ԿարևորՀասարակություն

Վրաստանը կկառուցի Լարս տանող դժվարանցանելի հատվածը

Լարսի ավտոմայրուղու դժվարանցանելի հատվածում Վրաստանը նոր ճանապարհ կկառուցի։ Այս մասին խորհրդարանում հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ Մայա Ցքիտիշվիլին։ Աշխատանքները կսկսվեն գարնանը։ Անհրաժեշտ տեխնիկան արդեն փոխադրվում է Կազբեկիի շրջան։

Թբիլիսիում կարծում են, որ ճանապարհի կառուցմամբ Լարսի խնդիրը կլուծվի։

Վրաստանի ռազմավարական ճանապարհի՝ Մցխեթի-Ստեփանցմինդա-Լարս ավտոմայրուղու ամենադժվարանցանելի հատվածում (Գուդաուրի-Կոբի) մինչև մայիսի վերջ կսկսվի նոր ճանապարհի ու թունելի կառուցումը։

Հայաստանն ու Վրաստանը Ռուսաստանին միացնող այս միակ ցամաքային ճանապարհը,  որ ձնահոսքի վտանգի պատճառով հաճախ փակ է լինում, նոր նախագծի շնորհիվ կգործի՝ անկախ բնության քմահաճույքներից։

Դեպի ռուսական սահման ձգվող ոլորանների խիստ դժվարանցանելի հատվածը կփոխարինվի  22,7 կմ երկարությամբ ասֆալտապատ ճանապարհով, կկառուցվի 6 կամուրջ, 5 թունել։ Թունելներից մեկը՝ 9 կմ-անոց, կլինի ամենաերկարը Վրաստանում:

Վրաստանի տրանսպորտի և ճանապարհների ասոցիացիայի ղեկավար Դավիթ Մեսխիշվիլին նախագծի մասին «Ռադիոլուր»-ին ասել է․«Հայկական բեռների փոխադրման համար ճանապարհն ավելի հարմար ու անվտանգ է լինելու։ Զգալիորեն կկրճատվի ճանապարհի վրա ծախսվող ժամանակը, բայց առավել կարևորը ճանապարհի»։

Տրանսպորտային հարցերով փորձագետի դիտարկմամբ նոր նախագծի արդյունքում երթևուկության տևողությունը կկրճատվի առնվազն 4 ժամով:

Լարսի անցակետը, համաձայն կանոնակարգի, ունի նախագծային անձնագիր, ըստ որի այն օրական պետք է սպասարկի առավելագույնը 400 տրանսպորտային միջոցի ( 230 մարդատար, 170 բեռնատար), սակայն այդ թիվը չի պահպանվում։  

Ի սկզբանե խոշոր ծավալի բեռնափոխադրումների համար չնախատեսված գործող մայրուղին, որով ամեն օր երթևեկում են հազարավոր մեքենաներ, Վրաստանի ամենավտանգավոր ճանապարհներից մեկն է: Իսկ 35 կմ երկարության ամենադժվարանցանելի հատվածը, որը սկիբ է առնում լեռնադահուկային հանգստավայր Գուդաուրիից մինչև Կոբի, կամ փակ է, կամ մեքենաներն անցնում են մի քանի ժամում։

Թբիլիսիում կարծում են, որ այս ճանապարհը՝ Լարս տանող բարեփոխված ուղին, Հայաստանի համար այլընտրանք  է դառնալու հենց Վերին Լարսին, քանի որ, ինչպես մասնագետներն են պնդում, երթևեկելի է լինելու տարվա բոլոր եղանակներին։ Ձմռան ձնաբքի, գարնանային հեղեղների ու սողանքների պատճառով այն այլևս փակ չի լինի։  Կովկասագետ Ալեկո Կվախաձեն ասում է՝ զգալիորեն ավելանալու են  բեռնափոխադրումներն ու երթևեկության թողունակությունը․  «Այս պարագայում վտանգ չի սպառնում, որովհետև ճանապարհի խնդրաշատ հատվածը անցնելու է թունելներով և քիչ է կախված լինելու կլիմայական փոփոխություններից»։  

Այս ճանապարհի կառուցման համար Վրաստանի իշխանությունները ընդդիմության քննադատության թիրախում են։ Վերջիններս կարծում են, թե «Հայաստանի ու Ռուսաստանի նորմալ հաղորդակցության համար Վրաստանը հսկայական միջոցներ է  տրամադրում»։

Ի պատասխան՝ Վրաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մայա Ցքիտիշվիլին ասում է, որ սա Վրաստանի համար կարևորագույն նախագիծ է, որի վերաբերյալ պայմանգիրն արդեն ստորագրված է։

Նախագծի նախնական արժեքը գնահատվում է 558,6 մլն դոլար, այն համաֆինանասավորելու են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն ու Վրաստանի կառավարությունը։

Back to top button