ԿարևորՀասարակություն

Ֆրանսահայ լրագրողը ստեղծել է առաջին հայ- ֆրանսիական ինտերնետային հեռուստաալիքը

«Հայերն այսօրը» տեսանյութ է պատրաստել Նարե Թադևոսյանի մասին, որը մի քանի տարի առաջ է տեղափոխվել Ֆրանսիա և արդեն ստեղծել է առաջին հայ- ֆրանսիական ինտերնետային հեռուստաալիքը Ֆրանսիայում։

«Ստեղծեցինք հայ- ֆրանսիական ինտերնետային հեռուստաալիք՝ «Arménie Info» անունով՝ տեղեկատվություն Հայաստանից։ Հեռուստաալիքը հայերեն է, որոշ հաղորդումներ էլ ֆրանսերեն են։ Ներկայացնում ենք մշակութային, ինչու չէ նաև քաղաքական անցուդարձը, որը անմիջականորեն կապ ունի Հայաստանի և հայերի հետ։ Նաև մի քանի հաղորդումներ ենք անում համագործակցելով Հայաստանի մասնագետների հետ և իրավիճակը այստեղ ենք ներկայացնում»,- ասում է Նարեն։ 

Հեռուստաալիքը շատ կարճ ժամանակում սիրվել է ֆրանսիացիների և տեղի ֆրանսահայերի կողմից, և սա էլ մի նոր մոտիվացիա է դարձելՆարեի համար, որ ստեղծի արդեն խոհարարական հաղորդումների նոր շարք․ 

«Այդպես էլ եղավ գաղափարը, որ ես պետք է ստեղծեմ մի հաղորդաշար, որի շրջանակներում ես գնում եմ հյուր` սփյուռքահայ ընտանքիներին և բացահայտում ենք  իրենց տատիկից փոխանցված բաղադրատոմսերը։ Հաղորդումը կոչվում է «Մեծ մայրիկիս բաղադրատոմսերը»։։

Շարունակելով կարևորել հայկականը և դրա մասին բարձրաձայնելը՝ Նարեն և իր ամուսինը ֆրանսահայ հանդիսատեսի դատին են հանձնել «Հայաստանի գանձերը» գիտաճանաչողական ֆիլմը։ Դրական արձագանքներից հետո նկարահանվել է 2-րդ երկլեզու ֆիլմը՝ այս անգամ հայ- ֆրանսիական համագործակցության արդյունքում։ 

«Այն գիտաճանաչողական ֆիլմ է, որը դիտելիս գաղափար կկազմես, թե ով է հայը իր մշակույթով, քաղաքակրթությամբ։ Բավականին մեծ հաջողություն ունեցանք, ավելի քան 40 ցուցադրություններ եղան Ֆրանսիայում, Կանադայում, Բելգիայում»,- նշում է Նարե Թադևոսյանը։ 

Հայրենիքից հեռու լինելով էլ Նարեն ստեղծագործում է հայերեն։ Նա ամեն շաբաթ Հանրային հեռուստաընկերության Լուրեր հաղորդման ժամանակ պատմում է սփյուռքյան նորությունները։ Նրա համար ամենակարևորը հայապահպանությունը խթանելն ու դրսում հայկական մշակույթը լիարժեք ներկայացնելն է։

Back to top button