ԿարևորՀասարակություն

Զենք կրելու իրավունք՝ սահմանամերձ գյուղերի բնակիչներին․ առաջարկ ԱԺ-ից

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության  պատգամավոր Արմեն Խաչատրյանը և անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն օրենքի նախագիծ են մշակել, որով  առաջարկում են  սահմանամերձ գյուղերի  բնակիչներին զենք կրելու թույլտվություն տալ։ Նման առաջարկ հնչել է նախկինում էլ, բայց օրինագծի չի վերածվել։

Սահմանամերձ բնակիչներին զենք կրելու իրավունք տվող նախագիծը խորհրդարանում դեռ շրջանառության մեջ չի դրվել։ Հեղինակները խոստանում են դա անել առաջիկա օրերին, մեկ ամսվա ընթացքում քննարկել ոլորտային հանձնաժողովում և նախագիծն ընդգրկել լիագումար նիստերի օրակարգում։ Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը վստահ է՝ կունենան նաև կառավարության համաձայնությունը։

«Կարծում եմ՝ կառավարությունն ընդառաջ կգնա, այնպիսի կարգավորումներ  կունենանք, որ այս պրոցեսը սահմանամերձ գոտու բնակիչների համար հնարավորինս լինի և հնարավորինս թեթևացնի խնդրի լուծումը»։  

Հայաստանում սահմանամերձ համայնքները 38-ն էին, հիմա դրանց ավելացել են ևս 39-ը․ 33–ը՝ Սյունիքում, 6-ը՝ Գեղարքունիքում:  Ըստ հեղինակների՝ նոր իրողություններն են ստիպում մտածել բնակչությանը զինելու մասին։ Ասում են՝ այդ քայլով կամրապնդեն սահմանամերձ գյուղերի բնակիչների ինքնավստահությունը,  կկանխեն գյուղերի դատարկվելը։  

Օրենսդիրներից նման նախագիծ պահանջողներից մեկն էլ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն է․

«Լրացուցիչ վստահություն ձեռք կբերեն մեր գյուղացիները, մեր քաղաքացիները։ Իսկ այդ վստահության ձևերից մեկը  հենց  զենք  ունենալն է։ Մտածենք, թե ինչպես անենք, որ յուրաքանչյուրն իր տանն ունենա զենք․ տղամարդկանց մասին է խոսքը։ Դրանով էլի վստահություն ձեռք կբերվի, վախը կկորսվի և  վստահ կլինեն, որ կարող են ինքնապաշտպանվել»։

Օրենքի հեղինակը հստակեցնում է՝ նախագիծը մշակվել է սահմանամերձ համայնքի բնակիչների և համայնքապետերի հետ հանդիպումներին և քննարկումների արդյունքում։  Տագնապել և նախագծի հիմքում այլ նպատակներ փնտրել, ասում է,  պետք չէ․

«Բնակիչներին հիմնականում անհանգստացնում է փաստը, որ սահմանում արդեն տեսանելի են ադրբեջանական հենակետերը։ Բնակչության մեծ մասը զբաղվում է անասնապահությամբ։ Դրա հետ կապված ևս ռիսկեր կան։ Ըստ բնակիչների՝ եթե իրենք ակոսավոր որսորդական հրազեն ունենան, անվտանգության զգացողությունը կբարձրանա, որևէ վախ չեն ունենա օրվա տարբեր ժամերին՝ գիշերը և այլն, արոտավայրեր գնալիս։ Բայց առաջարկը  սահմանային իրավիճակով պայմանավորելը տեղին չէ։ Նպատակը մեր բնակիչների անվտանգության զգացողությունը բարձրացնելն է»։

Օրենքի նախագծով փոխվում են որսորդմիության 5 տարվա անդամակցության պահանջին վերաբերող կարգավորումները։ Պատգամավորը համոզված է՝ գյուղերի բնակիչները, կյանքի բերումով, զենքին լավ տիրապետում են, և նրանց դեպքում որսորդմիության անդամ լինելու պահանջն  իմաստազուրկ է։

Սահմանամերձ բնակիչներին զինելու անհրաժեշտության մասին տարիներ շարունակ խոսում է նաև «Ողջ մնալու արվեստ» հասարակական կազմակերպության հիմնադիր, «ՈՄԱ» կամավորական գումարտակի հրամանատար Վովա Վարդանովը։ Գործող իրավակարգավորումները նա նույնպես թերի  է համարում։

«Հակառակորդին առաջինը հանդիպում է  սահմանամերձ գյուղի բնակիչը։ Օրենքը թերի է իր սահմանափակումներով, երբեմն աբսուրդային։ Բանակից նոր–նոր վերադարձած, միգուցե հատուկ զորքերում ծառայած սերժանտը կամ թնդանոթից կրակող զինվորը չի կարող ակոսափող զենք ունենալ, իսկ այն մադրուն, որը փորը աճեցրած, հարբելով որսի էր գնում, մեկ-մեկ լոր էր սպանում, եթե որսագող չէր , կարող էր։ Ուրիշ թերություն․ չկա գլխավոր պայմանը։ Թվում է՝ եթե մարդը «պսիխ», հարբեցող և թմրամոլ չէ, արդեն  բավարար է։ Ոչ, բավարար չէ։ Գլխավորն այն է, որ նա  ինքնապաշտպանական խմբում կամ ջոկատում  ընդգրկված լինի։ Օրենքի մեջ կետ կարելի է ավելացնել․ եթե մեկ տարվա ընթացքում ինքնապաշտպանության տարածքային կառավարման ենթակայության տակ աշխարհազորի որևէ  ստորաբաժանման մեջ ընդգրկված չէ, կարող է զրկվել լիցենզիայից»,-ասում է Վովա Վարդանովը։

Նախագծի հեղինակն ընդունում է, որ զենք կրելու իրավունքի ընդլայնումը նաև ռիսկեր ունի։ Դրանք չեզոքացնելու համար  հատուկ կանոններ կանոններ կմշակվեն․ սահմանամերձ համայնքների բնակիչները զենքը կրելու, պահելու ու կիրառելու հմտությունների հատուկ ուսուցում կանցնեն, իսկ ոստիկանությունը  կուժեղացնի հսկողությունը։

Ըստ նախագծի՝ ոչ բոլոր սահմանամերձ բնակավայրերի բնակիչները զենք կրելու իրավունք կստանան։ Համայնքների ցանկը կհաստատի կառավարությունը՝ ըստ անհրաժեշտության և խնդիրների առաջնահերթության։

Back to top button