան ներկայացնող մեկ այլ՝ Կիրիլո Ազարով-Կիրիլ Բոլյուխ զույգը (332,82 միավոր):

Արդեն 10 մ աշտարակացատկի անհատական մրցմանը 11 մասնակիցների պայքարում Վլադիմիր Հարությունյանը 398,20 միավորով դարձել է բրոնզե մեդալակիր:

Առաջին մրցանակակիրն Օլեկսեյ Սերեդան է (519,75), իսկ երկրորդը՝ Օլեգ Սերբինը (443,45): Հավելենք՝ ջրացատկի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը տեղեկացրել է, որ կարճատև դադարից հետո ջրացատկորդները մարզումները կշարունակեն Երևանում՝ աստիճանաբար պատրաստվելով ապրիլին կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը:

Back to top button