ԿարևորՀասարակություն

ՀՀ սահմաններն ամրացվում են բնակարանաշինությամբ

Հայաստանի սահմաններն ամրացվում են շինարարական, բնակարանաշինական աշխատանքներով։ Սյունիքում եւ Տավուշում մեկնարկել կամ շարունակվում են անհատական բնակելի տների, ենթակառուցվածքների, հասարակական նշանակության կառույցների կառուցման աշխատանքները։ Հարավում Շուռնուխը նոր թաղամաս կունենա, իսկ հյուսիսարեւելյան մի շարք բնակավայրեր՝ նոր տներ, ապաստարաններ, ջրահեռացման համակարգեր։ Սրան զուգահեռ՝ գարնանային հողագործական աշխատանքներին ընդառաջ ականազերծման հարցն է օրակարգում։

Շուռնուխում նոր թաղամասի հիմքերն են դրվում։ Գյուղում խաղաղ է, կյանքը՝ բնականոն։ Միայն թե մարդկանց տրսամադրություններն են հակասական։ Սահմանազատման հետեւանքով առանց տան մնացածների կեցության հարցերը ժամանակավոր լուծում են ստացել։ Հիմնական լուծումը կտրվի բնակելի տների կառուցմամբ նոր թաղամասում, որը կկոչվի «Վերին թաղեր»։

Շուռնուխի նոր թաղամասի  հատակագծման աշխատանքները սկսվել են։ 13 բնակելի տան շինաշխատանքները կմեկնարկեն առաջիկայում։ Ամեն բնակելի տուն կունենա  անասնագոմ, կցանկապատվի։  Բյուջեից այս նպատակով հատկացված 470 մլն դրամով կլուծվեն այն ընտանիքների բնակարանային խնդիրները, որոնք տնից զրկվել են Շուռնուխի վերջին սահմանազատումների հետեւանքով։ Քաղշինկոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը ժամկետերից է խոսում։

«Աշխատանքները կազմակերպված են այն հաշվարկով, որ մինչև  տարեվերջ ավարտենք բնակելի տների կառուցման  և  բնակեցման գործընթացները»,- ասում է Արմեն Ղուլարյանը։

Հաջորդ տարի ենթակառուցվածքներ կկառուցվեն․ հնարավոր է հասարակական և գյուղարտադրական նշանակության որոշ կառույցների կարիք առաջանա։ Դրանք պետք է ավարտվեն 2023 թվականին, տեղեկացնում է կոմիտեի նախագահը։  Բայց կեցության հարցերին զուգահեռ՝ բնակչությանը հուզող հիմնական հարցը անվտանգության երաշխիքներ ունենալն է․ Սյունիքի հարցերով զբաղվող  աշխատանքային խմբի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանն է մտահոգությունը փոխանցում։ 

 «ԱԻՆ-ի հետ համատեղ քննարկում ենք Սյունիքի մարզի բնակավայրերում  քաղպաշտպանության հենակետերի տեղադրման և Գորիս-Սիսիան ճանապարհահատվածի  խնդիրները։ Այս հատվածում ճանապարհները երբեմն փակվում են ձմռան ամիսներին»,-տեղեկացնում է Ռոբերտ Ղուկասյանը։

Շուռնուխում խիստ սահմանափակվել են գյուղատնտեսության ու անասնապահության հնարավորությունները, որն այս գյուղի բնակիչների հիմնական զբաղմունքն է։ Այս հարցը ևս բարձրացվում է գործադիրի նիստում։

«Հատկապես մեծ  խնդիր է առաջանում Որոտան բնակավայրում, որի վարչական տարածքը շատ փոքր է։ Այս ոլորտների ուղղությամբ աշխատում ենք էկոնոմիկայի նախարարության հետ  և շուտով կունենանք վերջնական լուծումներ, որոնք կապված կլինեն, թե՛ ջերմոցային տնտեսության, թե՛ ինտենսիվ գյուղատնտեսության, թե՛  խելացի անասնագոմերի հետ։ Այդ համատեքստում ակտիվ աշխատում ենք նաև շրջակա միջավայրի նախարարության հետ»,-ասում է Ռոբերտ Ղուկասյանը։   

Շինարարական աշխատանքներով ամրացվում են նաեւ Հայաստանի հյուսիսարեւելյան սահմանները՝ Տավուշի որոշ բնակավայրերում։  Վարչապետ  Փաշինյանը հետաքրքրվում է նախորդ տարի մեկնարկած աշխատանքների ընթացքով։   Ռոբերտ Ղուկասյանը մանրամասնում է՝ Այգեպարում տների կառուցման ու վերանորոգման աշխատանքներն ավարտին մոտ են,  վերջին փուլում ՝ ջրահեռացման  համակարգերի կառուցումը։ Այգեպարում շուտով կբացվի նաև  բոլոր նորմերին համապատասխան ապաստարան։ Իսկ Չինարիում տան կառուցման հաջողված փորձը կկիրառեն Սյունիքում՝ ասաց Ռոբերտ Ղուկասյանը։

«Չինարիում մեկ տունը, որ կառուցում էինք, շատ հաջողված է, որը Սյունիքի մարզում նույնությամբ փորձում ենք կիրառել»։

Ներքին Կարմիրաղբյուրում կառուցվելիք  պուրակի աշխատանքների ընթացքից Փաշինյանին չի գոհացնում։ Նախորդ օգոստոսի պայմանավորվածություններն օդում են մնացել։

«Մենք մարդկանց խոստացել ենք, ֆինանսավորել ենք, նախագիծը՝ հաստատել, տեղում նայել ենք, համաձայնությունները ձեռք ենք բերել, պարզվում է՝ արված չէ՞»։  

Մինչ գարնանային հողագործական աշխատանքների մեկնարկը Սյունիքի մարզի հնարավոր բոլոր համայնքներում սկսվել են  ականազերծման աշխատանքները։

Back to top button