ԿարևորՀասարակություն

Ռուսաստանը խստացնում է միգրացիոն քաղաքականությունը

Փետրվարի մեկից Ռուսաստանը բացել է Հայաստանի հետ օդային սահմանները։ Հայաստանի քաղաքացիները ՌԴ մեկնելիս պետք է պարտադիր ունեն «Ճամփորդում եմ առանց քովիդ 19» բջջային հավելվածը։ Արտագնա աշխատանքի մեկնողների համար , սակայն, առաջիկայում խստացումներ են սպասվում․ ՌԴ-ն խստացնում է միգրացիոն քաղաքականությունը։

Հիմնական խնդկիրն, ըստ հայ փորձագետների, միգրացիոն հաշվառման հետ է կապված։

Էրիկ Հախվերդյանը սահմանամերձ Տավուշից փետրվարի 3-ին Մոսկվա մեկնեց։ ՌԴ գնալու հնարավորության վերականգնմանը սպասում էր մոտ մեկ տարի։ Covid-ի սահմանափակումները հետաձգել էին աշխատանքային ծրագրերը, որոնց փոխարինելու նպատակով սահմանամերձ ծննդավայրում ճիշտ համավարակի օրերին հյուրատուն բացեց։

Այժմ պետք է  ՌԴ-ում աշխատել․ սահմանամերձ Բերդավանում հիմնած հյուրատան բարեկարգման համար գումար է պետք։ ՌԴ մեկնելուց հետո առաջին անհրաժեշտ քայլը միգրացիոն հաշվառման կանգնելն է։ Էրիկը տեղյակ է՝ ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները 30 օր ժամանակ ունեն հաշվառման հետ կապված խնդիրները լուծելու համար։

«Քանի որ ես մի քիչ ավելի զգուշավոր են, հենց երրորդ օրը թղթերս հանձնեցի, մեկ շաբաթ անց արդեն գրանցման հարցը լուծված էր»։

Ռուսաստանը շրջանառության մեջ է դրել միգրացիոն քաղաքականության խստացման նախագիծ՝ պայմանավորված տնտեսության վրա կորոնավիրուսի հետեւանքներով։

«Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպության աշխատանքային միգրացիայի ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեջանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում  ընդգծում է՝ այս պահին դեռ միգրացիոն խախտումները, օրինակ, միգրացիոն հաշվառման թերթիկի բացակայությունը, բնակության մշտական վայրում հաշվառված լինելու տեղեկանքի բացակայությունը կարող են ստուգել միայն միգրացիոն ոստիկանության աշխատակիցները։ Առաջարկվող փոփոխություններով նման գործառույթ կստանձնեն բոլոր ոստիկանները․

«Ոստիկանության հայեցողությամբ՝ նույնիսկ հնարավոր կլինի մուտքի արգելք դնել, եթե ինչ-որ խախտում գտնի։ Ցավոք՝  ոստիկաններին շատ մեծ հնարավորություններ են տրվում»։    

Միգրատներ մուտքը կարող է արգելվել, եթե չունենան միգրացիոն հաշվառում, որի գործընթացը եւս առաջարկվում է փոփոխել։ Սա միգրացիոն քաղաքականության մեջ հնարավոր «ամենածանր» փոփոխությունն է։ Դա ենթադրում է, որ օտարերկացին իր իրական բնակության հասցեում պետք է հաշվառման կանգնի միգրացիոն հարցերի գերատեսչության տարածքային կեն տրոնում։ Մինչև 2018 թվականը ՌԴ-ում միգրացիոն հաշվառման կանգնում էին երկու վայրում՝ ըստ բնակության և ըստ աշխատանքի վայրի։ Գործատուն կարող էր գրանցել աշխատողին։ Իսկ հնարավոր փոփոխություններով՝ ՌԴ-ում ապրող եւ աշխատող միգրանտները պետք է հաշվառման կանգնեն միայն ըստ բնակության փաստացի վայրի։

