ԿարևորՔաղաքական

Արցախյան կարգավորման ո՞ր բաղադրիչը ՌԴ-ն կզիջի ԵԱՀԿ ՄԽ-ին

Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանն աշխատանքային այցով Մոսկվայում է։ Նախարարի նախորդ հանդիպումը ռուս գործընկերոջ հետ տեղի էր ունեցել 2 ամիս առաջ՝ դեկտեմբերին։ Ռուսաստանի համար օրակարգային է Արցախյան երկրորդ պատերազմից հետո ստորագրված երկու հայտարարությունների կատարման ընթացքը, մինչդեռ հայկական կողմն այլ առաջնահերթություն ունի։ Հայ-ռուսական հանդիպմանը նախորդել է երեկ կայացած հեռավար հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ, որը, ըստ էության, առաջինն էր Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից հետո։

Պաշտոնական Մոսկվան այսօր ակտիվորեն զբաղվել է Ղարաբաղյան խնդրով․ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ հեռախոսով է խոսել, իսկ Այվազյանի հետ՝ Մոսկվայում դեմ առ դեմ հանդիպել։ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումն ընթացել է դռնփակ։ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը փոխանցմամբ՝ օրակարգում նաև հայ ռազմագերիների և Ադրբեջանի կողմից պահվող քաղաքացիական անձանց ապահով հայրենադարձման հարցն է:

Մոսկովյան հանդիպումը հնարավորություններից մեկն է ռազմագերիների հարցում հաջողության հասնելու համար՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշում է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը՝ նորմալ համարելով, որ գերիների հայրենադարձման հարցը լուծելու համար Հայաստանը փորձում է օգտագործել եռակողմ հայտարարության տակ իր ստորագրությունը դրած երրորդ կողմի հնարավորությունները։   

«Ընդհանուր առմամբ՝ բարդ է ակնկալել  որևէ եզրահանգում ։ Կարելի է ավելի շատ խոսել այն մասին, որ անհրաժեշտ է օգտագործել բոլոր միջոցները, որոնք կարող են բերել նոյեմբերյան հայտարարության մեջ նշված դրույթի արդյունավետ ավարտին։  Ռուսաստանի հետ բանակցությունները միջոցներից մեկն են, որն անհրաժեշտ է կիրառել, որովհետև  մյուս կողմը՝ Ադրբեջանը, որոշումների կայացման և գործողությունների իրականացման հարցում ընդունում է  երրորդ կողմին, տվյալ դեպքում՝ Ռուսաստանին»,- ասում է Մարկարովը։

Մոսկովյան հանդիպման օրակարգային ավելի լայն շրջանակում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և դրան հաջորդած հունվարի 11-ի հայտարարության կետերի իրականացմանն առնչվող հարցերն են: Արցախի կարգավիճակի մասին Մոսկվայի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ ոչինչ չի նշվում։ Մոսկվան այդ հարցը, կարծես, թողնում է միջազգային ձևաչափի քննարկմանը։

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը հաջորդել է երեկ կայացած ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների հետ հեռավար հանդիպմանը։ Միջազգային ձևաչափը պատերազմից հետո առաջին անգամ հավաքվեց և քննարկեց հարցը, բայց առանց Հայաստանի և Ադրբեջանի միաժամանակյա մասնակցության։ Միջնորդները առանձին տեսակապերով են միացել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին։

Թե միջնորդների հետ հանդիպմանը ինչ հարց է կարևորել ադրբեջանական կողմը, հայտնի չէ։  

Այնտեղ հակամարտությունը լիովին լուծված են համարում։ Մինչդեռ Հայաստանում առանձնացրել են երկու հարց՝ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անհապաղ վերադարձի հրամայականը՝ շեշտելով այդ հարցում Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճի անընդունելիությունը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին ուղղված Հայաստանի երկրորդ թեզը նոր շեշտադրում ունի։

«Ուժի կիրառման հետևանքները չեն կարող դիտարկվել որպես հակամարտության հանգուցալուծում»,-ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը։ Ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը։

 «Պետք է ընդունենք հետևյալը՝ այն միջանկյալ լուծումը, որն ունենք նոյեմբերյան փաստաթղթում,  ամրագրում է այդ պահին տեղի ունեցած իրադարձությունները։ Հիմա հարցը այն է, որ հանգուցալուծումը պետք է իր մեջ պարունակի հստակ կարգավիճակ Արցախի համար։ Ես շեշտադրում եմ Արցախում, այլ ոչ թե ինչ–որ մի տարածքում, որը կազմելու է Ադրբեջանի մասը։ Մենք ունենք Ադրբեջանի դիրքորոշումը, որը դիտարկում է Արցախը՝ որպես սեփական պետության մաս, և ունենք Արցախը կամ այն, ինչ մնացել է Արցախի Հանրապետությունից, որտեղ առկա է լեգիտիմ, օրինական ընտրված իշխանություն։ Ըստ էության՝ այս իշխանությունը և բնակչությունը, որը բնակվում է այս մնացած մոտ 3 հազար քառակուսի կիլոմետրի վրա, իրեն չի տեսնում որպես Ադրբեջանի մաս։ Պոտենցիալ հանգուցալուծումը բանակցությունների շարունակումն են, կարգավիճակի հստակեցումը և դրա միջազգային երաշխիքները», -նշում է Մարկարովը։

Թեև պաշտոնական Մոսկվան հետպատերազմյան շրջանում պարբերաբար հայտարարում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է շարունակի իր առաքելությունը, բայց ռուսական վերլուծական շրջանակները վերապահումով են մոտենում այդ միջնորդությանը։  

«Ասեք խնդրեմ՝ իսկ ի՞նչ էին անում Ֆրանսիան, Ամերիկան և ընդհանրապես Մինսկի խումբը անցած գրեթե 30 տարիներին։ Քառորդ դար ինչո՞վ էին նրանք զբաղված․ խոսում էին և ոչինչ չէին անում։ Հետևաբար, եթե նրանք շարունակեն խոսել հետագայում էլ, ոչինչ չի փոխվի։ Դա կարող է անվերջ շարունակվել։ Ի՞նչ կոնկրետ օգնություն է ստացել Ղարաբաղը Ֆրանսիայից և Ամերիկայից․ ոչ մի։ Դե ուրեմն՝ ոչ մի արդյունք էլ չի լինի»,-նշում է ՌԴ Մերձավոր Արեւելքի ինստիտուտի նախագահ, քաղաքագետ Եվգենի Սատանովսկին։

Արդյո՞ք ժողովրդավարությունը  պարտվեց պատերազմին՝ հարցը ռուս քաղաքագետն այլ  տեսանկյունից է դիտարկում․ «Իսկ ես չգիտեմ, ինչ են ժողովրդավարական արժեքները, ես դրանց երբեք չեմ հանդիպել։ Ժողովրդավարական արժեքների մասին խոսակցությունը ուղղակի «զավզակություն» է։ Ցանկացած հակամարտություն լուծվում է միայն ռազմական ճանապարհով կամ էլ  վերցնում, վերահսկողություն եք հաստատում այս կամ այն տարածքի ու բնակչության հանդեպ, դրանից հետո պայմանավորվում եք»։

Պաշտոնական Մոսկվան այս փուլում հայտարարում է, որ Արցախի կարգավիճակից խոսելը վաղ է, և շեշտում է, որ նախ՝ պետք է կայունացնել իրավիճակը տարածաշրջանում ու զբաղվել ճանապարհների ապաշրջափակման հարցերով։

Back to top button