ԿարևորՀասարակություն

251 հարց ընդդիմությունից կառավարությանը՝ Covid-ի հետևանքների մասին

Քովիդի խորհրդարանական քննիչ հանձնաժողովն այսօր երկրորդ նիստն է անցկացրել։ Նիստում հաստատվել է հարցաշարը, որը ուղղելու են կառավարությանը։ Պատգամավորները հստակեցրել են նաև, թե իրավասու որ պաշտոնյային երբ և ինչու են հրավիրելու հանձնաժողով։

Այս հանձնաժողովը  ուսումնասիրում է կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունը։

Քովիդի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նախագահը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն է։ ԼՀԿ-ի նախաձեռնությամբ  խորհրդարանում երկու քննիչ հանձնաժողով է ստեղծվել, բայց առաջինը, որի ստեղծման առիթը Երևանի քաղաքապետարանի գնած ԿԱՄԱԶ-ների հայտնի պատմությունն էր դեռ մեկ տարի առաջ, այդպես էլ չձևավորվեց ու չի գործում, քանի որ իշխանությունը չհաստատեց հանձնաժողովի անդամների քանակը։

ԼՀԿ–ի նախաձեռնությամբ ստեղծված Քովիդի հանձնաժողովը երկու նիստ արդեն անցկացրել է, բայց հանձնաժողովի իմքայլական անդամները, կարծես, առայժմ վերապահումով են վերաբերվում դրա  գործունեությանը։ Նրանք, մասնավորապես, չեմ մասնակցել 251 հարցից բաղկացած հարցաշարի մշակմանը, որը հանձնաժողովն ուղղելու է կառավարությանը։ Այդ հարցերի միջոցով ընդդիմադիր պատգամավորներն ուզում են պարզել համավարակի ընթացքում կատարված քայլերի, ընդունած որոշումների արդյունավետությունը՝ լոքդաունից մինչեւ տնտեսական հետեւանքներ ու ծախսված ֆինանսական միջոցներ։ Արկադի Խաչատրյանի տեղեկացմամբ՝ «հարցեր են ուղղվել Ոստիկանությանը, Արդարադատության նախարարությանը, որոնք վերաբերում են  սահմանափակումներին, դրանց ընթացքում արձանագրված խախտումներին, մարդու իրավունքներին և ազատություններին։ Կան նաև ԶԼՄ-ներին, հավաքների անցկացմանը վերաբերող հարցեր»։

Պետական վերահսկողության ծառայությունը, Հաշվեքննիչ պալատը, Կենտրոնական բանկը, Պաշտպանն ու Գլխավոր դատախազությունը ևս պետք է պատասխանեն հարցերի։ Հանձնաժողովի նախագահն ասում է, որ մշակած հարցաշարն ու պատասխանները կարող են սպառիչ չլինել, ու գուցե չփարատեն մտահոգությունների  ամբողջ շրջանակը։ Այս դեպքում հանձնաժողովը, առանց կաշկանդվածության, նոր հարցեր կուղղի պատասխանատուներին։ 

Պատասխաններն ստանալուց, ուսումնասիրել-քննարկելուց հետո հանձնաժողովը կփորձի եզրահանգումներ անել։ Հանձնաժողովի նախագահը հուսով է, որ մինչեւ հանձնաժողովի գործունեության ժամկետի ավարտը կհասցնեն արդյունքներ արձանագրել։ Համաձայն ԱԺ կանոնակարգ-օրենքի՝ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը 6 ամիս է և կարող է երկարացվել մեկ անգամ՝ դարձյալ 6 ամսով։       

Իմքայլական պատգամավորները հարցաշարի կազմմանը չեն մասնակցել, հարցեր չեն առաջադրել՝ դա թողնելով ԼՀԿ-ի եւ ԲՀԿ-ի պատգամավորներին։ Պատրաստի հարցաշարի վերաբերյալ, սակայն, դիտարկումներ ու գնահատականներ ունեին։ Հերիքնազ Տիգրանյանն, օրինակ, ասաց, որ ինքը այլ ակնկալիքներ ուներ, բայց նախընտրեց սեփական ակնկալիքների մասին չխոսել։

