Մտքի ուժը

Մարսի վրա կյանք կա՞ կամ որտե՞ղ է սկսվում աստղաֆիզիկոսի ռոմանտիկան․ «Մտքի ուժը»

Կա արդյո ՞ք կյանք «կարմիր մոլորակ»-ի՝ Մարսի վրա։ Տարիներ առաջ Science ամերիկյան գիտական հանդեսը հաղորդեց, որ գիտնականները Մարսի վրա  ջուր են հայտնաբերել։ Սա  առնվազն տեսականորեն վկայում է, որ  այնտեղ կյանքի հնարավորություն է եղել։  Ըստ Science-ի, ջուրը գտնվում է Մարսի սառցապատ բևեռի տակ՝ մոտավորապես 20 կիլոմետր խորության վրա: 

ԵՊՀ աստղադիտարանի տնօրեն Աշոտ Մելքոնյանի համար ամենահետաքրքիր մոլորակը, թերևս Մարսն է, քանի որ այստեղ եղել են կյանքի գոյության համար  պայմաններ։ Մարսը երկնքում միայնակ չէ․ այստեղ մոլորակն «ապրում» է իր երկու լուսինների՝ «Ահ» ու «Սարսափ»-ի հետ՝ գրեթե ամեն տարի հյուընկալելով երկրային ռոբոտների։ Դրանց օգնությամբ աստղաֆիզիկոսները փնտրեցին ու թթվածին, անգամ ջրի հետքեր գտան։

Այս կարմիր մոլորակի գույնը երկաթի օքսիդի պատճառով է։ «Մարսի մթնոլորտի խտությունը 100 անգամ փոքր է երկրի մթնոլորտից։ Այնտեղ հիմնականում ածխաթթու գազ է»,- ասում է Աշոտ Մելքոնյանը։ Նրա խոսքով, ուսումնասիրությունները բերում են այն եզրակացության, որ այնտեղ նախկինում թթվածին եղել է, կարծես, գետերի հետքեր էլ կան։

Համացանցն այսօր տիեզերքը բացահայտելու լայն հնարավորություններ է տալիս, սակայն, միեւնույն է, գաղտնիքները բացահայտվում են մասնագետների օգնությամբ։ Այս հնարավորությունը տալիս է ԵՊՀ Երևանի աստղադիտարանը։ Այն նախկինում հիմնականում մայր բուհի աստղաֆիզիկայի ամբիոնի ուսումնական բազան էր։

Զրուցակիցս ասում է, որ այժմ ունեն երեք լսարան, որոնցից մեծը նոր է կահավորվել, 40 տեղանոց է և նախատեսված է ինչպես ուսանողների, սեմինարների ու գիտաժողովների, այնպես և հասարակության լայն շրջանակների համար գիտահանրամատչելի թեմաներով դասախոսություններ ու քննարկումներ կազմակերպելու համար։ Այստեղ նաեւ ֆիզիկայից անվճար նախապատրաստական պարապմունքներ են անցկացվում ԵՊՀ դիմորդների համար։ Ազգային արժեք համարվող շենքի, այսպես ասենք, հիմքն աստղադիտակն է։ Հենց դրա շնորհիվ էլ շենքը հետաքրքրիր ու անսովոր՝ կլորավուն տեսք ունի։ 

Հայաստանում առաջին ու հինգ տարի խափանված աստղադիտակը գիտնականը վերանորոգեց 15 օրում։ Այն այժմ ամբողջութամբ աշխատում է։ Վերանորոգելիս որոշ հարցերի տրվել են մասնավոր լուծումներ։ Փաստը, սակայն, այն է, որ այժմ այստեղից նորից հնարավոր է տեսնել աստղային երկինքը։ Աստղադիտակը Ռուսաստանից 1933 թ․-ին Երևան տեղափոխվեց և տեղադրվեց աստղադիտարանի առաջին տնօրեն աշխարհահռչակ Վիկտոր Համբարձումյանի ջանքերով։ Դեպի աստղադիտակ, ինչպես և դեպի երկինք «ճանապարհը» հեշտ չէ, նեղ ու փայտե գալարաձև աստիճաններով վերև ենք բարձրանում։ 

Աստղադիտակը  հիմնականում կրթական նպատակ ունի։ Ճիշտ չէ այն համեմատել Բյուրականի աստղադիտարանի հետ, ասում է Աշոտ Մելքոնյանն ու նշում, այստեղ փորձարար դիտող աստղագետներ կպատրաստեն։ Նրանք կկարողանան փնտրել ու գտնել անհրաժեշտ օբյեկտը։ Ինչպե՞ս՝ քարտեզով ու կոորդինատներով։ Ձմռանը հնարավոր է դիտումներ անել միայն սակավաթիվ պարզկա գիշերներին, գարնանը,  ամռանն ու աշնանը՝ գրեթե ամեն օր։ 

Երևանի աստղադիտարարանի տնօրենն ասում է՝ առաջիկայում նաև բակը կվերանորոգվի, կթարմացվի աստղադիտարանի տեխնիկական ու համակարգչային ներուժը։ ԵՊՀ և ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարությունն ամեն ինչ անում են, որ ունենանք ժամանակակից գիտակրթական կենտրոն, ֆիզիկայի ու աստղաֆիզիկայի նվաճումների, հատկապես Հայրենական, հանրայնացման կենտրոն։ 

Ցուցադրել ավելի
Back to top button