ԿարևորՀասարակություն

Միահամուռ պետք է աշխատենք բարեկեցիկ համայնք կառուցելու համար.Կոտայքի մարզպետն այցելել է Բյուրեղավան

Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը խորհրդակցություն է անցկացրել Բյուրեղավան խոշորացված համայնքում։ Քննարկվել են համայնքի ընթացիկ և առաջիկա ծրագրերը։

Մարզպետն ընդգծել է մարզպետարան-համայնք միասնական աշխատանքի կարևորությունը:

«Մեր պետության համար բարդ ժամանակներ են։ Ճիշտ է, համայնքում տեսանելի փոփոխություններ են նկատվում, բայց, պայմանավորված կորոնավիրուսային համավարակով և պատերազմով, իրավիճակային որոշ փոփոխություններ տեղի ունեցան, շատ ծրագրեր կիսատ մնացին։ Միահամուռ պետք է աշխատենք՝ ստեղծված իրավիճակը հաղթահարելու և քաղաքացիների համար լավ ու բարեկեցիկ համայնք կառուցելու համար»,- ասել է Մեսրոպ Մեսրոպյանը։

Այնուհետև քաղաքապետ Հակոբ Բալասյանը ներկայացրել է անցած տարի համայնքում կատարված աշխատանքները։

Ըստ քաղաքապետի՝ 2020 թվականին համայնքի սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված 4 սուբվենցիոն ծրագիր է կյանքի կոչվել՝ Բյուրեղավան համայնքի և Նուռնուս բնակավայրի ճանապարհների ասֆալտապատում, Բյուրեղավան քաղաքի պոլիկլինիկայի բակի, շենքի արտաքին տեսքի բարեկարգում, Ջրաբեր բնակավայրում խմելու ջրի բարձր ճնշման խողովակաշարերի և օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցում, Նուռնուս բնակավայրում համայնքային կենտրոնի կառուցում (ծրագիրը նախագծային փուլում է գտնվում):

Անցած տարվա ընթացքում համայնքային բյուջեով և այլ ծրագրերով ձեռք է բերվել մշակույթի տան համար նախատեսված գույք, իրականացվել են նաև ոռոգման ցանցի վերանորոգման աշխատանքներ։

2020 թվականին Բյուրեղավան քաղաքի և Նուռնուս բնակավայրի գիշերային լուսահամակարգերը փոխարինվել են էներգախնայող LED լուսատուներով։
Առաջիկայում այս ուղղությամբ աշխատանքներ կմեկնարկեն նաև Ջրաբեր բնակավայրում։

Ընթացիկ տարում համայնքի կողմից ներկայացվել է սուբենցիոն 3 ծրագրային հայտ։ Տարածքային զարգացման հիմնադրամի հետ համատեղ նախատեսվում է համայնքի երեք բնակավայրերում կառուցել ոռոգման համակարգ։

Մարզպետ Մեսրոպյանը հորդորել է կատարվող և նախատեսված ծրագրերի ողջ ընթացքը պահել խոշորացույցի տակ, շինաշխատանքներն իրականանցնել գործող նորմերին համապատասխան, ավարտել՝ սահմանված ժամկետներում։

Խորհրդակցությունից հետո մարզպետը շրջայց է կատարել համայնքապետարանում գործող Քաղաքացիների սպասարկման գրասենյակում, որը բացվել է 2020 թվականին, համայնքի քաղաքային պոլիկլինիկայում, որի ամբողջ տարածքը, տանիքն ու բակը վերանորոգվել են 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով: Մարզպետին ներկայացրել են, որ պոլիկլինիկայի ներքին վերանորոգման աշխատանքների իրականացման համար սուբվեցնիոն ծրագրային հայտ է ներկայացվել։

Բացի այդ, այս տարի բուժհաստատությունը ծրագրում է լիզինգային ծրագրով ձեռք բերել ռենտգեն սարք, սեփական միջոցների հաշվին՝ լաբորատոր սարքեր: Մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը շրջել է նաև քաղաքում գործող մանկապարտեզում։

Կրթական այս օջախում վերջին տարիներին համայնքի բյուջեով վերանորոգման աշխատանքներ են իրականացվել: Պայմանավորված կորոնավիրուսային համաճարակով՝ մանկապարտեզը չէր գործում, այն կվերաբացվի մարտի 1-ից:

Back to top button