Փոխարենը՝ կարծիք հայտնեց, որ կառավարությանը պետք չէ ծանրաբեռնել այնպիսի հարցերով, որոնց պատասխանները կան բաց աղբյուրներում, մամուլում։ Ասաց. «Այս հարցաշարում կան ավելի շատ գնահատողական հարցեր, որոշ դեպքերում՝ նաեւ պնդումներ։ Եվ ձեւակերպված հարցը որեւէ միտում չունի կոնկրետ տեղեկատվություն ստանալու։ Ես կարծում եմ, որ 251 հարց կարող էր չլինել։ Կարող էր լինել 51 հարց. շատ ավելի հավաքական, շատ ավելի ամփոփ եւ շատ ավելի կոնկրետ, որպեսզի նաեւ կառավարությունը շատ ժամանակ չծախսեր պատասխանելու, դուք էլ՝ շատ ժամանակ չծախսեիք պատասխանները վերլուծելու համար»։   

Կառավարող ուժի մեկ այլ ներկայացուցիչ՝ Գևորգ Պապոյանը, բացատրեց, թե ինչու իրենք հարցեր չեն ներկայացրել։ Ասաց, որ համավարակը դեռ չի ավարտվել, և առայժմ անհնար է գնահատել դրա արդյունավետությունը, եթե պրոցեսը շարունակական է։ «Ենթադրենք՝ մենք վերջում կարող ենք ասել, որ ամեն ինչ ճիշտ է արված կամ ամեն ինչ՝ սխալ, բայց դրանից 6 ամիս անց պարզվի լրիվ հակառակը, որովհետեւ իրավիճակը զարգացման փուլում է։ Հետո ի՞նչ ենք անելու»։ 

Ծովինար Վարդանյանն էլ, դարձյալ «Իմ քայլից», տարակուսած էր, որ կառավարության հարցաշարում ընդգրկված են հարցեր, որոնց պատասխանները հանրայնորեն արդեն հնչել են։ «Ի՞նչ ենք ակնկալում, երբ հարցերը, որոնք հանրային հնչել են եւ ստացել պատասխաններ, գրի եք առել։ Պատասխանները ձայնագրված են, ու հանրությունը տեսել է դա։ Ինչու՞ ենք նորից այդ հարցերը տալիս։ Մենք փաստեր պիտի ուզենք, ոչ թե… այստեղ կան նաև գնահատողական և լիրիկական զեղումներով հարցեր»։

Ընդդիմադիրները, սակայն, պնդում են, որ համավարակի ավարտին սպասել պետք չէ։ Գնահատականները ընթացքում կլինեն, իսկ գրավոր հարցումներին այլընտրանք չկա, քանի որ անգամ հարցաշարում ընդգրկված 251 հարցով հարցադրումները չեն սպառվում։ Անի Սամսոնյանի կարծիքով՝ սխալ է սպասել համավարակի ավարտին։ ԼՀԿ-ական պատգամավորն ասաց, թե իրենք ունեն թարմ տեղեկատվություն, որը պետք է շտապ վերլուծել  դրա արդյունքում ստանալ փաստաթուղթ»։

«Կարող են լինել տհաճ հարցեր, բայց սա քննիչ հանձնաժողով է։ Կան պնդումներ, որոնց վերաբերյալ կառավարության դիրքորոշումը պետք է հասկանալի լինի», իշխանական գործընկերներին հակադարձեց ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը։

Քննիչ հանձնաժողովը կառավարությանն ուղղած հարցաշարին սպասելու 14–օրյա ժամկետ ունի։ Կստանան պատասխանները, հետո հանձնաժողով կհրավիրեն պատասխանատու պաշտոնյաներին․ այս հարցում իշխող ուժն ու ընդդիմադիրները համակարծիք են։

Back to top button