Հաշվառման համար անհրաժեշտ է  ունենալ լուսանկար, պատճենահանել անձնագիրը, մուտքը հաստատող կնիքի էջը, միգրացիոն  քարտը, վարձով բնակվելու դեպքում բնակարանի սեփականատիրոջ  անձնագրի պատճեն, պետք է լրացնել համապատասխան ծանուցագիրը։ Բնակության փաստացի վայրի  տվյալներով ու փաստաթղթերի բնօրինակներով, տանտիրոջ պարտադիր ներկայությամբ հարկ է գնալ բազմաֆունկցիոնալ կենտրոն կամ միգրացիոն հարցերի գերատեսչության տարածքային կենտրոն ու ծանուցել, որ տվյալ մարդը հաշվառված է այդ հասցեում․

«Շատ դեպքերում միգրանտները դժգոհում են, որ բնակարանի տերերը հաշվառման չեն համաձայնում վերցնել, քանի որ պետք է հարկեր մուծեն։ Այստեղ էլ վտանգ կա, որ միգրանտին շատ արագ կբացահայտեն, ու միգրանտը «կվաստակի» 3-5 տարի մուտքի արգելք։ Սա բավականին լուրջ խախտում է»։

Մինչ այժմ այս մանրամասներին կարող էին տիրապետել միայն միգրացիոն ոստիկանները, այժմ՝ բոլոր ոստիկանները, ինչը մեծացնում է մուտքի արգելք ստանալու հավանականությունը։

«Օրինակ՝ կարող է պարզվել, որ մարդը հաշվառված է մի քաղաքում, սակայն այդ պահին գտնվում է մեկ այլ քաղաքում։ Միգրանտի մոտ  պետք է ապացուցող կտրոն լինի (գնացքի կամ ավտոբուսի տոմս օրինակ), 7-օրյա ժամկետում, եթե բացակայում ես հաշվառման հասցեից, տանտերը կարող է հանել հաշվառումից, ու միգրանտը կարող է այդ մասին չիմանա էլ։ Սա հեշտությամբ կարող է պարզել ոչ միայն միգրացիոն ոստիկանը, այլ նաև ցանկացած ոստիկան ու կիրառել մուտքի արգելք»։

Չորս տարի ՌԴ-ում բնակվող Էրիկ Հախվերդյանին հարցնում եմ՝ հաճա՞խ են ոստիկանները ստուգում հաշվառման թերթիկը

«Կոնկրետ Մոսկվայում միայն մեկ անգամ են կանգնեցրել՝ մետրոյի մուտքի մոտ, երբ որ ուժեղ ստուգումներ էին»։

Հայաստանից աշխատանքային միգրանտները հիմնականում ընտրում են Ռուսաստանի  Դաշնությունը։ 2020 թվականն այս առումով բացառություն էր․ մարտի  16–ից, համավարակով պայմանավորված, փակվեցին սահմանները։ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, ներկայացնելով  մուտքի ու ելքի անցյալ տարվա թվային տվյալները, «Ռադիոլուրի» հետ զրույցում  նշում է՝ 2020–ին 10 506-ով ավելի շատ քաղաքացի է եկել Հայաստան, քան  այստեղից  մեկնել է․

«2018-ի համեմատ՝ այս ցուցանիշը նվազել է, երբ ունեցել ենք 15 318։  2020 թվականի ցուցանիշը տարբերվում է մյուս տարիներից։ Սա տեղի է  ունեցել քաղաքացիների մուտքի  ու օտարերկրացիների ելքի պայմաններում, մինչդեռ դրան նախորդած տարիներին ՀՀ քաղաքացիների մուտքի ու ելքի  տարբերությունը բացասական էր, սակայն, թվերը փոքրանում էին»։

Պատկերն ինչպե՞ս կփոխվի օդային սահմանները  բացելուց հետո․ Ղազարյանը  կանխատեսումներ անել չի ցանկանում։ Դրանք պետք է  արվեն գիտական հետազոտությունների ու փաստերի հիման վրա՝ ասում է։

Ցուցադրել ավելի
Back to top button