ԿարևորՀասարակություն

Տեխզննում․ ինչպես ձևականը դարձնել իրական

Ոչ վաղ անցյալում, ցույց տալու համար, որ մեքենան անվտանգ է, պետք էր գնալ թաղապետարան, համապատասխան մուծում անել բանկում և վերջում ամենակարևորը՝ տեխզննման կտրոնը խնամքով փակցնել մեքենայի դիմապակուն։ Հայտնի է, սակայն, որ ամեն օր գրանցվող ավտովթարների հիմնական պատճառը հենց մեքենայի անսարքությունն է, ուրեմն, տեխզննման թղթով խնդիր չի լուծում։

Պատգամավորները, որ նաև վարորդ ու հետիոտն են, անցած հունվարին ընդունեցին կառավարության փոփոխությունների առաջարկը և կողմ քվեարկեցին «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին։ Սահմանվում են տրանսպորտային միջոցների տեխզննման նոր ընթացակարգ, նոր ժամկետներ։ Փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 6 ամսից։

Մեքենաների տեխզննումն այլևս ձևական չի լինի։ Տեղեկատվությունը՝ անցե՞լ է մեքենան տեխզննում, թե՞ ոչ, էլեկտրոնային եղանակով կփոխանցվի Ոստիկանություն, կպահվի տվյալների բազայում: Փոխվելու են տեխզննման կանոնները։ Մանրամասներ այս մասին «Ռադիոլուրի» հետ զրույցում ներկայացրել է Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը․

«Տեխնիկական զննության հատուկ կետեր են սահմանվելու, տեխնիկական զննության կտրոն այլևս չի լինի։ Այդ ամենն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով, և յուրաքանչյուր մեքենա իր քարտն է ունենալու։ Էլեկտրոնային դարաններում երևալու է՝ մեքենան տեխզննումն անցե՞լ է, թե՞ ոչ։  Ըստ կանխատեսումների՝ այս ամենի արդյունքում գոնե տարրական թերությունները վերացված կլինեն»։

Երթևեկության փորձագետ Արտակ Խաչատուրովը նույնքան լավատես չէ։ Ասում է՝ կանցնի մի քիչ ժամանակ, և փոփոխված տեխզննումը նորից  կդառնա ձևական։

«Նախկինում էլ կար տեխզննում, բայց թղթաբանությամբ, նույնը հիմա են անելու։ Սկզբնական շրջանում ՝ 1-1.5 տարի վախից տեխզննման կայանները կսկսեն ճիշտ աշխատել, հետո նորից նույն թղթաբանությունն է լինելու։ Ավելի լավ մեթոդ կար։ Մեքենայի տեխզննման մեջ միակ շահագրգիռ հիմնարկը ապահովագրական ընկերությունն է։ Առաջարկել էինք, որ տեխզննման կայանները իրականացնեին տեխզննումը, բայց  դրանց կնիքները հաստատեն ապահովագրական ընկերությունները։ Վերջիններս շահագրգռված կլինեին, որ մեքենաներն իսկապես տեխզննումն անցած լինեին։ Այնպիսի մեքենաներ են տեխզննում անցնում, նույնիսկ զարմանում ես»։

Նոր օրենքով՝ նոր մեքենաները տեխզննում կանցնեն արտադրության 4-րդ տարում։ Մինչև 10 տարեկան մեքենաները կզննվեն երկու տարին մեկ, ավելի հները` տարին մեկ։ Տեխզննման նոր կարգը կվերաբերի նաև հասարակական տրանսպորտին․ եթե ավտոբուսը, երթուղայինը կամ տրանսպորտային մեկ այլ միջոց շահագործվում է 10 տարի, զննությունը կանցկացվի տարին մեկ, տարեկան երկու տեխզննման կենթարկվեն ավելի հին մեքենաները»,-տեղեկացրեց Սերգեյ Ղահրամանյանը։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունները միտված են նրան, որ այդ կայանները պատշաճ ստուգում իրականացնեն։ Խիստ պատասխանատվություն է ենթադրվում, եթե մեքենան սարքին չլինի, բայց լրացնեն, թե ենթակա է շահագործման»։

Կնվազեցնի՞ նոր օրենքի կիրառումը ավտովթարների թիվը՝ ժամանակը ցույց կտա։ Ժամանակը ցույց կտա նաև, թե ինչպես կգործեն տեխզննման կայանները, որոնք անփութության համար կենթարկվեն վարչական տույժի։ Սահմանված գումարը փոքր չէ․ եթե մեքենան ունեցել է լուրջ անսարքություն, բայց կայանը արձանագրել է լավ վիճակ, կտուգանվի մեկ միլիոն դրամ։ Եթե ​​մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնվի, տեխզննման կայանը 6 ամսով կզրկվի լիցենզիայից։ Երրորդ խախտման դեպքում կայանը կզրկվի գործունեության արտոնագրից:

Back to top button