Սփյուռքի ձայնը

Ինչպես բիզնես սկսել, կրթություն ստանալ, բանկում հաշիվ բացել. պատասխանները՝ մեկ հարթակում․ «Սփյուռքի ձայնը»

Ինչպե՞ս կողմնորոշվել նոր միջավայրում։ Հայրենադարձի համար սկզբնական շրջանում շատ դժվար է հարմարվել նոր կյանքին։ Հենց նոր ստեղծվելիք հարթակն էլ նպատակ ունի հեշտացնել նոր միջավայրին հարմարվելը եւ խթանել հայրենադարձությունը։

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Gov Tech Սփյուռքի և Հայաստանի ստարտափների ծրագրի մրցույթում հաղթել է Tech Surfing ընկերությունն իր Armenia Connect ստարտափով:

Armenia Connect-ը ավտոմատացված միջոց է։ Կայքի օգնությամբ հայրենիք վերադառնալու ցանկություն ունեցողները կարող են իմանալ` ինչպես բանկում հաշիվ բացել, քաղաքացիություն ստանալ, ինչպես կրթություն ստանալ, բիզնես ստեղծել, անհրաժեշտ մասնագետների գտնել և այլն:

Կայքը լինելու է երկլեզու՝ հայերեն և անգլերեն: Tech Surfing կազմակերպության նախագծի ղեկավար Մարիամ Սարգսյանը և Գերմանիայում բնակվող իրանահայ, Tech Surfing կազմակերպության համահիմնադիր Միգանուշ Մագարյանը ծանոթացել են 2015 թ-ին ՝ Հայաստանում Tech Surfing կազմակերպության մասնաճյուղ ստեղծելու ժամանակ:

Tech Surfing- ը Գերմանիայում իրականացնում է կրթական ու սոցիալական ծրագրեր, տարբեր ոլորտների ներկայացուցիչների միջեւ կապեր է ստեղծում, դրանց մասին տեղեկացնում հասարակության տարբեր հատվածների, ասում է համահիմնադիր Միգանուշ Մագարյանը:

«Իմ ընտանիքը, երբ հաստատվում էր Հայաստանում, նույնպես շատ խնդիրների առաջ է կանգնել՝ բիզնես սկսելու, քաղաքացիություն ստանալու համար և այլն: Փորձելով տարբեր միջոցներ, որոնք աշխատել կամ չեն աշխատել, շատ հայեր են անցել դրա միջով՝ Հայաստանում հաստատվելիս:

Հենց դրա համար ստեղծենք այս կայքը, որտեղ նաև արդեն հայրենադարձված հայերը կկիսվեն իրենց փորձով, հմտություններով և այլն»,- պատմում է Միգանուշը` նշելով, թե ինչը նման գաղափարի ստեղծման եւ իրագործման պատճառ դարձավ:

Նրա գաղափարակից Մարիամ Սարգսյանն էլ ավելացնում է, որ Հայաստանում ՏՏ ոլորտը մեծ թափ է առել, բայց հայրենադարձվողներից շատերի համար այս ոլորտն անծանոթ է: Մեր խնդիրն է նրանց օգնելով՝ օգնել նաև տարբեր մասնագետների՝ իրենց ներկայացնելով և ծանոթացնելով միմյանց հետ, պարզաբանում է Մարիամ Սարգսյանը:

Հայաստանում և ամբողջ աշխարհում ՏՏ ոլորտը գործիք է, որն օգնում է ոչ միայն կապեր ստեղծելուն, այլեւ տնտեսության զարգացմանը:

Back to top button