ԿարևորՀասարակություն

Արցախ վերադառնալն անհրաժեշտություն է

Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղից Էջմիածնի «Մեր Տուն» հասարակական կազմակերպությունում օթևանած վիրավոր Ստեփան Աբալյանի ընտանիքը հաստատակամ վերադառնալու է Արցախ, շենացնելու ու պահելու հայրենի եզերքը: Բայց դեռ չի կարող, քանի որ գտնվում է բուժման մեջ: Ոտքը բեկորային վնասվածք է ստացել և 3-րդ անգամ է վիրահատվ ելու, իսկ  նրա բանկային քարտի վավերականության ժամկետի լրացման պատճառով չի կարողացել ստանալ կառավարության հատկացրած օգնության  գումարները:

Աբալյանների 5 հոգանոց ընտանիքն  արդեն 2 ամիս ապրում է Էջմիածնի   «Մեր Տուն» հասարակական կազմակերպությունում:  Պատերազմի ընթացքում այս օջախը դռները բացեց  Արցախից տեղահանված բնակիչների առջև:  Կառույցի ղեկավար  Տիգրանուհի Կարապետյանի խոսքով՝ չնայած իրենք  հիմա ֆինանսական ծանր կացության մեջ են, բայց չէին կարող անտարբեր գտնվել տունը կորցրած հայրենակիցների նկատմամբ.

«Հիմա կազմակերպության համար շատ դժվար է, չունենք մշտական հովանավորողներ, բայց մի կտոր հաց կլինի, հաց կուտենք, բայց թող գան ապրեն, իրենք իրենց խերը կբերեն իրենց հետ»:

2-3 ամիս օթևան էին  տվել Հադրութից ու Ստեփանակերտից տեղահանված 4 ընտանիքի: Կեցավայրի  գազի ու էլեկտրաէներգիայի  ծախսերը փոխհատուցում է կառավարությունը, իսկ  կենվորների  սնունդն ու հագուստը հատկացնում քաղաքապետարանն ու բարեգութ մարդիկ: Արցախցի 4 ընտանիքից  երեքն  այլ բնակավայր են տեղափոխվել, հիմա մնացել է մեկը: 

Ուխտաձորցի Ստեփանն ու Մարգարիտան զինվորականներ էին, կինն աշխատել է  Ջրականի զորամասում, ամուսինը՝ Տողի հրշեջ փրկրարարական ջոկատում: Պատերազմի ժամանակ գյուղից  ստիպված էին հեռացել, վտանգը մեծ էր:

«Երեխեքը պեժամով, ես էլ հասցրի պարանից մին երկու շոր վերցնեմ, խառը, մեկ էլ մին երկու թուղթ: Անհամբեր սպասում էի, որ հեսա կպրծնի: Մինչև վերջին պահը չէինք հավատում, որ արդեն վերցրել են էդքան, Շուշին…»:

Կապիտուլյացիայից հետո էլ չեն դադարել երազել տուն վերադառնալու մասին, մի ամբողջ հարստություն են թողել Ուխտաձորում: Այն Հադրութի շրջանի բարեկեցիկ գյուղերից մեկն էր,  որն  օր-օրի նոր տեսք ու շունչ էր ստացել.

«Հատկապես վերջին երկու տարին լավ էր՝ գազ գցեցին, ճանապարհները սարքեցին, ջուր գցեցին»,-ասում է Մարգարիտա Սաֆարյանը, ամուսինն էլ շարունակում.

 «Հինգ կով ունեինք, 10 հատ խոզ, 10 հեկտար արտ էինք ցանում, ցորեն, գարի: Սեփական հողը քիչ էր՝ 2.5 հա, վարում էի ուրիշի հողերը, որոնք չէին ցանում: Մինչև 100-120 հատ հավ էինք պահում: Վատ չէր, ապրուստը գյուղում, գյուղացիների համար վատ չէր: Օրինակ՝ մեր գյուղում ես չէի ասի, որ վատ ապրող մարդ կլինի»:

Հադրութի հրշեջ փրկարարական մասին կից Տողի հրշեջ փրկարարական   ջոկատի պետ Ստեփան Աբալյանը պատերազմի ժամանակ վիրավորվել էր արկի բեկորներից, փշրվել էր ազդոսկրը: Մինչև գիտակցության կորուստը նա  հասցրել է օգնություն խնդրել գործընկերներից.

