ԿարևորՀասարակություն

Ավելի անվտանգ ու հուսալի շենքեր․ նոր նորմեր են մշակվել

Ավելի ամուր, անվտանգ ու հուսալի շենքեր ունենալու համար Հայաստանում վերանայվում ու հաստատվում են սեյսմակայուն շինարարության նախագծման նորմերը։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մասնագետները այսօր ներկայացրել են վերջին թարմացումները։ Ասում են՝ դրանք կարող են օգտակր լինել․  

«Մշակված նորմերի պահպանման դեպքում շենքը կամ կառույցը պետք է ապահովի «Life safety», այսինքն՝ մարդկանց ոչ մի բան չպիտի լինի, իրենց կյանքին ոչինչ չպիտի սպառնա։ Գլխավորը մարդու անվտանգությունն է»։

Նորմերի պահպանումը պարտադիր է շինությունների նախագծման փուլում, Շինարարության ֆակուլտետի դեկան Դավիթ Գրիգորյանը հիշեցնում է՝ անցյալում կիրառվել են նորմերին չհամապտասխանող ամրաններ, իսկ այօր կիրառվողները  նորմավորված են։

Նոր՝ երկրաշարժադիմացկուն շինարարության նորմերը վերաբերում են նաև շինությունների երկաթբետոնե պատերին, դրանցում բացվող դռների ու պատուհանների համար նախատեսված բացվածքներին, բարձրահարկ շենքերի ճակատային հատվածը ձևավորող սալիկներին․

«Մենք բոլորս տեսնում ենք սալիկապատված բազմահարկ շենքեր, բայց այդ սալիկները ժամանակի ընթացքում նույնիսկ ստատիկ վիճակում ընկնում են, իսկ երկրաշարժի ժամանակ ավելի խոցելի են, կարող են բերել փլուզման։ Դրա համար այս նորմերում արդեն սահմանափակված են»։

Երևանում շենքերի մեծ մասը կառուցվել է խորհրդային տարիներին, խորհրդային չափանիշներով։ Դրանց վիճակը, ըստ մասնագետների, վատ է․կարիք ունեն սեյսմազինվածության, որը լուրջ խնդիր է․ լուծման հնարավորությունները սուղ են։

Բանախոսներն ասում են՝ այսօր Հայաստանում ներդրված են ժամանակակից շինարարական տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս լինել լավատես, որ  կունենանք սեյսմակայուն ու անվտանգ շինություններ։ Նախագծման աշխատանքից սկսած՝ ամեն ինչ պիտի արվի, որ շինությունը մահվան պատճառ չդառնա։

Միայն նախագծման աշխատանքները, սակայն, բավարար չեն, նորմերը բոլոր փուլերի համար են․

«Դրանք պահպանվում են, եթե կարգապահ է և՛ նախագծողը, և՛ կառուցողը, և՛ բնակիչը»։

Պահպանված նորմեր, ազնիվ շինարար և, իհարկե, բնակիչ, որը սեփական նախաձեռնությամբ ու նախագծով չի մեծացնի պատշգամբը ու չի տեղաշարժի պատուհանը․ մասնագետներն ասում են՝ այսպես կարելի է պայքարել երկրաշարժի դեմ, կամ որ ավելի խելամիտ է՝ ապրել դրա հետ հաշտ։

Back to top button