ԿարևորՎերլուծական

Ի՞նչ են հիշում Սերժ Սարգսյանը, Դմիտրի Մեդվեդևը, և ի՞նչ է հուշում Կազանի փաստաթուղթը

Հայաստանի երրորդ նախագահը երկար լռությունից հետո խոսել է․ խոսել է այնքան երկար, որ նրա հարցազրույցի երկրորդ հատվածը  «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությունը հեռարձակելու է այսօր։ Պաշտոնաթող նախագահը երեկ պատասխանել է առավելապես 2018–ի հեղափոխության և արցախյան բանակցային գործընթացին առնչվող հարցերին։ Հարցազրույցին այսօր արձագանքել են քաղաքական գործիչները՝ արձանագրելով, որ որոշ դեպքերում եղած հարցերին ավելացել են նորերը։

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը համաձայն չէ այն տեսակետին, որ Արցախյան երկրորդ պատերազմը առկախված, կանգնեցված և կասեցված Ապրիլյան ավելի փոքր պատերազմի շարունակությունն էր։ Զարմանում է՝ որտեղից են լուրերը, թե հայկական կողմը բանավոր համաձայնել էր 7 շրջանները զիջել Ադրբեջանին՝ Ապրիլյան պատերազմը կանգնեցնելու գնով։

«Իսկ այդ տվյալները դուք որտեղի՞ց եք ստացել։ Իրականության մեջ այդպիսի բան չի եղել։ Ապրիլյան պատերազմը կանգնեցվել է Ռուսաստանի միջնորդությամբ, ում դիմել է Ադրբեջանը»,-նշել է Սարգսյանը հարցազրույցում։

Այդ միջնորդական առաքելությունը շատ լավ է հիշում Ռուսաստանի նախկին նախագահ և նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։

Դեռ փետրվարի 1–ին ռուսական լրատվամիջոցներին նա պատմել էր․ «Ես շատ լավ հիշում եմ,  թե ինչպես 2016–ին մեկնել էի հաշտեցնելու Հայաստանին ու Ադրբեջանին։ Այն ժամանակ հակամարտությունը կրկին սրվել էր։ Վերջինի նման երկարատև չէր։ Այն ժամանակ պատրաստվեց քարտեզ, բայց ցավոք, կողմերը դրանից չօգտվեցին։ Ամեն ինչը բերեց նոր կոնֆլիկտի՝ ավելի երկար և ավելի մեծ կորուստներով»։

Քաղաքական դաշտում մեկնաբանությունները հակասական են նաև բուն բանակցային գործընթացի առնչությամբ։ Նախկին նախագահը պնդում է, որ Հայաստանը բանակցում էր ուժեղ դիրքերից, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հակադարձում է՝ այդ դեպքում ինչու իրենց թիմն ու ղեկավարը նախընտրեցին բանակցել սեփական կետից՝ զրոյից․

Սերժ Սարգսյան ․ «Մենք երբեք չենք բանակցել այն մասին, թե մենք ինչ ենք տալու։ Մենք մշտապես բանակցել ենք այն մասին, թե մենք ինչ ենք ստանալու։ Մեր «կամիր գիծը» այն էր, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չլիներ Ադրբեջանի կազմում, և մենք այդ գիծը պաշտպանել ենք մինչև 2018 թվականի  ապրիլի 23–ը»։

Հրաչյա Հակոբյան ․ «Ներողություն, այն բանակցային գործընթացը, որ 7 շրջանները պետք է վերադարձվի Ադրբեջանի՞ն, ա՞յդ բանակցային գործընթացը կանգնեցրեց և նոր բանակցային գործընթաց սկսեց։ Իհարկե, վատ ժառանգություն է ստացել։ Եթե այդ բանակցությունները այդ ճանապարհով էին գնում, այդ դեպքում ինչո՞ւ ժողովրդին չէին պատրաստում դրան։ Ինչո՞ւ, օրինակ, գնում բանակցում էին, որ պետք է այդ 7 շրջանները վերադարձվեն և գալիս, այստեղ ասում էին՝ ոչ մի թիզ հող թշնամուն։ Եթե այդպիսի գործընթաց էր տեղի ունենում, պետք էր նաև համահունչ տրամադրություն ստեղծել հանրության մոտ»։

Երրորդ նախագահի խոսքում այլ «կարմիր գիծ» է նկատել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Բոլոր հնարավոր լուծումներով ենթադրվում էր 5+2 շրջանների փոխանցում Ադրբեջանին»,-ֆեյսբուքում գրել է Մարուքյանը և թվարկել․ Կովսական, Սանասար, նոր կառուցվող քաղաք Արաքսավան, Մեխակավան, մի քանի հարյուր միլիոն դոլարի վարկային պորտֆելներ Քաշաթաղի և Քարվաճառի շրջաններում գործարարություն իրականացնելու համար՝ հիմնականում ՀԷԿ-եր։

«Ստացվում է, որ մեր քաղաքացու հարկերը և Սփյուռքից եկող գումարները ծախսվում էին մի տարածքի վրա, որը նախատեսվում էր փոխանցել Ադրբեջանին։ Արդյո՞ք իմաստ կար պետության երաշխիքով բանկերից ահռելի վարկեր վերցնել, եթե դրանք, միևնույն է, պետք է փոխանցվեին Ադրբեջանին»,-գրել է պատգամավորը։

Երրորդ նախագահը երեկ բացատրեց, թե ինչու նախագահի լիազորությունների ավարտից հետո համաձայնեց ստանձնել նաև Հայաստանի վարչապետի պաշտոնը։ Բացատրեց, որ Կազանյան փաստաթուղթը իրականացնելու համար էր մնում: Փաստաթուղթը 2011 թվականին ընդունվել էր Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների կողմից Կազանում  կայացած եռակողմ հանդիպման արդյունքում: Այն ենթադրում էր քայլերի հաջորդականություն։

Մեջբերում փաստաթղթից․

  1. Հայկական ուժերը դուրս են գալիս Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի և Ղուբաթլուի շրջաններից (ավելի քան 4 հազ. քառ. կմ):
  2. Լեռնային Ղարաբաղը նախկին ԼՂԻՄ սահմաններում, ինչպես նաև Քարվաճառն ու Լաչինը ստանում են ժամանակավոր անցումային միջանկյալ կարգավիճակ: Լեռնային Ղարաբաղի իշխանությունները միջանկյալ ժամկետի ընթացքում՝ մինչև իրավական վերջնական կարգավիճակի հստակեցումը, կիրականացնեն օրենսդիր և գործադիր իշխանություն, կստանան արտասահմանյան երկրների և միջազգային կազմակերպությունների ֆինանսական օժանդակություն:
  3. Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի և Ղուբաթլուի շրջաններ են վերադառնում ներքին տեղահանված անձինք: Ստեղծված նոր ստատուս քվոյի պայմաններում Ղարաբաղ-Ադրբեջան սահմաններում տեղակայվում են խաղաղապահ ուժեր: Քարվաճառի և Լաչինի ոչ միջանցքային մասի վերադարձը տեղի է ունենում այն բանից հետո, երբ անցկացվում է քվեարկություն՝ որոշելու Լեռնային Ղարաբաղի իրավական վերջնական կարգավիճակը:
  4. Լեռնային Ղարաբաղում անցկացվում է վերջնական իրավական կարգավիճակը որոշելու շուրջ քվեարկություն:

Հայտնի է, որ Կազանի փաստաթուղթը մերժել է Ադրբեջանը՝  ներկայացնելով շուրջ մեկ տասնյակ փոփոխություններ:

Back to top button