ԿարևորՎերլուծական

Ի՞նչ կշահի Հայաստանը, եթե Իրանը դառնա ԵԱՏՄ անդամ

Իրանը պատրաստվում է դառնալ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մշտական անդամ։ Այս մասին օրերս հայտարարել է Իրանի Մեջլիսի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը՝ մոսկվյան հանդիպումներից հետո։ Փորձագետների գնահատմամբ՝ այս իրադարձությունը կարող է դառնալ ամենամեծ քաղաքական եւ տնտեսական իրադարձությունը ո՛չ միայն տարածաշրջանային մակարդակում:

Ռուս փորձագետներն, օրինակ, կարծում են, որ ԵԱՏՄ-ին անդամակցելով՝ Իրանն ինքնին կարող է ամբողջությամբ ապաշրջափակվել և նոր գործընկերային հարաբերություններ հաստատել Կովկասի երկրների հետ, որոնցից մեկը՝ Հայաստանը, արդեն իսկ ԵԱՏՄ անդամ է:

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ Իրանը ԵԱՏՄ-ի հետ աշխատանքները նոր չի սկսել և այդ կառույցին անդամակցելու ցանկության մասին նախկինում ևս բարձրաձայնել է։ Փորձագետների գնահատմամբ՝ ԵԱՏՄ-ին Իրանի անդամակցությամբ իրավիճակ է փոխվելու և՛ համաշխարհային, և՛ տարածաշրջանային մակարդակներում։

Նախագիծը, ըստ փորձագետի, բավական շահավետ է ոչ միայն Իրանի համար․ «Իրանի մշտական անդամակցությունը նույնքան շահավետ է նաև ԵԱՏՄ-ի համար, որովհետև իրանական շուկան բավականին մեծ է։ Սա, իհարկե, շատ կարևոր է նաև Հայաստանի համար, որովհետև Հայաստանը միակ ցամաքային սահմանն է, որ ԵԱՏՄ-ն կապում է Իրանի հետ։ Այնպես որ, սա Հայաստանի համար չափազանց կարևոր ձեռքբերում կարող է լինել առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և խորացման տեսանկյունից»։

Իրանագետ Վարդան Ոսկանյանի դիտարկմամբ՝  ԵԱՏՄ-ն, ըստ էության, փոխում իր բնույթը։ Ասում է, որ կառույցը նախկին հետխորհրդային շրջանակից դուրս է գալիս ավելի լայն տարածաշրջան. «Տարածաշրջան, որը աշխարհաքաղաքական իմաստով կարևորագույն դերակատարություն ունի։ Խոսքը Մերձավոր Արևելքի մասին է, իսկ Իրանն այնտեղ առաջատար տերություններից մեկն է»։ 

Ինչ վերաբերում է Հայաստանին՝ իրանագետի գնահատմամբ ակնհայտ է, որ ԵԱՏՄ-ին Իրանի անդամակցությամբ մեր երկրի համար ստեղծվում են մի կողմից  նպաստավոր պայմաններ, մյուս կողմից՝ որոշ տնտեսական մարտահրավերներ։ Որպես նպաստավոր պայման՝ Ոսկանյանը նշում է այն, որ կարող է ձևավորվել հայ-իրանական տնտեսական տարածք․ «Հայաստանը կդադարի լինել պետություն, որը սահման չունի ԵԱՏՄ որևէ այլ երկրի հետ։ Այսինքն, հայ-իրանական սահմանը կդառնա նաև Հայաստանի սահման ԵԱՏՄ մեկ այլ պետության հետ, որը կբերի ո՛չ միայն տնտեսական շահույթներ Հայաստանին (հաշվի առնելով, որ իրանական շուկան մեր առջեւ կբացվի), այլ նաև կուժեղացնի մեր աշխարհաքաղաքական դիրքերը»։  

Անդրադառնալով մարտահրավերներին՝ Վարդան Ոսկանյանը կարծիք հայտնեց, որ դրանք հիմնականում ունենալու են տնտեսական բնույթ։ Նա ուշադրություն հրավիրեց հանգամանքին, որ Իրանում էներգակիրները չափազանց էժան են, այդ բաղադրիչն ունեցող ապրանքները՝  նույնպես։ Դա կարող է ստեղծել մրցակցային առավելություններ իրանական ապրանքների համար Հայաստանի շուկայում։ Խոսքն այն ապրանքների մասին է, որոնք արտադրվում են նաեւ Հայաստանում։ Այդուհանդերձ, իրանագետի գնահատմամբ, գործընթացը միանշանակորեն դրական պետք է համարել, քանի որ նշված ռիսկերն ու մարտահրավերները կառավարելի են։

Իրանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին՝ կարող է դառնալ ամենամեծ քաղաքական և տնտեսական իրադարձությունը ո՛չ միայն տարածաշրջանային մակարդակում: Իրանում հույս ունեն, որ Բայդենի կառավարության օրոք կմեղմվեն ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները։ Ի՞նչ կարող է դա փոխել ԵԱՏՄ-ին անդամակցելու Իրանի քայլերում։

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը նկատում է, որ Բայդենի արտաքին քաղաքականությունն, ըստ էության, նոր է ձևավորվում և մտնում ակտիվ փուլ․ Բայդենի վարչակազմի համար Իրանի հետ հարաբերությունները կարևոր առաջնահերթություն են լինելու։ Բանակցությունների միջոցով փորձելու են հասնել փոխըմբռնման, բայց դա դեռ չի նշանակում միանշանակ հաջողություն՝ հաշվի առնելով իրողությունները, որոնք այս պահին կան Իրան-ԱՄՆ հարաբերություններում, ինչպես նաև Իրան-Իսրայել հարաբերություններում։ Փաստենք, որ լարվածությունն այս պահին այնքան մեծ չէ, որքան Թրամփի վարչակարգի օրոք։ Այնպես որ, կարծում եմ, որևէ դրական տեղաշարժ չի լինի սանկցիաները հանելու մասով, սանկցիաները հանելու սպասելիքներ այս պահին պետք չէ ունենալ։ Պետք է սպասել բանակցություններին և դրանից հետո միայն համապատասխան հետևություններ անել»։ 

Իրանագետ Վարդան Ոսկանյանի կարծիքով՝ կկայանա ԱՄՆ-Իրան համաձայնությունը թե ոչ, Իրանն իր քաղաքականությունն ու տնտեսությունը կառուցում է՝ նկատի ունենալով, որ ԱՄՆ-ն  պատժամիջոցներ կարող է կիրառել ցանկացած պահի։ Հետևաբար, իրանցիները շարունակելու են իրենց քաղաքական ուղեգիծը՝ միտված այլընտրանքային, տնտեսական և քաղաքական դաշինքների մեջ Իրանի անդամակցության ամրագրմանն ու ապահովմանը։

Եվրասիական տնտեսական միությունն ու Իրանը դեռ 2018 թվականի մայիսին ստորագրել են համաձայնագիր, որով ԵԱՏՄ անդամ երկրների և Իրանի միջև ժամանակավորապես իջեցվում կամ վերացվում էին արտահանված ապրանքների մաքսատուրքերը՝ սահմանափակ քանակի համար։ 2019 թվականի հոկտեմբերից ուժի մեջ մտած գործարքի ժամկետը երեք տարի էր։ Այդ ընթացքում ԵԱՏՄ-ն և Իրանը պետք է համաձայնություն ձեռք բերեին առևտրի ազատ գոտու ռեժիմի անցնելու շուրջ։  

Ցուցադրել ավելի
Back to top button