ԿարևորՀասարակություն

Հայկական համը՝ Եվրոպայում․ լավաշը գերմանական շուկա է հասել

140-150 գրամ հայկականություն. Առաքում՝ Գերմանիա, հասանելի՝ այդ երկրի ողջ տարածքում։ Գերմանիայում բնակվողների սեղանին է հայկական սեղանի մշտական բաղադրիչը՝ լավաշը։ Արտահանման և Գերմանիայի մաքսազերծման, որակիապահովման ծանր ու ժամանակատար ընթացակարգերը հաջողվել է հաղթահարել։ «Նոյի մրգեր, Ա+Դ ֆուդ» ընկերության տնօրեն Դավիթ Սուքիասյանն է իրականացնում եկամտաբերություն չապահովող, սակայն իր համար կարեւոր բիզնեսը։ Հայաստանից Գերմանիա հասնող լավաշի հատը 1,60-1,70 Եվրո է արժենում։ Փոխադրման արժեքի 50 տոկոս բարձրացումը 2 դոլարով թանկացրել է հայկական հացը։ Գերմանիա հասնում է ինքնաթիռով, երկրի ներսում առաքվում DHL-ով։

«Էս պահի դրությամբ գիտե՞ք ինչքան ենք ներկրում, մոտ 10.000 հատ լավաշ։ Ընդամենը 2 շաբաթվա մեջ»։

Դավիթին հայրենիքից հեռու լինելը չի խանգարում, որ հայկականը հասնի իրեն։ ինքն էլ օգնում է, որ մյուս գերմանահայերի համար եւս սա խնդիր չլինի։

«Մենք Հայաստանից ապրանք ենք ներմուծում, մեր ընկերությունը հիմնադրվել է հենց այդ նպատակով։ Գիտեք կարելի ա ասել կիսաբարեգործական, կիսաբիզնես ընկերություն է մերը»։

10 տարի առաջ Դավիք Սուքիասյանը տեղափոխվեց Գերմանիա։ Այսօր արդեն իր ընկերությունը այնտեղ է տեղափոխում 150 անուն հայկական ապրանք։ Ցանկի վերջին համալրումը լավաշն է, որը հատկապես հետաքրքրել է հայերին։

«2019 թվականի օգոստոսից սկսել ենք, դադարեցրել ենք 2020ի ապրիլին։ Եվ վերսկսել ենք էս տարի փոտրվարիվ։ Թարմ թխում են, հաջորդ օրը ինքնաթիռը բերում է Մոսկվա Ֆրանկֆուրտ, էստեղ եմնք դիմավորում ենք»։

«Իսկ խա՞շ, խորոված, ավելուկ չի՞ լինելու», գերմանական շուկա լավաշի վերադարձը ազդարարող ֆեյսբուքյան գրառման տակ հետաքրքրվում են գերմանաբնակ հայերը։ Հայաստանից դուրս հայկական ամեն ինչի կարիք կա։ Սակայն ընկերության թիրախն ի սկզբանե միայն հայերը չեն եղել․

«Մեր նպատակն ավելի շատ գերմանական շուկային հրամցնելն էր հայկական արտադրանքը։ Նպատակը չի եղել հայ համայնքը, հայ համայնքը ավտոմատ, էսպես թե էնպես դուրս է գալիս մեզ վրա, մեր ինֆորմացիան ստանում է։ Մենք գերմանական սուպերմարկետներին ենք մատակարարել։ Օրինակ՝ պոպոկի մուրաբան, ես մի հաճախորդ ունեմ, մենակ 30.000 բանկա ինքն էր առնում մեզնից»։

Գերմանիայում հայկականի ներկայությունը սահմանափակում է թուրքականի տարածումը՝ Դավիթի համար սա ավելի կարեւոր է, քան գուցե իր բիզնեսից մեծ եկամուտ ստանալը։ Ասում է՝ իր ծանոթ հայերի մեծ մասն այնտեղ չի օգտվում թուրքական արտադրանքից, անգամ եթե այն ավելի մատչելի է լինում։ Իսկ պատերազմից հետո այս մոտեցումն ավելի կտրուկ է։

«Մեր ծավալները գիտե՞ք ինչքան են աճել պատերազմից հետո՝ երևի 50 տոկոսից ավելի։ Ես ցավով եմ սա ասում, որ դա առիթ հանդիսացավ, բայց դա իրականություն է, որից մենք չենք կարող փախչել։ Նույնիսկ կհավատա՞ք ձավարը, որ թուրքական խանութներում անհամեմատ էժան է, մարդիկ չեն գնում»։

Այն, որ հայերն են հետաքրքրվում հայկական արտադրանքով, օրինաչափ է։ Բայց այլ ազգի ներկայացուցիչներին եւս պակաս չի հետաքրքրում Հայաստանից երկար ճանապարհ անցած, իրենց երկիր հասած արտադրանքը։ Առաջարկում եմ Դավիթ Սուքիասյանին հենց հեռախոսազրույցի ընթացքում կազմել համեմատական վիճակագրություն՝ հայերից բացի այլ ազգերը որքանով են սպառում իրենց ներկրածը։ Հայաստանում տուրիզմի զարգացմանը զուգահեռ Գերմանիայում զարգանում է հայկական ապրանքների նկատմամբ հետաքրքրությունը․ զրուցակցիս դիտարկումնէ․2019-ին գերմանացի զբոսաշրջիկների հոսքը Հայաստան զգալիորեն աճել է։ Հայաստանը տեսած ու իրենց երկիր վերադարձած գերմանացիները սկսել են հայկական ապրանք փնտրել իրենց երկրում ու գտել են նաեւ իրենց ներմուծածը։

«Առաջ եթե 80 տոկոսը սպառում էին հայերը, 20 տոկոսը՝ գերմանացիները, այս ցուցանիշը որոշակիորեն փոխվել է։ Հիմա 30 տոկոսի սպառողը գերմանացիներ են, 70 տոկոսինը՝ հայերը։ Որովհետև իրենք հետ էին գալիս ու սկսում էին փնտրել հայկական ապրանքներ»։

Այնուամենայնիվ, աշխարհի հայերին հայկականը մատակարարելը եկամտաբեր չէ։ Ծախսատարությունը հաշվի առնելով՝ սա առավել նման է բարեգործության, քան բիզնեսի։ Բայց եկամտի պակասը լրացվում է այն կարեւոր նպատակադրմամբ, որ իր բնակության երկրում իր հայրենիքի ներկայությունն է գոնե որոշակիորոն ապահովում։ Դավիթը նկատել է՝ Գերմանիայում հայերը սմբուկի հայկական խավիար, խորոված, ավելուկ, շուշանի մարինադ ու հատապտղային մուրաբաներ են ուզում։ Սրանք ամենամեծ պահանջարկն ունեն։ Լավաշն էլ այստեղ իր հատուկ ասելիքն ունի ոչ միայն որպես մթերք։

Ցուցադրել ավելի
Back to top button