ԿարևորՀասարակություն

Հայկական «նավատորմի» հիմնադիրն ու վտարանդի եռագույնի ոդիսականը

1920 թվականին Հայաստանի  Հանրապետության կառավարումն անցնում  է կոմունիստներին։ 21-ի փետրվարին երկրում ժողովրդական դժգոհություն է հասունանում, որը վերածվում է ապստամբության։ 1921 թվականի փետրվարի 1-10-ը ձևավորվում է Հայաստանի փրկության կոմիտեն՝ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ։ Փետրվարի 13-ին այն հայտարարեց քաղաքացիական ապստամբություն։ Ազդանշանը տալիս են Արագածի ստորոտում վերաբնակված սասունցիները։

Փետրվարի 18-ին  ապստամբները մտան Երևան։  1921 թվականի ապրիլի 2-ին  Երևանի վերագրավումով բոլշևիկները ճնշեցին փետրվարյան ապստամբությունը՝ ամրագրվելով որպես մեր պատմության ուշագրավ էջերից մեկը, որի անխոս վկաներից է Հայ հեղափոխական դաշնակցության պատմության թանգարանում պահպանվող դրոշը։ Արկածներով լի ճանապարհ անցած հայոց եռագույնի ու փետրվարյան ապստամբության հետաքրքիր կերպարներից մեկի՝ Տիգրան Ծամհուրի մասին «Ռադիոլուրը» զրուցել է  Դաշնակցության պատմության թանգարանի տնօրեն Անուշ Ամսեյանի հետ։

«Այո, Տիգրան Ծամհուրը հորեղբայրս է։ Հինգ եղբայր են եղել, եղբայրներից մեկը՝ Լևոնը, Անդրանիկի գնդից էր, իսկ Տիգրանը դեռ Սանասարյան վարժարանում սովորելու տարիներին՝ լինելոլ Ռոստոմի աշակերտը, անդամագրվել է դաշնակցությանը և նրա հետ միասին ծավալել իր գործունեությունը Արևմտյան Հայաստանում։  1919 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Կիլիկիայից ընտրվեց որպես խորհրդարանի անդամ և ընտանիքով տեղափոխվեց Հայաստան՝ ծավալելով բավականին լայն գործունեություն»։

Անուշ Ամսեյանի խոսքով՝  Տիգրան Ծամհուրին կոչում էին Հայաստանում  «նավատորմի» հիմնադրման հեղինակ։ Սիմոն Վրացյանը Ծամհուրին կատակով անվանում էր կապիտան Սեյմուր։  Բանն այն է, որ Սևանի արևելյան ափից թաթարական  գյուղերից գնդակոծում էին մեր գյուղերը։ Ծամհուրը կառավարությանն առաջարկում է կազմակերպել, այսպես կոչված, նավատորմիղ։ Ինչ էր դա․ ընդամենը պատրաստում էին նավակներ, որոնց վրա տեղադրում էին հրանոթներ, որոնք Սևանի վրա լողալով գնդակոծում էին թաթարական գյուղերը։ Դա հնարավորություն տվեց սանձել վերջիններին ու ապահովել հայկական գյուղերի անվտանգությունը։

20 թվականին, երբ բոլշևիկները մտան Հայաստան, շատերը հեռացան երկրից։ Նույնիսկ  Ծամհուրին  ճանաչող բոլշևիկ ընկերները կյանքը փրկելու համար նրան խորհուրդ էին տվել  հեռանալ, բայց նա չէր հեռացել և հունվարյան ցրտերին Դալմայի այգիներում  էր թաքնվում։

«Նրա հետ կապը պահում էին սկաուտական ակտիվիստների միջոցով։ Ծամհուրը մնաց այնտեղ մինչև փետրվարյան ապստամբությունը։ Փետրվարի 18-ին ապստամբները մտան Երևան։ Ուսանողական գվարդիայի ուղեկցությամբ, այն ժամական «Արմյանսկայա», այժմ՝ Մաշտոցի պողոտայով Տիգրան Ծամհուրը ՀՀ դրոշը տանում է դեպի խորհրդարանի շենք, որտեղ այժմ  Հակոբ Պարոնյանի անվան թատրոնն է։ Եռագույն դրոշը բարձրացնում է շենքի տանիք,  այն կանգնեցնելու պահին ամբոխից երեք փամփուշտ է ստանում։ Մինչև իջեցնում են, տուն են հասցնում, մահանում է»։ 

Ամսեյանի բնորոշմամբ՝ այս  դրոշը դարձավ նույնպիսի վտարանդի, ինչպիսին մեր ժողովուրդն է։ Հասավ Ֆրանսիա, հետո՝ Միացյալ Նահանգներ։  1994 թվականին հերոսական եռագույնը Հայաստան վերադարձավ: Այժմ  ցուցադրվում է Հայ հեղափոխական դաշնակցության պատմության թանգարանում։

«Դա Առաջին Հանրապետության միակ հայտնի դրոշն է։ Համապատասխանում է այն ժամանակ որոշված չափսերին և գունային գամմային՝ կարմիր, կապույտ և նարնջագույն։  Ճիշտ է, Արամ Մանուկյանը դեղին է գրել իր հրահանգներում, բայց պատճառն այն է, որ այդ օրերին Հայաստանում նարնջագույն կտոր գտնելը դժվար էր։ Հետո գտնվեց և միշտ նարնջագույն է եղել։ Եթե մեր սահմանադրության մեջ գրված է նարնջագույն, ուրեմն իրավունք չունենք փոխելու այդ սահմանադրության տառը և բառը»,-ասում է Ամսեյանը։

Back to top button