ԿարևորՀասարակություն

Թաղավարդ․ այստեղ թշնամին ամենամոտն է

Խաղացող երեխաների ձայներ, հավ ու աքլորի կչկչոց․ գյուղ մտնող անծանոթին կարող է թվալ, թե Թաղավարդն ապրում է առօրյա կյանքով, անսովոր ոչինչ չկա։ Բայց սա նախկին Թաղավարդը չէ․ գյուղը կիսված է  երկու մասի։ Բուն Թաղավարդը՝ 140  տնով, անցել է թշնամուն։ Այդ հատվածում 520 մարդ էր բնակվում։  Թաղավարդ Կալերը մերն է։ Գյուղը հայկական կողմին կապող միակ ճանապարհն  անցնում է Կարմիր Շուկայով,  իսկ ճանապարհ ցույց տվող գյուղացիներն անընդհատ զգուշացնում են․  «շատ առաջ չգնաք, գյուղի կեսը մերը չէ»:

Բուն Թաղավարդը թշնամու հսկողության տակ  հայտնվեց   հոկտեմբերի 27-ի երեկոյան։

Պատերազմից հետո հոգսը շատացել է, մարդիկ ուզում են խոսել դրանից, կիսվել։  Մեկը պատմում է․ «Իմ ծնողների տունը մնացել է Թաղավարդում, հիմա թշնամին է մեր տանն ապրում։ Էստեղ էլ, իհարկե, վտանգավոր է, բայց մենք այլ միջոց չունենք»։

Թաղավարդի շուրջբոլորը դաշտ ու անտառ էր․ պատերազմի ժամանակ հաջողվել է պահել միայն գյուղը։ 

Գյուղի որ կետից նայես՝ թշնամու դրոշ է երևում։ Թաղավարդ Կալերի վերին մասում   մի քանի տուն է բնակեցված։  Գյուղապետ Օլեգ Հարությունյանն ասում է՝ այս տարածքը ավելի վտանգավոր է․ «Երեխաներին գյուղի ներքին հատված ենք տեղափոխել, էնտեղ են ապրում։ Այս մասը շատ ավելի մոտ է սահմանին»։

Մինչև պատերազմը Թաղավարդն ուներ 609 հեկտար սեփականաշորհված  հող, այսօր մնացել է մոտավորապես 120 հեկտարը՝ ամբողջությամբ թշնամու դիտակետի տակ։ Գյուղացին շվարած է․  հողը վարի՞,ցանի՞, չգիտի՝ ի՞նչ անի։  Օլեգն ասում է՝ հատկապես ծանր է տեսնել, թե ինչպես է թշնամին աչքի առաջ մորրթում իրենց ոչխարները։

Գյուղապետի տունը նույնպես անցել է  թշնամուն, ապրում է հույսով, որ կորցրածը մի օր վերադարձնելու ենք։  Անկեղծանում է, որ մտածում է ոչ թե թուրքին մնացած տան, այլ գերեզմանների մասին․ էլ չի կարողանալու ծաղիկ դնել։ 

Գյուղի կենտրոնում թեժ կռիվներ են եղել։ Օլեգ  Հարությունյանը  պատմում է, թե գյուղի որ հատվածում քանի հոգով են կռվել, քանի զոհ ու վիրավոր ունեցել․ «3 զոհ տվել ենք այս տարածքում, 6 զոհ՝ այս կողմում։ 21 վիրավոր  է եղել։ Մեր զինվորը  հաղթել ա, ռոբոտի նման գալիս էին, չէին էլ նայում՝ էնտեղ մա՞րդ ա,  թե՞  գել ա  սատկել, ախր, շատ -շատ էին»։ 

Թաղավարդ Կալերում  մնացել է 149 տուն, գրեթե   բոլորը՝  վնասված։ 5 տուն հիմնովին է ավերվել, բայց մարդիկ ավերվածը կառուցում են․ բնակիչների մոտ 80  տոկոսը գյուղ է վերադարձել։ Մեզ հանդիպած  մի գյուղացի ցույց է տալիս իր տունն ու վստահեցնում՝ ոչ մի դեպքում չի թողնելու․

«Ես վեց երեխա ունեմ,վեցն էլ ծառայում են հայրենիքին։ Էս իմ տուն ա, որ իմ ձեռքով եմ շինել, ու ես  ուրիշ տեղ չեմ գնալու ապրեմ։ Հայրենիքը միշտ պիտի սիրել, իսկ դավաճանների կոկորդը՝ կտրել»։

Հայրենիքը նեղացել է․ աջ ես նա­յում՝ սահ­ման է, ձախ՝ սահ­ման, վերև՝ սահ­ման։ Թաղավարդցիներն ասում են՝ գյուղը նմանվել է  թե­րակղ­զու։

Back to top button