ԿարևորՀասարակություն

Պատերազմի մասնակիցների հարցերին պատասխանող ուղեցույց է մշակվել

Եթե զոհված զինծառայողի ընտանիքի անդամներն ունեն իրավական բնույթի խնդիրներ, ապա կարող են ստանալ անվճար իրավաբանական օգնություն, որը տրամադրում է Փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակը։

Սա հարցերից մեկն է, որի պատասխանը տեղ է գտել կառույցի մշակած ուղեցույցում։

Ո՞վ իրավունք ունի ստանալ հատուցում զինծառայողների ապահովագրության հիմնադրամից, ինչպե՞ս է որոշվում զինծառայողների հաշմանդամության կարգը, որտեղի՞ց գերեվարված զինծառայողների ընտանիքի անդամները կարող են ստանալ տեղեկատվություն կամ ստուգման ներկայացնել իրենց տեղեկությունները, կարո՞ղ են առողջական խնդիրներ, վնասվածք ստացած քաղաքացիները ստանալ անվճար բժշկական օգնություն։

Սրանք առաջարկված տասնյակ հարցերից մի քանիսն են, բոլորի պատասխանները կարելի է գտնել Փաստաբանների պալատի մշակած ուղեցույցում։ Դրանում ամփոփվել են ռազմական գործողությունների հետևանքով տուժած անձանց հետաքրքրող հնարավոր բոլոր խնդիրները։

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն է մանրամասնում․

«Հետպատերազմյան ժամանակահատվածում, առընչվելով մեր հայրենակիցների խնդիրներին, հասկացանք, որ ռազմական գործողությունների հետևանքով տուժած անձանց որոշ խնդիրներ չեն լուծվում, լուծվում են դանդաղ, կամ լուծման ճանապարհները շատ բազմիմաստ են ու պետք է դրանք համախմբել։ Այս նպատակով մենք համախմբեցինք ու կազմեցինք ուղեցույց»։

Ուղեցույցը ներառում է 9 հիմնական խումբ, որոնց առնչվող հարցերն այս շրջանում հատկապես ակտուալ են․  զոհված զինծառայող ունեցող ընտանիքներից մինչև տեղահանվածներ, գերեվարված զինծառայողներից մինչև Սյունիքի մարզում հրետակոծության արդյունքում գույքային վնաս կրած անձինք։

Ուղեցույցը շուտով հասանելի կլինի՝ կտրամադրվի պաշտպանության նախարարությանը, ՄԻՊ գրասենյակին, այլ մարմինների, որտեղ քաղաքացիները սովորաբար դիմում են։ Այն հասանելի կլինի նաև էլեկտրոնային տարբերակով՝ Փաստաբանների պալատի կայքում:

Միևնույն ժամանակ կառույցում արձանագրում են՝ ռազմական գործողությունների հետևանքով առաջացել են լուրջ ու համակարգային խնդիրներ, որոնք հրատապ լուծումների կարիք ունեն։

«Անհայտ բացակայող ճանաչելու դատական գործընթացի բարդությունները։ Նախկինում՝ մինչև պատերազմը, քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչելու համար օրենսդրորեն առնվազն մեկ տարի նրա գտնվելու վայրի մասին պետք է տեղեկություն չուենայիր։ Քաղաքացիական օրենսգիրքը փոփոխությունների ենթարվեց ու սահմանվեց 3 ամիս»։

Զոհրաբյանն առաջարկում է պետական տուրք վճարելու պարտավորությունից ազատել այն քաղաքացիներին, որոնք ներկայացնում են անհայտ բացակայող ճանաչելու դիմում։

Խնդիր է նաև հաշմանդամության կարգը որոշելու դանդաղ ընթացակարգը, աշխատունակությունը կորցրած, բայց հաշմանդամության կարգ չստացած քաղաքացիներին առնչվող ծրագրերի բացակայությունը։

Որպես առաջնային խնդիր՝ Զոհրաբյանը նշում է նաև միասնական հարթակի բացակայությունը։

Back to top button