ԿարևորՀասարակություն

Ավելի քան 300 քրգործ՝ «գերեզմանային» մութ բիզնեսի մասով․ ո՞ւմ հասավ թաղման բյուրոյի պետի «յուղոտ» պաշտոնը

Երևանի քաղաքապետարանում այսօր կայացել է, ինչպես ընդունված է համարել, «ամենայուղոտ» պաշտոններից մեկի ղեկավարի մրցույթը։ «Բնակչության հատուկ սպասարկման» ՀՈԱԿ-ի պետի պաշտոնում նշանակվել է դրա ժամանակավոր պաշտոնակատարը։ Վահե Խաչատրյանը «Ռադիոլուրին» վստահեցրել է՝ իր ականջին էլ են հասել այսպես ասած «գերեզմանային» մութ բիզնեսին առնչվող հարցեր, ինքն էլ այստեղ է՝ բացառելու դրանք։ Իսկ մինչ խոստումները կապացուցեն իրենց կենսունակությունը՝ «Ռադիոլուրին» հայտնի է դարձել՝ գերեզմանոցներին առնչվող չարաշահումների հարցով այս պահին 300-ից ավելի գործ է քննվում։

«Բնակչության հատուկ սպասարկման» ՀՈԱԿ-ի, ինչպես ընդունված է ասել՝ թաղման բյուրոյի տնօրեն ընտրվեց նույն պաշտոնի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Խաչատրյանը։ Վերջինս նախկինում քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարն էր։ Որ հենց Խաչատրյանը կանցնի մրցույթը և կզբաղեցնի ավագանու որոշ անդամների ձևակերպմամբ՝ «յուղոտ»  այս պաշտոնը, ավագանու «ընդդիմադիր» թևի որոշ ներկայացուցիչների համար անակնկալ չէր։ Մրցույթի հանձնաժողովի կազմը ձևավորվել է քաղաքապետ Մարությանի որոշմամբ՝ օրենսդրությամբ նախատեսված ձևով` բացատրում է մրցույթի հանձնաժողովի անդամ, քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Օրենսդրությունը նախատեսում է, որ ՀՈԱԿ–ների տնօրենների թափուր պաշտոնի մրցույթի հանձնաժողովի կազմում լինում են երկու մարդ քաղաքապետարանի աշխատակազմից, երկուսը՝ ավագանու անդամ, մեկ՝ քաղաքապետարանի ենթակայության կազմակերպություններից»,- ասում է Հակոբ Կարապետյանը։   

Թաղման բյուրոն ղեկավարելուն հավակնում էր 5 թեկնածու։  Ընդդիմադիր թևի միակ ներկայացուցիչը՝ Դավիթ Խաժակյանը, մրցույթի արդյունքների հարցում վերապահում չունի, չափանիշերից շեղում չի նկատել։

«Իհարկե, մրցակցություն կար, դա և ուրախալի էր, բայց հանձնաժողովի հստակ դիրքորոշումը հօգուտ Վահե Խաչատրյանի է»,- ասում է Դավիթ Խաժակյանը։

Գերեզմանային բիզնեսի հնարավոր եկամուտների ու դրա ստվերոտ կողմերի մասին խոսվում է պարբերաբար։ Խնդրին բախվողները հաճախ խուսափում են դրանից խոսելուց։ Բայց ուշագրավ թվեր «Ռադիոլուրին» տրամադրում են Երևանի դատախազությունից․ գերեզմանատներում չարաշահումների վերաբերյալ բազմաթիվ գործեր կան՝ ավելի քան 300։ Օրենքով սահմանված չափից ավելի տարածքների հատկացումից մինչև  համայնքապատկան հողերի բռնազավթումներ․ գործերն այս պահին քննվում են Երևանի դատախազությունում։ Խախտումների «առյուծի բաժինն» արձանագրվել 1 փակ գերեզմանատներում, որտեղ նոր տարածքներ են հատկացվել այլ անձանց սեփականության կամ համայնքապատկան հողերի հաշվին՝ «Ռադիոլուրին» ասում է Երևանի դատախազության դատախազ Գոհար Ադոնցը։ 

«Փակ գերեզմանատներում նոր տարածքների հատկացումը  եղել է փաստաթղթերի կեղծիքների միջոցով»։

«Բնակչության  հատուկ սպասարկման» ՀՈԱԿ–ի արդեն նորանշանակ ղեկավարը  մինչ իր նշանակումը «Ռադիոլուրին» վստահեցնում էր՝ քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի  պաշտոնը փոխարինել է այս պաշտոնով՝ «գերեզմանային բիզնեսը» վերացնելու համար։ Նախկինում այս ոլորտի կոռուպցիոն գործարքների մասին միայն լսել է, իր պաշտոնավարման ընթացքում չի հանդիպել ու փորձում է բացառել դրանց հավանականությունը։

«Իմ պաշտոնավարման ժամանակահատվածում սեպտեմբերից այս կողմ ես չեմ հանդիպել նման դեպքի։ Եթե լինեն նման դեպքեր, կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»։

Ավագանու « Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն, ի հեճուկս բոլոր պնդումների, չի հավատում խոստումներին ու շարունակում է լուրջ վերապահումով մոտենալ մրցույթին։ Դա առնվազն պետք է երկու փուլ ունենար՝ ասում է։ Պաշտոնը «յուղոտ» եղել ու այդպիսին էլ մնում է։  

«Թաղման բյուրոն միշտ եղել է այդպես, դա բոլորը գիտեն, որ ամենակոռումպացված ու փող բերող կառույցն է։ Դրա համար այնտեղ նշանակված են եղել ծանոթ-բարեկամներ»։  

Պաշտոնը զբաղեցնող Վահե Խաչատրյանը խոստանում է՝ խնդիրներից կխոսի անպայման, բայց խոսակցությունը խնդրում է հետաձգել։ Բայց արատավոր այս խնդիրները շարունակում են մնալ օրակարգում և «Ռադիոլուրի» դիտակետում։

Back to top button