«Արդեն, որ Տողին վտանգ էր սպառնում, արդեն Հադրութը վերցրած, մեր պաժառնի՝ հակահրդեհային ավտոն տարա կողքի գյուղը կանգնեցրի, Ազոխ: Հետ գալուց, տենց 7-ի վրա էր իրիկունը, կողս պայթելա, ավտոյի մեջ էի մենակ: Ոտքս վիրավորվեց, արդեն գիտակցությունս գցելու վրա էի, զանգեցի մեր հրամանատարին, օգնություն կանչեցի, ասեցի՝  կարողա վատանամ:  ժամանակին եկան, հասան»:

Առաջին օգնությունը կարմիր Շուկայի  հոսպիտալում էր ստացել, հետո վիրահատվել Ստեփանակերտում, ապա տեղափոխել Երևան՝ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ,  որտեղ արվել էր 2-րդ վիրահատությունը: 50 օր հետո Ստեափանը միացել էր ընտանիքին և տեղափոխվել  Էջմիածնի «Մեր Տուն» հասարակական կազմակերպություն:  Ստեփանի վերքերը դեռ չեն լավացել, հիմա Մուրացանի հոսպիտալում է,  ոտքը նորից են վիրահատելու: Կինն ասաց, որ ազդոսկրի կոտրվածքը դեռ չի կպել, ինֆեկցիա է անցել:

Նա 2 երեխա ունի՝ 8 տարեկան Վանիկն ու  և 1.5 տարեկան Վերժինեն:  «Մեր Տան» աղջիկները հոգատարությամբ են շրջապատել երեխաներին:

Արցախի Կառավարության հատկացրած ֆինանսական աջակցություններից ընտանիքի անդամները  վերջերս են օգտվել, բացի Ստեփանից: Նրա բանկային քարտի վավերականության ժամկետը լրացել է և չի կարողացել նոր քարտ  ստանալ, քանի որ վիրավոր է և 4 ամիս  գտնվում է բուժման մեջ:  Նրա  ընտանիքը հիմա դրա կարիքն ավելի ունի: Ստեփանը չի հուսահատվել, ապաքինվելուց հետո որոշել է  վերադառնալ Արցախ.

«Անպայման կէթամ, ընտանիքս կվերցնեմ, կէթամ: Ինչքան  ըլնի-չըլնի մեր հողն ու ջուրնա: Էթանք, բազմացնենք, թեկուզ մեր գյուղում չենք ըլնելու, բայց էլի մեր հողնա: Որ ես չէթամ, էն մեկը չէթա, տհենց էլ վաբշե ավերակ կդառնա: Տի հետ գնանք, մեր հողն ու ջուրը պահպանենք: Ես չեմ կարա մնամ»:

Թոշակառու մայրը՝ Ժենյա Աբալյանն օր առաջ է ուզում հասնել Արցախ, նա այնտեղ թողել է  որդու և ամուսնու շիրիմները,  իսկ մինչ այդ աղոթում է Ստեփանի  առողջացման համար:

«Էն առաջին պատերազմը, որ եղելա, գեներալը (Մանվել Գրիգորյանը) չթողեց: Իմ մեծ տղես զոհվեց էդ պատերազմում: Նշանված էր, 25 տարեկան: Բա ես կյանքում կմոռանամ էդ տարիները: Ասեցի՝ պատերազմը գնա, էլ պատերազմ չտեսնենք: Էլի եկավ մեր գլխին: Հիմա էլ էս տղաս ա վիրավոր»:

Ժենյա տատիկը հավատացել էր այս պատերազմի հաղթանակին.

«Ես չեմ ուզեցել գամ, ասել եմ երեխեքին՝ դուք գնացեք, ես մնամ գյուղում, կարողա ապրիլյանի նման մի 4 օր, 3 օր ըլի, տևի պատերազմը: Մենք ապրանք ունենք, ամեն ինչ թողել ենք, զոռով ինձ բերին: Ամուսինս նոր մի տարի ա, որ մահացելա՝ 80 տարեկան էր»:

Աբալյանների ընտանիքը ժամանակավոր գտնվելով Հայաստանում կրկին համոզվել է, որ  Արցախում ապրելն ու ապրուստ ստեղծելն ավելի հեշտ է, պետք է վերադառնան ու շենացնեն, պետք է շատ երեխաներ ունենան, որ պահեն իրենց հողը:

Back to top button