ԿարևորՀասարակություն

Սյունիքի սահմանամերձ գյուղերում ականազերծման աշխատանքներ կիրականացվեն

Սյունիքի մարզում պատերազմից հետո առկա և հնարավոր խնդիրները համակարգելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբն այսօր երրորդ նիստն է հրավիրել։ Քննարկվել են անվտանգային հարցեր, առաջարկներ են արվել, որոնք ընդունվել են՝ «Ռադիոլուրի» հետ հեռախոսազրույցում նիստից մանրամասներ է փոխանցել աշխատանքային խմբի ղեկավար, վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը։

Հատված Ռադիոլուրի 18․00-ի թողարկումից

Գորիս-Կապան ավտոճանապարհի՝  վիճարկելի տարածքով անցնող հատվածի անվտանգության հարցը , ըստ Ղուկասյանի, նույնպես քննարկվել է։

«Մինչ այս պահը որևէ խնդիր չի եղել, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ նույն ձևով ճիշտ չէ շարունակել», -ասել է Ղուկասյանը։ Ճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունն ապահովում են ռուս սահմանապահները։

Անդրադառնալով Դավիթ Բեկի գյուղապետի հայտարարությունը, թե անվտանգային խնդիրները գյուղացիներին ստիպում են լքել գյուղը,  Ղուկասյանն ասել է․ «Գյուղը զանգվածաբար լքելու մասին տեղեկությունները մարզպետարանը չի հաստատում։ Առաջիկա  օրերին  ինքս կայցելեմ գյուղ և անձամբ կհանդիպեմ բնակիչների հետ», –ասել է աշխատանքային խմբի ղեկավարը։

Նիստին քննարկվել են նաև մարզում ականազերծման աշխատանքները։ Ղուկասյանը հայտնել է, որ մասնագետներն այսօր արդեն կլինեն Սյունիքի սահմանամերձ համայնքներում, որտեղ առկա են կասետային ռումբերի չպայթած բեկորներ, որոնք արագ վնասազերծում են պահանջում։

Back to top button